ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի ժամանակ անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը՝ ասաց Լատվիայի Հանրապետություն նախագահ Վալդիս Զատլերսը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը երեկ ուղիղ եթերում հեռարձակվում էր Լատվիայի հանրային հեռուստաընկերությամբ, եւ պաշտոնական ընդունելության ցուցադրումից անմիջապես հետո ներկայացվեց նաեւ մոտ երեսուն րոպեանոց ֆիլմ Հայաստանի եւ հայերի մասին: Այդ ֆիլմում ներկայացված էին եւ Սեւանը, եւ Գառնին ու Գեղարդը, եւ թթու լավաշը: Ռիգայի ամրոցում ՀՀ նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը եւ տիկինը՝ Լիլիտա Զատլերեն:
Լատվիայի բնակչության ճնշող մեծամասնությունը լատիշներ են, 27 տոկոսը՝ ռուսներ եւ 3 տոկոսը՝ այլազգիներ: Սա խորհրդարանական կառավարման երկիր է, ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով են ընթանում, Սեյմում 100 պատգամավոր կա, որոնք էլ չորս տարի ժամկետով ընտրում են երկրի նախագահ: Լատվիան ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ է, ավելի քիչ բնակիչ ունի, քան Հայաստանը, մայրաքաղաքում ապրում է բնակչության մեկ երրորդը՝ մոտ ութ հարյուր հազար մարդ, երկրի բնակչությունը երկու միլիոնից մի քիչ է ավելի, բնակչության 65 տոկոսը քաղաքաբնակներ են: Այստեղ բենզինի մեկ լիտրն արժե մոտ երկու եվրո, միջին աշխատավարձը՝ մոտ 700 եվրոյին համարժեք:
Ընդհանուր առմամբ, հենց առաջին պահից Լատվիան զարմացրեց իր ռուսախոսությամբ, ի տարբերություն մեր անմիջական հարեւանների, որոնք դեռեւս ոչ ԵՄ եւ ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ են, արդեն խուսափում են ռուսերեն լեզվով հաղորդակցվել եւ այդ լեզվով հնչած հարցերին չեն պատասխանում, լատիշները առանց ավելորդ ծեքծեքումների խոսում էին ռուսերեն եւ հաղորդակցվում էին առանց լեզվական խտրականության: Երկու երկրների նախագահների առանձնազրույցը եւս ընթացավ ռուսերեն լեզվով: Հայկական պատվիրակության կազմում էին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հանդիպումներից եւ մի շարք պայմանագրերի ստորագրումից հետո տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս՝ հայերեն-անգլերեն, լատիշերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ: Նախագահները հանդիպման ավարտին ընդունեցին համատեղ հայտարարություն, որում համագործակցության շրջանակները ընդլայնելու իրենց պատրաստակամությունը հայտնեցին: Լատվիայի նախագահն ասաց, որ թեպետ հայ-լատվիական «առեւտրի ծավալները մեծ չեն, բայց դրանք չեն նվազում, այլ աճում են, եւ այս այցելությունը նոր խթան կդառնա մեր երկրների տնտեսական հարաբերություններում»: Ի դեպ, ՀՀ նախագահի այցի օրերին ընթանում էր նաեւ հայ-լատվիական համատեղ գործարար համաժողով:
Լատվիայի նախագահը համատեղ ասուլիսում հայտարարեց. «Լատվիան սատարում եւ օժանդակում է հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը եւ ընդունում է միայն խաղաղ լուծումը՝ բանակցությունների եւ դիվանագիտական միջոցներով: Ըստ էության, սա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն է, որն իր մեջ ներառում է կանոնավոր հանդիպումներ պետությունների ղեկավարների միջեւ, որպեսզի այդ գործընթացը քայլ առ քայլ գնա դեպի կոնֆլիկտի լուծում: Ցանկացած այլ գործողություն, որը կարող է միտված լինել իրավիճակի էսկալացիայի, ընդունելի չէ մեզ համար եւ մեզ մոտ առաջացնում է անհանգստություն: Կուզեի շեշտել, որ այդ խնդրի լուծումը (նկատի ունի ղարաբաղյան հակամարտությունը- Մ. Ե.) ընդունելի է միայն Մինսկի խմբի շրջանակներում»:
Նախագահները քննարկել են նաեւ արեւելյան գործընկերության հետագա համագործակցության խնդիրները եւ նաեւ՝ գերակա ուղղությունները: Լատվիայի նախագահը նկատեց, որ արեւելյան գործընկերության շրջանակներում յուրաքանչյուր երկիր պետք է սահմանի իր գերակայությունները. «Լատվիան պատրաստ է օժանդակություն տրամադրել իր փորձով: Մենք ունենք շատ որակյալ փորձագետներ, որոնք խոսում են ռուսերեն, եւ նրանք ավելի լավ են հասկանում ձեր իրավիճակը, որովհետեւ Լատվիան ինքը անցել է այդօրինակ բարեփոխումների ուղին, եւ մեր կուտակած փորձը կարող է շատ պիտանի լինել: Բայց գերակայությունները Հայաստանը ինքը պետք է սահմանի»: ՀՀ նախագահի ներկայացմամբ, մենք արդեն սահմանել ենք գերակայությունները, եւ «արեւելյան գործընկերության շրջանակներում մեր երկրի ընտրած գերակայություններն իրականացնելու պարագայում Հայաստանի քաղաքացիները կզգան տնտեսական աշխուժություն եւ որպես հետեւանք՝ սոցիալական պայմանների բարելավում: Սա՝ մեկ, եւ երկրորդ՝ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի դյուրին շփվել եվրոպացիների հետ: Մենք ունենք երկու կարեւոր գերակայություն՝ ազատ եւ համապարփակ առեւտրի մասին պայմանագրի կնքում եւ վիզաների ռեժիմի դյուրինացում: Կարծում եմ՝ ունենք բոլոր հիմքերը՝ պնդելու, որ մենք շարժվում ենք մեր ծրագրերին համահունչ»: