Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Մարտ 10,2011 00:00

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի

Սկիզբը՝
– Այսօր Հայաստանում բավական ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է ձեւավորվել, տիրում է մռայլ բարոյահոգեբանական մթնոլորտ, իշխանությունների հանդեպ վստահությունը ցածր է եւ նվազելու միտում ունի, իսկ ընդդիմությունը պայմանականորեն բաժանված է երկու մասի` «ճշմարիտ» ընդդիմություն, նկատի ունեմ ՀԱԿ-ը, եւ բոլոր մնացյալ քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք որակվում են ՀԱԿ-ի կողմից որպես «կեղծ» ընդդիմություն: Արդյոք օրինաչա՞փ է, որ Հայաստանն իր 20-ամյա անկախ գոյությունից հետո հայտնվել է այս իրավիճակում:
– Այս իրավիճակը մեկ օրում չի ձեւավորվել, այն արդյունք է պետականության կառուցման գործում թույլ տրված սկզբունքային սխալների: Չեմ ուզում թվարկել այդ սխալները, ասեմ միայն, որ մեր քաղաքական առօրյայում արմատավորվել են սուտը, կեղծիքը եւ անձնական շահի գերակայությունը՝ պետական շահի նկատմամբ: 2008թ. նախագահական ընտրությունները Հայաստանում է՛լ ավելի խորացրեցին վստահության ճգնաժամը ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության հիմնական ներուժը իրենց շուրջը համախմբած Լ. Տեր-Պետրոսյանի եւ իր համախոհների հանդեպ: 2008 թ. փետրվարյան քաղաքական խմորումների եւ մարտի 1-ի հետ կապված՝ կորցրեցին բոլորը՝ թե՛ քաղաքական ուժերն ու գործիչները եւ թե՛ շարքային քաղաքացիները: Գործող իշխանությունները անհամարժեք ուժ գործադրեցին ժողովրդի նկատմամբ, հրազեն կիրառվեց, ինչի արդյունքում եղան մարդկային զոհեր: Այդպիսի բաները չեն մոռացվում, եւ միշտ հիշվելու է, որ ներկայիս գործող իշխանությունները կառավարում են սեփական համաքաղաքացիների արյան գնով: Պարոն Լ. Տեր-Պետրոսյանը իր համախոհների հետ միասին անգամ իր թիմակիցներից զոհեր ու վիրավորներ տալու գնով չկատարեց իշխանափոխություն իրագործելու՝ ժողովրդին տրված իր խոստումը: Այդ խոստումը չկատարվեց, թեեւ իրականում մարտի մեկին ոչ թե ոստիկանությունը ցրեց ցուցարարներին, այլ ընդհակառակը: Սա նշանակում է, որ առաջնորդները չցանկացան գործը մինչեւ վերջ հասցնել եւ վերցնել իշխանությունը: Այսինքն՝ ցավալիորեն, զոհերն անիմաստ էին: Իմ ունեցած տվյալներով՝ ընդդիմության առաջնորդների այդ անվճռականության պատճառն այն էր, որ որոշ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ մերժեցին աջակցել ընդդիմությանը իշխանափոխության ընթացքում եւ հետո: Սա նշանակում է, որ ընդդիմության առաջնորդները տեղի տվեցին արտաքին ճնշմանը եւ թույլ տվեցին, որ իրենց խոստումների եւ հորդորների շնորհիվ թափ առած ժողովրդական ընդվզումը ջախջախվի: Սա լուրջ հարված էր սեփական ուժերին ապավինող քաղաքացիական մտածողությանը, ինչի պատճառով եւս մեր ներկայիս քաղաքական դաշտը վերածվեց տափակ, անբովանդակ լեզվակռվի բեմահարթակի: Այդ հանգամանքներում գուցե լուրջ դերակատարություն կարողանային ստանձնել «Օրինաց երկիրն» ու Դաշնակցությունը, սակայն իրենք էլ, «արժանապատվորեն» համաձայնության գալով գործող իշխանությունների հետ, լքեցին իրենց ընտրազանգվածը, ու այժմ իրենք էլ լքված են վերջինիս կողմից:
– Դուք ոչինչ չասացիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին:
– Գուցե դա տարօրինակ հնչի, բայց տպավորությունս այն է, որ այդ կուսակցությունը տվյալ իրավիճակից այն ժամանակ դուրս եկավ նվազագույն կորուստներով եւ ՀՀ ներքաղաքական կյանքում զգալի դերակատարություն ունենալու պոտենցիալ ուներ մինչեւ վերջերս: Համենայնդեպս, պարոն Գագիկ Ծառուկյանի ծավալած բարեգործական գործունեությունը դրական ֆոն էր ստեղծում կուսակցության համար:
– Վերստին մի տխուր, փակուղային իրավիճակի նկարագրություն եք տալիս, բայց մի՞թե այն բարելավելու հեռանկար չկա: Չէ՞ որ կարելի է խոսել նաեւ դրականի մասին: Օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորում է ազգովի պայքարել կոռուպցիայի դեմ եւ պաշտպանել օրինականությունը: Արդյոք սա լավատեսության հիմքեր չի՞ տալիս:
– Ես, անձնապես, համակրանքով եմ վերաբերվում ՀՀ վարչապետին: Գիտեմ նաեւ, որ իր նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել վիճակը մի շարք ոլորտներում, եւ անգամ կան որոշ դրական արդյունքներ, սակայն ընդհանուր իրավիճակի վատթարացումն ավելի արագ տեմպերով է ընթանում, քան իրականացվող բարեփոխումները: Դրական արդյունք ունենալու համար անհրաժեշտ է փոխել ՀՀ կառավարման համակարգի, իշխանությունների որակը: Հասարակությունը չի կարող հավատալ ու աջակցել իշխանություններին այն դեպքում, երբ կոռուպցիայի դեմ պայքարելու պատրվակով հետապնդումների են ենթարկվում վերջիններիս համար ոչ ցանկալի անձինք, երբ կոռուպցիայի դեմ պայքարը օգտագործվում է ինչ-ինչ մարդկանց տնտեսական ոլորտում ունեցած մենաշնորհն է՛լ ավելի ամրապնդելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել