«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով. «Առանձնապես խոշոր չափերի հասնող, ուրիշի գույքի հափշտակություն»: Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք կոտրել են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի (Վերին Ախտա) գյուղի մշակույթի տան շենքում տեղակայված «Հայփոստի» բաժանմունքի եվրոդռան ապակին: Մտնելով ներս՝ կոտրել են չհրկիզվող պահարանը եւ այնտեղից գողացել 10 մլն 118 հազար ՀՀ դրամ: Այդ գումարը պետք է բաժանվեր գյուղի թոշակառուներին, իսկ մի մասն էլ նպաստի գումարն էր: Նշված շենքում է տեղակայված նաեւ գյուղապետարանը, եւ հանցագործները կոտրել են 2-րդ հարկի բոլոր դռները, այդ թվում՝ նաեւ գյուղապետի աշխատասենյակի, որտեղից փորձել են տանել համակարգչային տեխնիկան: Ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, որի աշխատանքները հանձնարարվել է ավագ քննիչ Կարեն Գրիգորյանին: