Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոնյայի սովորական արարք

Մարտ 08,2011 00:00

«Ես ոչ մի վեհ բան չեմ անում»

Սարդարապատ գյուղի բնակչուհի՝ 78 տարեկան Արուս տատը իր թոռների հետ այս տարի մարտի 8-ին կպատրաստի Ակլատիզը՝ Մեծ պասի խորհրդանիշը կամ այլ կերպ ասած՝ Պաս պապին: «Պապի տեսքով տիկնիկ ենք կարելու, դնելու ենք սոխի վրա, դրա մեջ 7 հատ փետուր ենք խրելու ու կախելու ենք պատից: Էդ փետուրները պասի յոթ շաբաթներն են, ամեն շաբաթվա վերջ մեկը հանում ենք»,- ասում է Արուս տատը: Նա հիշում է, թե ինչպես էր երեխա ժամանակ մոր հետ պատրաստում Ակլատիզը ու այսօր դա իր թոռներին է սովորեցնում: Փոքրիկները տատի պես պաս չեն պահելու, որովհետեւ առանց շոկոլադի ու խմորեղենի՝ 48 օր չեն դիմանա, բայց որ մի քիչ մեծանան ու դպրոց գնան՝ անպայման հետեւելու են տատի օրինակին: «Մեր ժամանակ պասի օրերին կռվածները պիտի բարիշեին, թշնամությունը վերանում էր, հարսները տան բոլոր անկյունները մաքրում էին, էդ օրերին երգելու ու պարելու իրավունք միայն տղամարդիկ ունեին, աղջիկների ու հարսների համար էդ մեղք էր»,- հիշում է Արուս տատը:
Պասի հենց առաջին օրը եկեղեցիների վարագույրները փակում են սուրբ խորանը:
«Ի նշան Հիսուսի խաչելության, եկեղեցին գտնվում է սգո շրջանի մեջ: Այս ընթացքը կոչվում է նաեւ ապաշխարության շրջան եւ մենք գտնվում ենք զղջման մեջ, ամեն կիրակի ժամերգության ժամանակ հնչում են ապաշխարության շարականներ ու աղոթքներ: Մեծ պահքը յուրահատուկ է նրանով, որ մենք պատրաստվում ենք Քրիստոսի Հարությանը»,- ասում է Արմավիրի թեմի Սարդարապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Սարգիս քահանա Խլղաթյանը:
ԵՊՀ ուսանողուհի Մարի Մխիթարյանը առաջին անգամ անցած տարի պաս պահեց, հաղթահարեց բոլոր գայթակղությունները, ու դա նրա համար դարձավ ինքնամաքրման ճանապարհ: «Ինքդ քեզ դնում ես կանոնների մեջ՝ ոչ միայն սննդի առումով, այլ նաեւ՝ քո կատարած արարքների ու գործողությունների: Հոգեւորը դառնում է առաջնային, փորձում ես ապրել ավելի մոտ Հիսուսին, ավելի մոտ Աստծո տասը պատվիրաններին: Սկզբում շատ ոգեւորված էի, բայց հետո հասկացա, որ ես ինձնից ինչ-որ վեհ, վեհագույն բաներ չեմ անում, եւ որ դա քրիստոնյայի սովորական արարք է»,- ասում է Մարին:
Երբեք պահը բաց չենք թողնում ասելու, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, բայց այսօր «քրիստոնյայի սովորական արարք» կատարելը համատարած բնույթ չի կրում: Կատարված փոքրիկ հարցումից (մասնակցել են տարբեր տարիքի 30 մարդ) պարզ դարձավ որ 30 հոգուց միայն 17-ն են պաս պահելու, ընդ որում՝ նրանցից հինգը պաս կպահի վերջին մեկ շաբաթը: «Քանի որ մեր հայրենակիցները դեռ լիարժեք քրիստոնեական բարքի մեջ չեն մտել կոմունիստական հասարակարգից հետո, դրա համար եկեղեցին ընդառաջ է գնում իր ժողովրդին: Դրանցից մեկն էլ Վազգեն Առաջինի կոնդակն էր: Պահքի շրջանում ընդհանրապես արգելվում էին հարսանիքները, բայց, ըստ վերոհիշյալ կոնդակի՝ Մեծ պահքի միայն առաջին եւ վերջին շաբաթները արգելվեց պսակադրություններ կատարելը»,- ասում է տեր Սարգիսը:
Պաս պահելու համար շատ կարեւոր է մկրտված լինելը: «Առանց մկրտության չես կարող եկեղեցու մյուս խորհուրդներին մասնակցել, չմկրտված մարդը կարող է պաս պահել, բայց չի կարող հաղորդություն ստանալ եւ այդ պասը կդիտվի որպես դիետա: Երբեմն ծիսակատարության ժամանակ մարդը խաբում է, պատճառաբանելով, որ ուզում է մասնակցել հաղորդությանը, առանց գիտակցելու, որ դրանով ավելի է ծանրացնում իր մեղքը»,- ասում է տեր Սարգիս քահանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել