Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 8-Ը՝ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Մարտ 08,2011 00:00

Այսօր առանձնահատուկ միջոցառումներ նախատեսված չեն

Այսօր Կանանց միջազգային օրն է: Այս եւ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության տարբեր վաճառակետերում իրարանցում էր. տղամարդիկ շտապում էին հնարավորինս յուրահատուկ անակնկալ մատուցել իրենց սիրելիներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Բայց նույն այս տղամարդկանցից գուցե շատ քչերը գիտեն, որ տոնը ծնունդ է առել Նյու Յորքի տեքստիլային ֆաբրիկայի բանվորուհիների կազմակերպած բողոքի երթի շնորհիվ: Դեռեւս 1857-ին այս օրը բանվորուհիները քաղաքի փողոցներով շրջել են՝ բողոքելով ցածր աշխատավարձի ու աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների համար: Իսկ 1910թ.-ին Կոպենհագենում տեղի ունեցած Կանանց միջազգային համաժողովի ընթացքում էլ առաջարկվել է Մարտի 8-ը նշել որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր: Ապա տոնը ստացել է կանանց իրավունքների պայքարի օրվա խորհուրդ: Ռուսաստանում Մարտի 8-ը կարմիրով նշվել է օրացույցում հեղափոխությունից անմիջապես հետո: Իսկ արդեն ՄԱԿ-ի 1977թ. հայտարարությամբ մարտի 8-ը օրինականորեն համարվել է Կանանց միջազգային օր՝ տոնակատարության բովանդակության սկզբնական ձեւակերպումից հանելով «պայքար» եւ «իրավունք» բառերը:
Հայաստանում Մարտի 8-ը հաստատվել է մի փոքր ավելի ուշ:
Չնայած Մարտի 8-ը եվրոպական երկրներում գրեթե արդեն մոռացության է մատնված, սակայն հայերի շրջանում այն խոր արմատներ ունի: Դա են վկայում հայ տղամարդկանց՝ իրենց կանանց հնարավորինս հետաքրքիր եւ անմոռանալի երեկո մատուցելու ջանքերը:
Թե ինչպես եւ որտեղ կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել այսօր մայրաքաղաքում՝ «Առավոտը» փորձեց պարզել մի քանի ժամանցի վայրերից:
Բնական է, որ երիտասարդության զգալի մասը կնախընտրի տոնը նշել ակումբային միջավայրում: Սակայն նրանց պետք է տխրեցնենք, տեղեկացնելով, որ այս տարի ակումբներն այդքան էլ ակտիվ չեն լինելու:
«Օպերա» ակումբում, ինչպես մեզ հաղորդեց վերջինիս աշխատակցուհին, լինելու է սովորական դիսկո: Միակ յուրահատկությունը, որով ակումբը կտարբերվի մյուս օրերից, այն է, որ մարտի 8-ին ակումբի մուտքը զույգերով է լինելու: «Առանձնապես մեծ ծրագիր նախատեսված չէ, ուղղակի լինելու է դիսկո: Բայց դա չի նշանակում, որ տղաները մենակ չեն կարող գալ, ուղղակի այդ դեպքում մուտքի գումարն է շատ լինելու՝ իսկ աղջիկների մուտքն անվճար է»,- ասաց «Օպերա» ակումբի աշխատակցուհին:
«To4ka» ակումբի տնօրինությունը ամեն ինչ արել է երիտասարդներին տպավորիչ երեկո պարգեւելու համար: Ակումբի տնօրեն Լեւոն Եսայանը մեզ հետ զրույցում ասաց. «Ամեն ինչ արել ենք, որ այդ օրը տարբերվի մյուս միօրինակ օրերից: Նախատեսել ենք տոնական միջոցառում: Երաժշտությունը ապահովելու են DJ Քլիփը եւ DJ Խչոն: Լինելու է «լայֆ բենդ» նրանց կատարմամբ»: Այստեղ նույնպես աղջիկները կարող են անվճար մուտք գործել, իսկ տղաների համար՝ 3000 դրամ է: Տնօրենի փոխանցմամբ՝ սեղան պատվիրելու դեպքում դեպոզիտ վճարումով է լինելու, ըստ որի՝ մատուցվելու է խմիչք եւ այն ամենը, ինչ կտեղավորվի գումարի մեջ:
Նա նշեց, որ իրենց ակումբի այդ օրվա ծրագիրը տարբերվելու է մյուսներից. «Մեր ակումբում այդ օրը հնչելու է էքսպերիմենտալ երաժշտություն: DJ-ները փորձելու են էլեկտրոնային երաժշտությունը միքսել սաքսոֆոնի, ակուստիկ կիթառի, թմբուկների եւ այլնի հետ»: Պարզվում է, բացի հաճելի երաժշտությունից, երեկոյի կանանց սպասվում են նաեւ անակնկալ նվերներ. «Տոնական միքս ենք հավաքելու եւ գեղեցիկ փաթեթով նվիրելու ենք երեկոյին ներկա բոլոր կանանց եւ աղջիկներին»,- հավելեց Լ. Եսայանը:
Երեկոն Արսեն Սաֆարյանի երգերի հնչյունների ներքո անցկացնելու ակնկալիք ունեցողներին խորհուրդ կտանք իրենց երեկոն անցկացնել «Kami» ակումբում: Երեկույթի դիսկո հատվածի երաժշտությունն ապահովելու են DJ-ներ Dale-ն ու Smoke-ը: Իսկ Արսեն Սաֆարյանը այդ երեկոյի գլխավոր հյուրն է լինելու:
Չնայած արդեն մարտի 8-ն է, սակայն մի քանի ակումբներ էլ դեռ չեն կողմնորոշվել՝ ի՞նչ նախաձեռնել այսօր: Օրինակ «Atlantik» ակումբում party է լինելու, սակայն մեզ հետ զրուցող աշխատակցուհին ասաց, որ դեռեւս պարզ չէ՝ թե ինչ տիպի: Նույն իրավիճակն է նաեւ «Ice club»-ում: Այնտեղի աշխատակիցն էլ ասաց. «Դեռ չենք որոշել, թե ինչ կլինի»:
Գիշերային ակումբների սիրահար կանանց հավանաբար տխրեցնենք՝ երեւանյան գիշերային ակումբներում տղամարդկանց ստրիպտիզ այս օրը չի սպասվում:
«Omega» գիշերային ակումբի մենեջերի տեղեկացմամբ՝ առանձնապես տոնական ծրագիր չի նախատեսվել. «Սովորական ստրիպ-շոու է լինելու: Կարծում եմ, ստրիպ-շոուն արդեն յուրահատուկ է իր էությամբ եւ դրանից ավելի տոնական ծրագիր չարժե մշակել: Իսկ տղամարդիկ այդ օրը չեն պարելու»:
Միջոցառումներից անմասն չի մնացել նաեւ Իսպանական կենտրոնը: Salsa պարերի սիրահարներն այդ օրը կարող են այցելել «Jose» համալիր:
Կենտրոնի հիմնադիր Աշոտ Փարսյանի փոխանցմամբ՝ լինելու է «salsa»-ի եւ «life bachata»-ի երեկո. «Մեր այս անգամվա երեկույթն առանձնահատուկ է լինելու նրանով, որ հնչելու է կենդանի երաժշտություն: Նվագելու է 5 հոգանոց մեր խումբը, որը կոչվում է «Armeniales»: Նրանք նվագում են դոմինիկյան երաժշտություն՝ «bachata»: Սա մի յուրահատուկ ոճ է, որը Հայաստանում հնչելու է առաջին անգամ: Երեկոյի ընթացքում կազմակերպվելու է salsa battle. դա մրցույթ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել