Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջատար ծանրորդները դեռ չեն շտապում

Մարտ 08,2011 00:00

Օրերս Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական ուսումնարանում անցկացված ծանրամարտի Հայաստանի առաջնության արդյունքներով վերջնականապես ճշտվեցին այն մարզիկների անունները, ովքեր մեր երկիրը կներկայացնեն ապրիլի 8-17-ը Կազանում կայանալիք մարզաձեւի Եվրոպայի առաջնությունում:
Մրցումներն ի՞նչ ցույց տվեցին, մեր տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներում կազմերի փոփոխություններ կամ քաշային տեղաշարժեր կատարվելո՞ւ են: «Առավոտի» հարցերին պատասխանում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
– Հանրապետության առաջնությունում մեր ծանրորդների մի զգալի մասը հանդես եկավ սովորականից բարձր քաշային կարգում: Հավաքականում մարզիկների քաշային փոփոխություննե՞ր են կատարվել:
– Հիմնականում բոլորն էլ, բացի Մելինե Դալուզյանից, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում կմնան իրենց նախկին քաշերում: Պարզապես, քանի որ Հայաստանի ու Եվրոպայի առաջնությունների միջեւ ընդամենը մեկ ամսվա տարբերություն է, այդ պատճառով էր, որ այս անգամ մասնակիցներին ազատություն էինք տվել. յուրաքանչյուրը հանդես եկավ այդ պահին իր ունեցած բնական քաշային կարգում:
– Դա, անշուշտ, իր հիմնավորումն ունի:
– Իհարկե: Չի կարելի թույլ տալ, որ ծանրորդը մեկ ամսվա ընթացքում երկու անգամ քաշ հավաքի ու գցի, ինչը ծանր գործընթաց է, եւ բարձր կիլոգրամներ ցույց տա: Առավել եւս, որ երկրորդ անգամը համընկնում է Եվրոպայի առաջնության նման լուրջ մրցմանը:
– Սովորաբար, ներքին առաջնություններում են որոշվում հավաքականների կազմերը, թե ով՝ ի՞նչ քաշային կարգում է երկիրը ներկայացնելու միջազգային մրցումներում: Հիմա այդ խնդրի պատասխանն ինչպե՞ս է գտնվելու:
– Նախ, մարզիչներն ու ֆեդերացիայի ղեկավարությունը հավաքականի կազմի գրեթե 99 տոկոսը գիտեն: Գիտեն նաեւ, թե նրանցից յուրաքանչյուրը որ քաշային կարգում է հանդես գալու: Այնպես որ, այդ հարցում անհայտներ համարյա չկան: Բայց նոր մեկնարկող մրցաշրջանը հո միայն հավաքականների անդամների համա՞ր չէ: Առաջնությանը մասնակցեց ավելի քան հարյուր ծանրորդ եւ յուրաքանչյուրն իր կարողությունները ցուցադրելու հնարավորություն ունեցավ, ինչը կարեւոր է թե իրենց, թե նույն մարզիչների համար:
– Մրցահարթակը զգալը նաեւ պայքարի մեջ մտած մեր առաջատարների՞ն էր վերաբերում:
– Անշուշտ: Սա, փաստորեն, ամիսների ընդմիջումից հետո նրանց առաջին լուրջ մուտքն էր: Եվ հենց այդ պատճառով էր, որ քաշ չէին գցել Սմբատ Մարգարյանը, Էդգար Գեւորգյանը, Գեւորիկ Պողոսյանը, Արթուր Բաբայանը: Այ, 69 կիլոգրամում հանդես եկած Վանիկ Ավետիսյանի ու Սամվել Գրիգորյանի միջեւ լարված պայքար ընթացավ եւ հաղթողին որոշելիս դեր խաղաց նրանց անձնական քաշը միայն: Երկուսն էլ վատ արդյունք ցույց չտվեցին: Մարզիչներին հետաքրքրում էր, թե նրանցից ո՞ւմ կարելի է տանել Եվրոպայի առաջնություն: Եվ եկան այն եզրակացության, որ երկուսին էլ կարելի է փորձարկել:
– Մարզասերներին հետաքրքրում են Նազիկ Ավդալյանի մրցելույթը եւ բարձրացրած կիլոգրամները:
– Նախ, ասեմ, որ սկսած մարզիչներից, վերջացրած ֆեդերացիայի ղեկավարությունով, աշխարհի չեմպիոնուհու՝ այդ օրվա արդյունքը նշանակություն չուներ: Ու պետք էլ չէր ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել: Կարեւորը քիչ առաջվա ասածս էր. նա պիտի մտներ ու զգար մրցահարթակը: Հավատացնում եմ, որ երկարատեւ բացակայությունից հետո վերադառնալ մրցահարթակ ու միանգամից բարձր արդյունքներ ցույց տալ, ոչ բոլորին ու ոչ միշտ է հաջողվում:
– Առաջնությանը չմասնակցած մեր գլխավոր հարվածային ուժն այժմ ի՞նչ է անում: Նրանց մեջ կա՞ն այնպիսիք, որոնց մարզասերները կտեսնեն Եվրոպայի առաջնությունում:
– Հիմա ում անունը կտամ, Կազան չեն մեկնելու, որովհետեւ տարբեր ժամանակներում ստացած վնասվածքներից հետո շարունակում են վերականգնվել: Նրանք այսօր դեռ պատրաստ չեն Եվրոպայի առաջնությանը: Մենք էլ լրացուցիչ չենք ծանրաբեռնում՝ գերադասելով, որպեսզի լիովին ապաքինվեն ու առանց շտապելու պատրաստվեն տարվա գլխավոր մեկնարկին՝ նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ օլիմպիական խաղերի մասնակցության մեր քվոտան մեկով ավելացնելու խնդիր ունենք: Եվ այսպես, աշխարհի չեմպիոն Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը Մոսկվայում էին: Նրանք անցել են բուժման հերթական կուրսը եւ օրերս են վերադարձել Երեւան: Առաքել Միրզոյանը, որ անցած տարի հանրապետության գավաթի խաղարկության ժամանակ ձեռքի ծանր վնասվածք էր ստացել, հիմա մարզվում է ու աստիճանաբար անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերում: Նազիկ Ավդալյանի մասին արդեն ասացինք:
Իսկ ինչ վերաբերում է Հռիփսիմե Խուրշուդյանին, նա Եվրոպայի առաջնությանը կմասնակցի: Ձեր թերթն արդեն գրել է, որ առաջնության նախօրեին բասկետբոլ խաղալիս նա ոտնաթաթը ոլորել էր եւ այդ պատճառով Հայաստանի առաջնությանը չմասնակցեց: Լավ է, որ վնասվածքը լուրջ չէր: Հռիփսիմեն բժիշկների թույլտվությամբ կհրավիրվի մարտի 10-24-ը Աբովյանում նշանակված հավաքներին եւ կանանց հավաքականի հետ մարզումները շարունակելու կմեկնի Կազանի մերձակայք, այնուհետեւ կժամանի մրցավայր:
– Մարզասերներն ո՞ւմ են երկրպագելու Եվրոպայի առաջնությունում:
– Տղաներից՝ Սմբատ Մարգարյանին (56 կգ), Վանիկ Ավետիսյանին եւ Սամվել Գրիգորյանին (երկուսն էլ՝ 69 կգ), Աղասի Աղասյանին եւ Արայիկ Միրզոյանին (երկուսն էլ՝ 77 կգ), Էդգար Գեւորգյանին (85 կգ), Գեւորիկ Պողոսյանին (94 կգ) եւ Արթուր Բաբայանին (105 կգ): Աղջիկներից՝ Էլեն Գրիգորյանին (53 կգ), Մելինե Դալուզյանին (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանին (+75 կգ):
– Հետո՞ ինչ ծրագրեր կան:
– Մի փոքր հանգստանալ եւ նոր թափով շարունակել նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել