Շաբաթ օրը մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 20-րդ առաջնությունը: Հանրապետության փոխչեմպիոն «Բանանցը» մրցակցի հարկի տակ մեկական գնդակ փոխանակեց բարձրագույն խումբ վերադարձած «Արարատի» հետ: Զրոյական ոչ-ոքի գրանցվեց «Միկա»-«Շիրակ» խաղում:
Հաջորդ օրը Կապանում պետք է կայանար առաջին տուրի հանդիպումը տեղի «Գանձասարի» եւ նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսի» միջեւ, սակայն անբարենպաստ եղանակային պայմաններն առաջնության կազմակերպիչներին հարկադրեցին այդ խաղը հետաձգել մինչեւ մարտի 24-ը: Իսկ ահա Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ՝ դառնալով մեկնարկային տուրում կայացած հանդիպումներում հաղթանակ տարած միակ թիմը: