Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբված ունկնդիրներ եւ փախած VH music

Մարտ 08,2011 00:00

Սառա Քոնորը այդպես էլ չեկավ

Աշխարհահռչակ փոփ երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը, չնայած 3 անգամ հետաձգվելուն, չի կայանալու: Օրերս տված ասուլիսում համերգի կազմակերպիչ VH music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը լրագրողներին հավաստիացրել էր, թե կվերադարձնեն տոմսերի գումարները: «Այդ մարդիկ կարող են դիմել Իսահակյան 28 հասցեում գտնվող մեր գրասենյակ կամ զանգել մեզ»,- ասել էր Վ. Հարությունյանը: Վերջինիս հայտարարությունից հետո, սակայն, VH music-ի բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են, եւ մարդիկ չեն կարողանում բռնացնել Վ. Հարությունյանին: Խաբվածները կիրակի օրը տոմսերով հանդերձ ստիպված են եղել գնալ Իսահակյան 28: Երկար ժամանակ դրսում մարդկանց սպասեցնելուց հետո՝ հայտնվել է Վ. Հարությունյանը եւ հայտարարել, որ ինքը չի հրաժարվում գումարները վերադարձնելուց, բայց այժմ դա չի կարող անել, քանի որ սնանկ է: Տոմս գնածներից մեկն «Առավոտին» փոխանցեց, որ այդ օրը քաշքշուկ է եղել, եկել են ոստիկանները եւ տարել Վ. Հարությունյանին: Խաբված մարդիկ հույս չունեն, թե իրենց գումարները կվերադարձվեն:
Պարզաբանում ստանալու ակնկալիքով երեկ ողջ օրվա ընթացքում փորձում էինք կապվել VH music-ի տնօրենի հետ, սակայն ապարդյուն. կամ անհասանելի էր, կամ անջատում էր հեռախոսները:
Համերգին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանած երգիչ Արա Մարտիրոսյանի զայրույթին չափ ու սահման չկա: Վերջինս մարտի 8-ի համերգի համար Ամերիկայում է թողել կնոջը եւ եկել Հայաստան։ «Անկախ նրանից՝ կգա՞ Սառա Քոնորը Հայաստան, թե՝ ոչ, ես պատրաստ եմ երգել իմ ժողովրդի համար։ Բայց Լոս Անջելեսից Մոսկվա չվերթի ժամանակ՝ օդում տեղեկանում եմ, որ Վահեն ինքնագլուխ փոխել է համերգի օրը։ Նա իրավունք չուներ նման բան անել»,- օրերս լրագրողներին իր վրդովմունքն էր հայտնել նա: Պարզվում է՝ համերգի կազմակերպիչը նրա զանգերն էլ է անպատասխան թողել:
«Սիրուշո Պրոդաքշնի» տնօրեն Արեւիկ Ուդումյանն էլ մեզ հետ զրույցում Վ. Հարությունյանի քայլը գռեհիկ եւ ստոր համարեց. «Նա խաղում է արտիստների անվան հետ: Վահեն այժմ փորձում է ինչ-որ բաներ տոմսերի հետ կապել, իրականում տոմսերի 85%-ը վաճառվել է: Դա ահռելի գումար է, ո՞ւր են այդ՝ երգիչների միջոցով ստացած մեծ գումարները: Բոլոր հիմքերը ունեի փետրվարի 11-ից սկսած՝ հարցը օրենքով լուծելու համար, որովհետեւ, ի տարբերություն այլ արտիստների, որ բանավոր պայմանավորվում են, մեր պարագայում ամեն ինչ պայմանագրերով է: Կարող ենք դիմել դատարան»: Հետաքրքրվեցինք՝ իսկ կդիմե՞ն դատարան: «Այս ընթացքում փորձեր են արվել, գումարներ ծախսվել, օրինակ՝ «Օզոն» խմբի միջնորդը մենք ենք: Որոշ ժամանակ փորձելու ենք մարդկային գտնվել, որովհետեւ Վահեն անձնական ու բանկերի հետ խնդիրներ ունի, հաշիվները սառեցված են եւ այլն: Եթե այս ամենը շարունակվի, ու նա մեզ հետ երկխոսության մեջ չմտնի, հնարավոր է»,- պատասխանեց Ա. Ուդումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել