Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական 9-րդ փառատոնը

Մարտ 08,2011 00:00

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ BMI ավիաընկերության բիզնես վաճառքի ղեկավար Սիմոն Ավագյանը: Փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն է VO.X բրիտփոփ խումբը: Կանանց միամսյակին ընդառաջ՝ Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը կսկսվի նախորդ դարի 60-ական թվականներին սեփական իրավունքների համար պայքարի ելած բրիտանուհիների մասին պատմող ֆիլմով: «Արտադրված է Դագենհեմում» կինոնկարը ոգեշնչող եւ բարի պատմություն է բանվորուհու մասին, ով պայքարի ելավ աշխարհի խոշորագույն կորպորացիայի՝ Ford Motors-ի դեմ:
Մարտի 8-13-ը Երեւանում, 10-12-ը՝ Վանաձորում, իսկ 14-16-ը՝ Կապանում Բրիտանական խորհուրդը Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ BMI-ի միջոցով կանցկացնեն  փառատոնը: Կցուցադրվի վեց ֆիլմ՝ «Արտադրված է Դագենհեմում», «Արբոր», «Վարդագույն սարիներ», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Ըստ կասկածանքի»: Ֆիլմերը վեր են հանում խնդիրներ, որոնք կարեւոր եւ էական են աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդկանց համար: Պատերազմի արհավիրքների դեմ պայքարող մարդկանց, ընտանեկան երջանկության ձգտող կանանց եւ համակարգային անարդարությունների մասին պատմող ֆիլմերը բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքներից են: Փառատոնի հյուրն է հեռարձակման, կապի եւ միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը: Նա աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում եւ Channel 4 BRITDOC Foundation-ում: Սառա Ռոսը վարպետության դասեր կանցկացնի ուսանողների համար եւ սեմինարներ՝ Վանաձորում ու Կապանում: Մարտի 10-ին փառատոնի շրջանակում կկազմակերպվի աշխատաժողով, որի ընթացքում կինոգործիչները կքննարկեն հասարակական կազմակերպությունների, ապրանքանիշերի եւ զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության նոր մոդելներ: 
                                

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել