Կոմպոզիտոր կանանց խնդիրներն ու ակնկալիքները
Ա. Գարսոյանը (ձախից), Ա. Կոստանյանը, Ն. Զարիֆյանը եւ Ս. Ազնավուրյանը:
«Արվեստն ինքնին գեղեցիկ է, իսկ կնոջ ստեղծած արվեստը՝ առավել գեղեցիկ»: Ռոդենի այս միտքը ամեն անգամ հիշելիս պատկերացնում ենք մշակույթի եւ արվեստի տարբեր ոլորտներում ստեղծագործող մեր կանանց, որոնց անդրադառնալու առիթը չպետք է կապել միայն կանանց տոնի հետ: Նրանք էլ ուրախությունների, հոգսերի ու չարչարանքների միջով են անցնում, եւ ոչ միշտ են հնարավորություն ունենում ասելու, թե ստեղծագործելը հաճույք է:
Կոմպոզիտորներ Նարինե Զարիֆյանի, Սոֆյա Ազնավուրյանի, Աննա Գարսոյանի եւ Անահիտ Կոստանյանի հետ «Առավոտի» հանդիպման առիթը միայն կանանց տոնը չէր: Գիտենք , որ տարբեր դեպքերում կին ստեղծագործողներն էլ ունեն ինքնահաստատման դժվարություններ եւ գուցե զայրույթ՝ իրենց հանդեպ եղած վերաբերմունքից, եւ այդ մասին խոսելու պատեհություն էլ եղավ:
Զրույցը կին կոմպոզիտորների հետ սկսվեց հաճելի լուրով. նրանք հայտնեցին, թե առաջիկայում պետպատվերով կհրատարակվի իրենց վոկալ ստեղծագործությունների ժողովածուն, ինչը եզակի է նրանով, որ մինչ այժմ միայն կին ստեղծագործողների երկերից կազմված ժողովածու չի տպագրվել: Հետո էլ մանրամասնեցին, որ այս ձեռնարկի գաղափարը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի դասախոսներինն է:
Մեր զրուցակիցները նշեցին նաեւ, որ շոյված են ՀՀ մշակույթի նախարարության արվեստի բաժնի պետ Սոնա Հարությունյանի հետեւողական եւ օպերատիվ վերաբերմունքից: Հարցին՝ եթե չլիներ վարչության պետի նման վերաբերմունքը, ի՞նչ է, ստեղծագործությունները մնալու էին գզրոցներո՞ւմ, կանայք հայտնեցին, թե իրենց ոլորտն էլ զերծ չէ «պիրատներից»: Չնշելով դեպքեր եւ անուններ, հավաստիացրին, որ պատահել է, երբ նոտաների ձեռագրերը հանձնել են կատարողին, բայց հետո իրենց ստեղծագործություններից կտորներ տեղ են գտել այլ հեղինակների գործերում: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ այս ժողովածուով նպատակ ունեն «շարժո՞ւմ» սկսել տղամարդ կոմպոզիտորների դեմ, կանանց պատասխանը նույնպես կատակով էր՝ «գուցե «պիրատություն» են անում նաեւ կանա՞յք…»: Իսկ կնամեծար Ռոբերտ Ամիրխանյանը… Մեր խոսքը դեռ չավարտած, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ կանայք հայտնեցին, թե կնամեծար բառն արդեն խոսում է միության նախագահի՝ իրենց նկատմամբ ուշադրության մասին: Փաստեցին միության կողմից ավանդական դարձած գարնանային եւ աշնանային համերգաշարերը, որոնցում մշտապես ընդգրկված են կին ստեղծագործողները:
Կոմպոզիտորներ Ն. Զարիֆյանը, Ս. Ազնավուրյանը, Ա. Գարսոյանը, Ա. Կոստանյանը շուրջ տասը տարի անդամակցում են նաեւ «Կանայք՝ երաժշտության մեջ» կին կոմպոզիտորների միջազգային ասոցիացիային, որի կենտրոնը Հռոմում է, ղեկավարը իտալացի ճանաչված կոմպոզիտոր Պատրիսիա Ադկինդչիցին է, հայաստանյան մասնաճյուղի աշխատանքներն էլ տնօրինում է Բելլա Արազովան: Կոմպոզիտորները նախ նշեցին, որ այս ասոցիացիայից իրենք ակնկալում են փոխայցելություններ, սիմպոզիումներ, երեկոներ Հայաստանում եւ արտերկրում ու թեեւ ինչ-ինչ պատճառներով դրանք ուշանում են, սակայն հույսները դեռ չեն կորցրել:
Ստեղծագործելուց, դասավանդելուց հետո ինչպե՞ս են հասցնում զբաղվել ընտանիքով: Կանայք չթաքցրին, որ կենցաղային հոգսերը շատ ժամանակ են խլում իրենցից: Նրանք մեր միջոցով ցանկացան պետական այրերի ուշադրությունը հրավիրել իրենց խնդիրներին: Կին կոմպոզիտորները կարծում են, որ կարող են միջնորդ հանդիսանալ Հայաստան այցելող ճանաչված երաժիշտների հետ շփվելու, ճանաչելու, հետագայում նաեւ՝ համագործակցելու համար: