Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՀԻՐԵՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Մարտ 08,2011 00:00

Կահիրեում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, որոնք զինված են եղել սրերով եւ հրավառ հեղուկի շշերով, հարձակվել են երկրի անվտանգության ծառայությունը վերակազմավորելու պահանջով հանդես եկող ցուցարարների վրա: BBC-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ Կահիրեում, երկրի ներքին գործերի նախարարության շենքի մոտ:
Ցուցարարները փորձել են ներխուժել պետական անվտանգության ծառայության վարչական շենք՝ տիրանալու համար այնտեղ պահվող արխիվին, որտեղ, ցուցարարների համոզմամբ, կան նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հակառակորդների դեմ հետապնդումներ իրականացնելու մասին ապացուցող նյութեր: Ականատեսների պատմելով, հավաքված ամբոխին ցրելու համար զինվորականներն օդ են կրակել: Ցուցարարները փորձել են փախչել, բայց նրանց դեմ են դուրս եկել շուրջ 200 քաղաքացիական հագուստով ջարդարարներ, որոնք իրենց մոտ սառը զենք են ունեցել: Վերջիններիս ու ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում 15 մարդ է վիրավորվել:
Եգիպտոսի անվտանգության ծառայության վերակազմավորումը, նաեւ ծառայության արխիվների բացումը Մուբարաքի ընդդիմախոսների հիմնական պահանջներից մեկն են: Անցած հանգստյան օրերին Կահիրեում ծավալվող իրադարձությունները շատերը համեմատել են Բաստիլի գրավման հետ: Շաբաթ եւ կիրակի օրերին ցուցարարները ներխուժել են պետանվտանգության ծառայության 11 գրասենյակներ եւ առգրավել են նախկին իշխանություններին վարկաբեկող փաստաթղթեր: «Մենք գտել ենք համալսարաններում դասավանդող պրոֆեսորների, քաղաքական ակտիվիստների, ընդդիմադիր գործիչների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրություններ»,- հայտարարել է ցուցարարներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել