Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում լրագրողներ են կալանավորվել

Մարտ 08,2011 00:00

\"\"Կիրակի օրը Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրվող երկու ճանաչված լրագրողների՝ Նեդիմ Շեներին (նկարում) եւ Ահմեդ Շիքին: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Նեդիմ Շեները Հրանտ Դինքի սպանության որոշ մանրամասներ բացահայտող գրքի հեղինակն է, իսկ Ահմեդ Շիքը հեղինակել է «Էրգենեկոնի» մասին պատմող մի գիրք եւ արդեն իսկ այդ գրքի պատճառով դատական գործընթացների մեջ էր: Դատարանի առջեւ, որտեղ պետք է լուծվեր Շեներին եւ Շիքին կալանավորելու հարցը, բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ լրագրողներ, ովքեր փակել են նաեւ դատարանին հարակից փողոցը:
Լրագրողները ձերբակալվել էին դեռ հինգշաբթի օրը: Թուրքիայի ոստիկանությունն այս ձերբակալություններն իրականացրել է «Էրգենեկոն» խմբավորման կողմից դավադրություն կազմակերպելու վերաբերյալ հետաքննության շրջանակներում՝ վկաներից մեկի ցուցմունքի հիման վրա:
«Ասոշիեյթեդ պրեսի» փոխանցմամբ, երկու լրագրողները մեղադրվում են Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով 2003թ.- ին դավադրություն կազմակերպելու մեջ: Թուրքիայի դատախազությունը հադես է եկել կարճ հայտարարությամբ, որում նշվում է, որ լրագրողներն իրենց հոդվածների եւ գործունեության համար չէ, որ կալանավորված են:
Իշխանությունների քննադատները պնդում են, որ Թուրքիայի կառավարությունը «Էրգենեկոնի» գործը օգտագործում է Էրդողանի ընդդիմախոսներին բանտարկելու համար:
Այս հարցի շուրջ խոսել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Նա մտահոգություն է հայտնել, որ լրագրողների ձերբակալությունները կարող են ստվեր գցել Մերձավոր Արեւելքի երկրների համար ժողովրդավարության օրինակ համարվող Թուրքիայի վարկի վրա: Թուրքիայի ժուռնալիստների միությունը հայտարարել է, որ լրագրողները հետապնդումների են ենթարկվում, որ հազարավոր լրագրողների դեմ դատական գործեր են հարուցվում, նրանցից 60-ը ներկայումս անազատության մեջ են իրենց հոդվածների պատճառով: Լրագրողների ձերբակալությունները մի երկրում, որ ջանում է Եվրամիության անդամ դառնալ, հարուցել են եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների եւ իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգությունը: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ այս դեպքերը բացասական ազդեցություն են թողնում ազատ մամուլի վրա եւ կոչ է արել վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությանը՝ հարգել մամուլի ազատությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել