Ժամանակն է հաշվի առնել միջազգային փորձը
ՀՀ բուհերում դեռեւս գերիշխում է դասախոսակենտրոն ուսուցումը: Սեպտեմբերի 1-ին ուսանողին հրամցվում է պատրաստի դասացուցակ, կոնկրետ առարկաներով եւ պրոֆեսորադասախոսական կազմով, որոնց ընտրության հարցում սովորողը ընդհանրապես իր մասնակցությունը չի ցուցաբերում, չի առնչվում իր ուսումնառության պլանավորմանը եւ կրթության կազմակերպման որոշումների կայացմանը:
Ի տարբերություն դասախոսակենտրոն ուսուցման, որի հիմքում ընկած է դասախոսից- ուսանող գիտելիքի փոխանցման գործընթացը, ուսանողակենտրոն կրթության կազմակերպման պարագայում առանցքային է համարվում այն հարցադրումը, թե «ի՛նչ պետք է անի ուսանողը, եւ ոչ թե՝ դասախոսը»: Դրանով ուսանողը ակտիվ միջամտություն է ցուցաբերում իր ուսումնական պլանի բովանդակության ձեւավորմանը՝ իրացնելով իրեն ընձեռած հնարավորությունները՝ ոչ պարտադիր մոդուլների ընտրության, ուսումնառության ձեւի եւ տեւողության հարցերում: Չնայած ՀՀ-ում գործող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում բուհի ինքնավարության, իրավասության եւ ակադեմիական ազատությունները ներկայացնելիս (հոդված 6) անդրադարձ չի կատարվում ուսանողության ակադեմիական ազատություններին, այնուամենայնիվ, դրանց հատկացվել են օրենսդրական որոշ ամրագրումներ: Այսպես, բուհի ուսանողը իրավունք ունի ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր եւ ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ամբիոնները: Բացի այդ, նա կարող է մասնակցել իր կրթության բովանդակության ձեւավորմանը՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչների պահանջները: Սակայն այս ամենը իրականում դեռեւս չի ամբողջականացվում եւ միայն մնում է «թղթի վրա»:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կրթական չափորոշիչներում ընդգրկված ոչ պարտադիր (ընտրովի) մոդուլների տեսակարար կշիռը կազմում է շուրջ 30%: Ուստի ուսանողը, իր նախասիրություններից ելնելով, ընտրում է ոչ միայն կրթական մոդուլ, այլեւ նույնիսկ դասավանդող պրոֆեսորներ: Ուսանողներին տրամադրվող ակադեմիական ազատությունների ընդլայնման պարագայում, որպես կանոն, ուսումնառության զգալի մասը կատարվում է լսարանից դուրս եւ արդյունքում ուսանողները ակտիվ ներգրավվում են իրենց իսկ ուսումնառության պլանավորման եւ կազմակերպման գործում: Կրթական ծառայությունների մատուցման նման իրավիճակում ուսանողները կարող են ընտրել ոչ միայն՝ թե ի՛նչ կարող են սովորել, այլեւ պատկերացնել, թե ինչո՛ւ եւ ինչպե՛ս սովորել:
Եթե դուք հանրապետության բուհերում մասնակցեք որեւէ դասախոսության կամ սեմինար պարապմունքի, ապա կնկատեք, որ հիմնականում ուսումնական գործընթացի «կենտրոնում» դասախոսն է, իսկ ուսանողը մշտապես պասիվ դիրքում է գտնվում: Հազվադեպ կարող եք հանդիպել մանկավարժների, որոնք իրենց դասախոսության մատուցումը կառուցում են բանավիճային հենքով, ուսանողների կողմից տրվող «հարցերի տեղատարափի» ուղեկցությամբ: Մեր համալսարաններում բարձր առաջադիմությամբ ուսանող լինելու համար ընդամենը անհրաժեշտ է սերտել դասախոսությունը, այն ներկայացնել սեմինարներին կամ, լավագույն դեպքում՝ խնդիրներ լուծել գործնական կամ լաբորատոր պարապմունքներին: Ուսումնական ծրագրերում անհրաժեշտ ենք համարում ոչ միայն կրճատել դասախոսության ժամերի չափաբաժինը եւ այն լրացնել գործնական ու լաբորատոր պարապմունքներով, այլեւ հնարավորինս կիրառական հմտություններով «համեմել» դասավանդումը, իրավիճակային խնդիրների շուրջ համախմբելով երկու-երեք ուսանողի, որով առավել հետաքրքիր եւ արդյունավետ կդառնա կրթական ծառայությունների մատուցումը, անհատի մեջ կձեւավորվեն կոլեկտիվ աշխատանքի մշակույթ եւ կորպորատիվ կողմնորոշման հմտություններ:
Միջազգային փորձը վկայում է, որ հետզհետե կրճատվում է ուսանողի շաբաթական ծանրաբեռնվածությունը, եւ փոխարենը ընդլայնվում է ինքնուրույն աշխատանքի շրջանակը: Դասախոսության կոնտակտային ժամերի կրճատմամբ՝ համալսարանները դասավանդման որոշ մոդուլներ մատուցում են հեռաուսուցմամբ, իսկ ուսանողությանը ուղղորդում են պրակտիկ աշխատանքի՝ տեղում ձեռք բերում մասնագիտական գործնական հմտություններ: Այս առումով մեզ համար ուսանելի է հենց բուհերի ներսում «աշխատանքային ինկուբատորների» ստեղծման արեւմտյան փորձը, երբ ուսանողները փորձառու մասնագետների հետ միավորվելով, կազմակերպում են կորպորատիվ ձեռնարկատիրություն՝ լիակատար կամ սահմանափակ պատասխանտվության սկզբունքով: Ունենալով կառավարություն կողմից տրամադրված հարկային եւ գործարարության այլ արտոնություններ, համալսարանական ինկուբատորները ակտիվ ձեռնարկատիրության են դիմում, որտեղ եւ ուսանողը իր իսկ ուսանողական տարիներին ձեռք է բերում մասնագիտական ոլորտում ինքնուրույն գործելու հմտություններ: Գաղտնիք չէ, որ համալսարանական տարիներին ուսանողը ձգտում է աշխատել՝ հոգալու համար իր կրթության ծախսերը, որը, սակայն, որոշակիորեն սահմանափակվում է «ամեն օր համալսարան այցելելու» պարտավորվածության պահանջով: Ուստի, մեր համալսարանների խնդիրն է կրճատել ուսանողի լսարանային կոնտակտային ժամերը, փոխարենը նրան առաջարկելով իր մասնագիտությանը առնչվող հարակից աշխատանք: Իհարկե, նման խնդրի լուծումը լրացուցիչ հոգսեր է պատճառում համալսարաններին, որոնք կամ իրենք պետք է ստեղծեն այդ աշխատատեղերը, կամ համագործակցեն գործատուների հետ: Սակայն միջազգային փորձը վկայում է, որ սա եւս լուծելի խնդիր է, քանի որ հաճախ գործատուներն են խնամակալություն հաստատում բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողների նկատմամբ, հետագայում նրանց աշխատանքի վերցնելու նպատակով առաջարկելով ոչ լրիվ դրույքով գործատեղ՝ հենց ուսումնառության տարիներին:
Ուսանողակենտրոն կրթական ծառայությունների մատուցման պարագայում մեծանում է նաեւ ուսանողի պատասխանատվությունը գիտելիքների յուրացման խնդրում, քանի որ կրճատելով դասախոսությունների ծավալը, միաժամանակ ձեւավորվում է դասախոս-ուսանող հարաբերությունների նոր որակ՝ հիմնված անհատական աշխատանքի ստեղծագործական կազմակերպման վրա: Ուսանողակենտրոն ուսումնառության դեպքում հարաբերականորեն կրճատվում է նաեւ պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Այսպես, եթե ներկայումս մեր հանրապետության բուհերում մեկ դասախոսին միջին հաշվով բաժին է ընկնում 9 ուսանող, ապա արեւմտյան համալսարաններում այդ ցուցանիշը հատում է 20 ուսանողի սահմանագիծը, քանի որ ուսումնական պլաններում գերակշռում են ուսանողի անհատական եւ ինքնուրույն ժամաքանակները, ակտիվորեն կիրառվում է հեռաուսուցում, պրակտիկայի ընդլայնված կազմակերպում: