Եթե կրթություն չունես, բայց պաշտոնյա է հովանավորդ
«Առավոտը» պարբերաբար անդրադառնում է փետրվարի 23-ից մեկնարկած հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար անցկացվող քննություններին: Դրանց ընթացքին հետեւող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ զրույցը վերաբերում է գործընթացի հետ կապված խնդիրներին:
Քննության մասնակիցներից շատերը դժգոհ են բանավոր փուլից, որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ մարդը հաղթահարել է 60 հարցից բաղկացած գրավոր թեստը, բայց տապալվել բանավորից: Տիկին Բախշյանի համոզմամբ, բանավոր փուլը պարտադիր է, բայց օրենքում փոփոխություն է հարկավոր այլ «մասով». գուցե ավելի հարմար է, որ մարդիկ ինքնուրույն վերապատրաստվեն եւ քննություն հանձնելու համար որոշակի վճար սահմանվի:
«Քննություն հանձնողների մեջ գործող տնօրեններ են, ուսուցիչներ: Շատ կարեւոր է լսել նրանց բանավոր խոսքը, որը հաճախ հիմնավորված չէ: Տարրական հարցերի տակ, օրինակ՝ հանրակրթության նպատակը ո՞րն է, ինչ ասես ասվում է, բացի ամենակարեւոր գաղափարից: Ես նկատել եմ, որ վերապատրաստումների ժամանակ ուշադրություն չի դարձվել շատ կարեւոր մի բանի՝ հավաստագիր ստանալուց հետո ամեն թեկնածու պիտի խորհրդին ներկայանա տվյալ դպրոցի զարգացման իր ծրագրով: Երեւի այդ ծրագիրը մեծ մասամբ արհեստածին մի թուղթ կլինի, որ մարդիկ իրարից կարտագրեն: Վերապատրաստող կազմակերպությունները պիտի ամբողջ վերապատրաստումը տանեն հենց այդ ծրագրի շուրջ: Քննության մասնակիցների մեջ շատ քիչ մարդ կար, որ մտածում էր՝ ինքը գնում է դպրոց՝ ծառայություն մատուցելու, երեխայի կրթության իրավունքն իրականացնելու»,- փաստում է տիկին Բախշյանը: Նա կարծում է, որ բանավոր հարցաշարում պիտի պարտադիր լինեին որոշ հարցեր: Օրինակ՝ դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներկայության հնարավոր ազդեցությունների, ներառական կրթության գաղափարախոսության հիմնական սկզբունքների, հանրակրթության ֆինանսավորման կարգի մասին: Կամ ինչքանո՞վ են ապահովում աշակերտական խորհուրդների մասնակցությունը դպրոցի կառավարման գործընթացում: Նման հարցը, ըստ Ա. Բախշյանի, չէր խանգարի. ցանկացած դպրոցում կան ուսուցիչներ, որոնք չեն ապահովում կրթության անհրաժեշտ որակ, «տնօրենացուն» իր ծրագրում ուսուցիչների արդյունավետությունը բարձրացնող ի՞նչ գործիքներ է առաջարկելու:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ այն հարցին՝ ինչո՞ւ քննություն հանձնողների մեջ շատ են պաշտոնյաների բարեկամները: Պատգամավորն էլ հավելեց, որ ոչ միայն նրանք են մեծ թիվ կազմում, այլեւ նշանակվել են այնպիսի ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնք կապ չունեն մանկավարժության հետ: Նրա խոսքով, փաստորեն, վերապատրաստող կազմակերպությունները չեն պահպանել օրենքի պահանջը՝ անձը վերջին 10 տարում առնվազն 7 տարին պետք է լինի մանկավարժության բնագավառում ղեկավար: Պատգամավորն ասաց, որ որոշ բացահայտումներ է արել, որից տեղյակ է նախարարությունը. «Օրինակ, մենք տեսել ենք փաստաթղթեր, որ վերապատրաստող կազմակերպությունը չպետք է ընդուներ… Մեկը ավարտել է Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտը, բայց եկել է մարզ, մարզիչ է աշխատել ու վոկալի դասեր տվել: Չեմ ուզում անմեղության կանխավարկածը ոտնահարել, գուցե Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտում վոկալի ֆակուլտե՞տ կա… Բայց ես գիտեմ, որ Մոսկվայի մետրոյի անցումներում լիքը նման դիպլոմեր են վաճառում: Մարտի 4-ի քննությանը մեկին էլ թույլ չեն տվել մասնակցել, որովհետեւ գործերի մեջ բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ չի եղել: Նման բաներին հետեւելը վերապատրաստող կազմակերպությունների պարտականությունների մեջ է մտնում»:
Ինչ վերաբերում է պաշտոնյաների բարեկամների՝ կրթության համակարգ սողոսկելուն, տիկին Բախշյանի խոսքով. «Գալիս են, որովհետեւ իշխանություն են տեսնում, իրենց մտածելակերպում նստած չէ այն, թե գնում են դպրոց պարտականություն կատարելու, ծառայություն մատուցելու: Մտածում են՝ պիտի գնան որոշակի թվով ծնողների եւ երեխաների վրա իրենց իշխանությունը բանեցնեն, ու այդ աթոռը իրենց տա մի կարգավիճակ, որից օգտվելով՝ նվաստացնեն ուրիշներին: Այդպե՛ս չէ, պետությունը պետք է իրավական պետություն դառնա, իրավական պետությունն էլ վերջապես պետք է սկսվի կրթությունից, դպրոցի տնօրենից, որը պետք է գնա դպրոց՝ ծառայի երեխայի կրթության իրավունքը իրականացնելու գործին»: «Առավոտը» նախորդ համարներից մեկում գրել էր, որ վերապատրաստող կազմակերպությունների մեջ աշխատում են մարդիկ, որոնք գործող տնօրեններ են, ինչի արդյունքում նրանք եւ իրենց կոլեգաները անհավասար դաշտում են հայտնվում: «Վերապատրաստող կազմակերպություն ունենալու արգելքը իրենց համար չկա, բայց ինչքանո՞վ է դա բարոյական: Մյուս կողմից էլ, եթե այդ տնօրենները փորձ ունեն ու կարող են վերապատրաստել այսօրվա օրենսդրական դաշտի ոգով, ինչո՞ւ արգելել»,- ասում է մեր զրուցակիցը: Քննության մասնակիցներից շատերը մարզաբնակ են, եւ քննության օրերին ստիպված են առավոտից մինչեւ երեկո մնալ Երեւանում ու հոգալ սեփական սննդի հարցը: Ա. Բախշյանը գտնում է, որ այդ խնդիրը պետք է անպայման լուծում գտնի, թեկուզ այն ճանապարհով, որ վերապատրաստող կազմակերպությունները, որոնց յուրաքանչյուր տնօրեն շուրջ 90000 դրամ է վճարում, որոշակի գումար հատկացնեն մասնակիցներին գոնե նախաճաշով ապահովելու համար: