Ի սկզբանե ասեմ, որ Լոս Անջելեսում շատ մեծ հետաքրքրության է արժանացել Գագիկ Շահբազյանի «ՎիքիԼիքսը»: Հարցն այն է, որ երկար տարիներ է, ինչ նա ապրում է Լոս Անջելեսում: Ու որքան էլ երեւանյան մամուլը գրում էր, թե Շահբազյանը ելույթներ է ունենում այստեղի հեռուստաընկերություններով, հարցազրույցներ տալիս՝ դա չէր համապատասխանում իրականությանը: Եվ նրա այս հարցազրույցները քաղաքական մեծ հետաքրքրության արժանացան Լոս Անջելեսում: Ինձ, որպես լոսանջելեսյան լրագրողի, բազմաթիվ զանգեր են արվել հարցազրույցի առնչությամբ, ու մինչ այսօր չի գտնվել գոնե մեկը, որը դժգոհություն կհայտներ: Բացի այն, որ ոգեւորված են եւ անհամբերությամբ սպասում են հարցազրույցի շարունակությանը՝ կա նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիներն այստեղ այնքան էլ բարյացակամությամբ չեն վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին:
Ուզում եմ իմ կարծիքը հայտնել հարցազրույցին Քոչարյանի անբովանդակ պատասխանի մասին: Չսխալվեցի, նշելով, թե այդ պատասխանը Քոչարյանինն էր, քանի որ պարզ է, որ նրա գրասենյակի ղեկավար երիտասարդն այն տարիներին, որոնց մասին խոսվել է՝ երեւի պիոներպալատ է հաճախել եւ չէր կարող որեւէ տեղեկություն ունենալ այդ ժամանակաշրջանի քաղաքական ու տնտեսական անցուդարձի մասին: Ինքն էլ դա չի հերքել ու գրել է՝ «Քոչարյանը չի հիշում» եւ այլն:
Քոչարյանն այս պատասխանով հերթական անգամ ապացուցեց այն փաստը, որ իր կրթական ու բարոյական մակարդակը չէր համապատասխանում Հայաստանի նախագահի պաշտոնի համար: Կարծում եմ, հենց դա է պատճառը, որ մեր երկիրն այսօր այսպիսի ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է՝ կոռումպացված, տոտալիտար վարչակարգով, մեր ճակատագրին ավելացրել ենք դժբախտ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը եւ այլն:
Որքան պետք է անկիրթ լինես, որպեսզի փաստերի դեմ պատասխան չգտնելով՝ անցնես անձնական վիրավորանքների: Մեկի ձեռքերն էին դողում, մյուսի ոտքերը կարող է դողային, երրորդը կարող է ճաղատ լինել, չորրորդը, ինչպես Քոչարյանը, հիշողությունն է կորցնում եւ այլն: Բայց դրա հետ մեկտեղ՝ երբ մայրենի լեզուն չիմանալու պատճառով լեզուդ է «դողում»՝ այ դա ամոթ է:
Պարոն Քոչարյանը չի հիշել մի դեպք, որ պարոն Շահբազյանն աշխատելով կառավարությունում, «սեփական տեսակետ հայտներ, իսկ առավել եւս՝ վիճեր վարչապետի հետ»: Հպարտանո՞ւմ է նրանով, որ նախարարներն իր հետ չէին վիճում: Դա իշխանավորի համար ամենավատ, ամենաողորմելի հատկությունն է: Այդպիսի ինքնավստահ ղեկավարը փորձանք է որեւէ երկրի համար, եւ Քոչարյանը դա փայլուն ապացուցեց՝ երկիրը հասցնելով անդունդի եզրին:
Ինչ վերաբերում է նրան, թե Շահբազյանը, ըստ նրա՝ «հոգնած չինովնիկ» էր՝ որպես վարչապետ թերեւս պետք է երջանիկ լիներ, որ իր կառավարության նախարարը տարիներ շարունակ աշխատել եւ արձակուրդ չի գնացել՝ ինչպես ինքն էր դա անում պատեհ-անպատեհ առիթներով:
Քոչարյանն ընդունել է Շահբազյանի հիմնական մեղադրանքը, որ ինքն է ստորագրել Ռուսաստանի այդ չարաբաստիկ պարտքը: Բայց հետո նշել է, թե առանց ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ այդ հարցը չէր կարող լուծվել: Հետաքրքիր է՝ արդյոք բոլո՞ր հարցերն է, ինչպես նշել է, քննարկել ու համաձայնեցրել ՀՀ նախագահի հետ: Ինչպես հետագա իրադարձությունները ցույց տվեցին՝ դժվար թե:
Պնդում է արվել, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների բարելավման համար է Քոչարյանը գնացել այդ քայլին: Դա էլ ճիշտ չէ: Նույնիսկ Սովետական Միության ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամական ու քաղաքական կապերն այդքան ամուր եւ հստակ չեն եղել, ինչպիսին էին Լեւոն Տեր-Պետրոսյան- Բորիս Ելցին նախագահների օրոք: Սրանք հավասարը հավասարի հետ՝ գործընկերների կապեր էին, եւ այդ մասին բազմիցս գրվել է:
Եվ օգտվելով առիթից՝ ասեմ, որ ինչքան էլ Քոչարյանն ու իր համախոհները փորձում են ստվեր գցել Հայաստանի առաջին նախագահի վրա՝ չի ստացվի: Միեւնույն է, Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ միակ նախագահն է, որ պաշտոնական այցով է եղել ԱՄՆ-ում: Իսկ Քոչարյանն ու իր գործը շարունակողը կարող էին գալ ԱՄՆ՝ ՄԱԿ-ում ելույթ ունենալու կամ անձնական-որսորդական այցերի պատրվակով: Ես Վաշինգտոնում էի, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին՝ տվեց ամենաբարձր գնահատականը, թե հոյակապ նախագահ է: Մենք՝ հայերս, հպարտ կանգնած էինք:
Քոչարյանն անընդհատ համեմատական թվեր է ներկայացնում Հայաստանի տնտեսության վերաբերյալ՝ մինչ իր նախագահ դառնալը եւ դրանից հետո: Կցանկանայի, որ դրան ավելացներ նաեւ մի համեմատական թիվ: Եվ դա լինի ոչ թե տոկոսներով, այլ բացարձակ թվերով՝ իր եւ իր ընտանիքի ունեցվածքը մինչեւ ՀՀ նախագահ դառնալը եւ դրանից հետո: