Այս հեռանկարից էր վախենում սպարապետ Վազգեն Սարգսյանը
«Երեխաներին շատ հեքիաթ պատմեք եւ երգելով քնացրեք, այդպես երեխաները լավ մարդ են դառնում, առնվազն՝ նախարար»,- կատակում, բայց միեւնույն ժամանակ հորդորում էր Վազգեն Սարգսյանը մորը եւ իր ընտանիքի կանանց: Նա ինքն էր այդպիսի մթնոլորտում մեծացել: Տատը եւ մայրը օրորոցային էին երգում եւ հեքիաթներ պատմում: Հարցասեր ու հետաքրքրասեր էր դեռ մանկուց, սիրում էր նկարել, գրքեր կարդալ, դպրոցում էլ գերազանց էր սովորում, սիրելով պատմություն՝ չդարձավ պատմաբան, այլ սովորեց Ֆիզկուլտուրայի ինստիտուտում. քիչ էր սնվում, հայրն էլ որոշեց տղային կազդուրելու համար մարզական որեւէ խմբակում ընդգրկել: Հաճախեց ֆուտբոլային խմբակի եւ ամբողջովին տարվեց դրանով, «սիրահարվեց» ֆուտբոլին: Դպրոցն ավարտելուց հետո որոշված էր՝ Վազգենը պետք է պատմաբան դառա, փաստաթղթերն էլ արդեն համալսարանում էին, բայց երիտասարդը բոլորից գաղտնի վերցնում է փաստաթղթերը եւ ընդունելության համար դիմում Ֆիզկուլտուրայի ինստիտուտ, որտեղ էլ զարմանում են նրա որոշման վրա՝ ատեստատը գերազանց գնահատականներով էր: Պատասխանատությամբ էր վերաբերվում իր կրթությանը, եւ ավարտեց համալսարանը գերազանց՝ կարմիր դիպլոմով: Աշխատեց դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Արարատ քաղաքում հավաքեց ֆուտբոլի թիմ: Մարդասեր էր եւ շատ էր սիրում աշխատանք ժողովրդի հետ: «Մամ, չես հավատա՝ ինչքան հետաքրքիր է ժողովրդի հետ աշխատելը»,- հաճախ էր ասում Վազգեն Սարգսյանը 1980-ականներին, երբ դեռ աշխատում էր «Արարատցեմենտ-շիֆեր» գործարանում: Աշխատանքը ֆիզիկական էր, ընկերների հետ շիֆեր էր բարձում: «Տասնչորս հատ միանգամից վերցնում ու իրար հետ բարձում ենք»,- պատմում էր տնեցիներին եւ չէր լսում նրանց հանդիմանանքները՝ թողնել այդ աշխատանքը եւ մի ուրիշ բանով զբաղվել: Քեռու հետ աշխատեց նաեւ կոլխոզի դաշտում:
Գրելու նկատմամբ սերը նրան նաեւ մղեց գրականություն: Միանգամից հայտնվեց եւ միանգամից էլ ընդունվեց: «Գարուն», «Ավանգարդ» եւ այն ժամանակվա շատ պարբերականներում տպագրվեցին նրա առաջին գրական ստեղծագործությունները: Այս ամենով հանդերձ՝ այլ էր նրա կոչումը:
Մասնակցեց համաժողովրդական շարժմանը եւ դարձավ դրա առաջամարտիկներից: Չվախեցավ թշնամուց, բայց վախեցրեց նրան: Հավաքեց հայորդիների եւ կոչ արեց պատերազմի: Իր ստեղծածով ազատեց երկիրը թշնամուց եւ ուրախացավ, բայց ափսոսաց, որ տատը չտեսավ «թուրքերի պարտությունը»: Տատին շատ էր սիրում եւ ասում են՝ հատկապես նրանից էր ժառանգել թուրքերի նկատմամբ ատելությունը եւ համարձակությունը: Այդ համարձակությունը շատ էր զարմացնում պատերազմի դաշտում գտնվողներին: «Մի անգամ էլ ասացին՝ Վազգենն է գալիս, տղերքն էլ խրամատում հաց էին ուտում: Հանկարծ թշնամու ինքնաթիռը եկավ, նա բարձրացրեց զենքը եւ ուղիղ դրա ուղղությամբ սկսեց կրակել եւ հայհոյել: Զարմացան, թե ինչպես թշնամու գնդակը չկպավ նրան»,- պատմում է ընկերներից մեկը:
Շատ էր սիրում եղբայրների երեխաներին: Միշտ ցանկանում էր նրանց տեսնել, եւ երբ մայրը Վազգենի ամուսնության համար հերթական աղջկա թեկնածությունն էր առաջարկում, նա կատակով ասում էր. «Կարլենին (եղբոր որդուն) տար՝ թող ընտրի»: Սպարապետը կարեւորում էր ամուր ընտանիքի գոյությունը եւ իր համար միշտ կատարյալ ընտանիքի օրինակը սեփականն էր: Հարսնացուի թեկնածու դեռ չուներ, բայց 1999թ. հայտարարել էր. «Այս տարի ամուսնանալու եմ»…
Վազգեն Սարգսյանի համար ամեն ինչի հիմքում ընկած էր հայրենասիրությունը, հայրենի հողի նկատմամբ եղած սերը: Պատահական չէ՝ սիրած ֆիլմերից է Մել Գիբսոնի դերակատարմամբ «Խիզախ սիրտը», հայկականներից՝ «Մենք ենք, մեր սարերը» եւ «Սարոյան եղբայրները»: «Ես քո Գեւորգին իմ մեջ եմ տեսնում»,- ասել էր նա Խորեն Աբրահամյանին՝ երեւի չգուշակելով հերոսի եւ իր ճակատագրերի նմանությունը:
Նրան ճանաչողները գիտեն՝ նա բարի էր, մարդասեր, պայքարող եւ խիզախ, վախենում էր միայն մի բանից. «Աստված չանի, որ մեր ժողովուրդը ատի մեր ազատությունը, մեր հաղթանակը, եթե այդպես եղավ՝ մենք կկործանվենք…»:
Հ. Գ. Շնորհակալություն սպարապետի մայր տիկին Գրետային, ում պատմածի շնորհիվ էլ մեկ անգամ եւս առնչվեցինք Վազգեն Սարգսյանի կարճատեւ, բայց բովանդակալից կյանքին:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ