Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնեց միայն Ֆրանսիական համալսարանը

Մարտ 08,2011 00:00

\"\"2010 թ. նոյեմբերի 2-ին «Հաշմանդամն ապրելու իրավունք չունի՞» հրապարակմամբ անդրադարձել ենք Վանաձորի բնակչուհի՝ 55-ամյա Նորա Քանարյանի սոցիալապես անապահով ընտանիքին: Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կինն իր 22-ամյա որդու՝ Համլետ Ռամազյանի հետ ապրում է անօթեւանների համար հատկացված Վանաձորի Ուսանողական 10 հանրակացարանի 327 սենյակում՝ իր 8800 դրամ կենսաթոշակով: Համլետ Ռամազյանն էլ աչքի չի ընկնում առողջությամբ, նրա առողջության թերթիկում 19 անուն հիվանդություն կա: Մոր ու որդու ապառիկով վերցրած դեղորայքի եւ սննդի համար պարտքը 197 հազար դրամ է, ընտանիքն ստիպված օգնության հույսով 200-ից ավելի նամակ է ուղարկել բարերարների, ՏԻՄ իշխանությունների, պատգամավորների, պատասխան չի ստացել: Համլետ Ռամազյանի անունով հաշիվ է բացված «ՎՏԲ Հայաստան» բանկում՝ 16048073547300:
Վանաձորի այս ընտանիքի բազում նամակներին արձագանքել է միայն Հայաստանի ֆրանսիական համալսարանը: Համալսարանի ռեկտոր Ժոել Մորզելեկին գրավել էր նամակագրի կոկիկ ձեռագիրն ու նամակի բովանդակությունը: «Ամենակարեւորը էդ նամակի ոճն էր, կոռեկտ ու ճիշտ էր շարադրված, եւ շատ ճիշտ էր նկարագրված սոցիալական վիճակն ու ընտանիքը»,- ասում է առաջին անգամ բարեգործական ծրագրով Վանաձոր այցելած տիկին Մորզելեկը: Նա լավ ծանոթ է Հայաստանում բնակվող սոցիալապես անապահով խավին ու նրանց խնդիրներին, բազմիցս օգնել է նրանց, բայց անտուն անապահովների հարկի տակ առաջին անգամ էր լինում: Հայաստանի ֆրանսիական համալսարանում ոչ միայն կրթում են, այլեւ ֆրանսիացի բարեկամների սովորույթներով առաջնորդվում. «Այնտեղ ընդունված կարգ է օգնել դժվարին վիճակում գտնվող ընտանիքին, ուսանողներն ու դասախոսներն առանձին-առանձին հատուկ հանգանակություն են կազմակերպել ընտանիքին օգնելու համար»:
Ուսանողների հավաքած գումարով գնվել են սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ դասախոսական կազմի հավաքածով՝ հեռուստացույց ու համակարգիչ: 22-ամյա Համլետը, որ տիրապետում է համակարգչային հմտություններին, հույս ունի, որ նոր շրջան կսկսվի իր համար, իսկ տիկին Նորայի համար երկար երեկոները այլեւս տաղտկալի չեն լինի՝ հեռուստացույցի շնորհիվ:
Ընտանիքը շատ ուրախ էր ստացված աջակցության համար, բայց հիմա էլ մի մտավախություն ունեն, հանկարծ պարտքատերերը հեռուստացույցն ու համակարգիչը պարտքի դիմաց չտանեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել