Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ՏԱԹԵՎԻՆ ՕԳՈՒՏ ՉԻ ԲԵՐԵԼ

Մարտ 08,2011 00:00

\"\"Աշխարհի ամենաերկար ու Հայաստանում ամենաշատը գովազդված ճոպանուղին գյուղացու կյանքում շոշափելի փոփոխություններ չի մտցրել, երիտասարդները շարունակում են հեռանալ գյուղերից:

2010 թվականի հոկտեմբերին Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում մեծ հանդիսությամբ բացվեց «Տաթեւի թեւեր» 5700 մետր երկարությամբ ճոպանուղին՝ Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Բ-ի մասնակցությամբ: Բացումից առաջ եւ հետո պատկան կառույցները առիթ-անառիթ հայտարարում էին եւ են, որ սա աշխարհի ամենաերկար ճոպանուղին է: Ճոպանուղու առաջին ուղեւորներից էին Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Բ-ն: Ճոպանուղու մեկ ուղղությամբ ճանապարհը 11 րոպե է, յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ կարող է երթեւեկել մեկական տրամվայ-վագոն՝ մինչեւ 25 ուղեւորով: Տաթեւ-Հալիձոր երթուղին արժե 2000, իսկ հետադարձ ուղղությունը ներառյալ՝ 3000 դրամ։ Հարակից գյուղերի բնակիչները հնարավորություն ունեն օրվա մեջ մեկ անգամ ճոպանուղով երթեւեկել անվճար։ Հոկտեմբերի 23-ից ճոպանուղուց օգտվել է ավելի քան 10000 ուղեւոր, որի 30 տոկոսը՝ տեղի գյուղերի բնակիչներ:
Ճոպանուղու բացման ժամանակ հայտարարվում էր, թե այն կնպաստի թե հարակից գյուղերի, թե ողջ Սյունիքի զարգացմանը: Հոկտեմբերից ոչ շատ անց, սակայն, ճոպանուղում խափանումներ եղան: Պաշտոնապես հայտարարվեց, որ ճոպանուղին անցնում է ձմեռային ռեժիմի եւ կաշխատի միայն հանգստյան օրերին՝ շաբաթ եւ կիրակի: Ու ստացվեց, որ Տաթեւի բնակիչների՝ ճոպանուղով տեղաշարժվելու իրավունքը կախված է զբոսաշրջիկների ակտիվությունից: Մարտի մեկից ճոպանուղին նորից աշխատում է շաբաթը յոթ օր: Սակայն ինչպես գյուղացիներն են փաստում, այս 4-5 ամիսների ընթացքում էական փոփոխություններ չեն եղել, գյուղացիները շարունակում են ապրել իրենց դժվարին առօրյա հոգսերով ու բազում խնդիրներով: Հատկապես տաթեւցիներն են հաստատում, որ կենցաղային բարելավման առումով ոչ մի տեղաշարժ չի եղել: Գյուղացիները հնարավորություն չունեն բարեկարգելու-բարելավելու իրենց տնային պայմանները՝ զբոսաշրջիկներին եւ Տաթեւ այցելած հյուրերին իրենց տներում հյուրընկալելու համար:
«Տաթեւում մնալ ցանկացողներ կան, բայց դե՝ գյուղացիները պայմաններ չունեն, որ տունը կահավորեն, եկողները կարողանան մնալ: Մեր եղած պայմաններն էլ չեն բավարարում հյուրերին: Միայն մի քանի ընտանիք են կարողացել բարեկարգել իրենց տները եւ հյուրերին ընդունելով՝ մի քիչ եկամուտ են ստանում, իսկ մնացածն իրենց սովորական կյանքով, գյուղացու հոգսերով շարունակում է ապրել»,- ասում է Տաթեւի բնակիչներից մեկը: Ճոպանողու շահագործումից հետո ոչ միայն գյուղի կյանքում, այլեւ գյուղապետարանի բյուջեում փոփոխություններ չեն եղել: Շատերը հույս ունեին, որ ճոպանուղու շահագործմամբ աշխատատեղեր կստեղծվեն գյուղում, բայց չարդարացան նրանց հույսերը: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի փոխանցմամբ՝ գյուղից ընդամենը 2 հոգի է ընդգրկվել այդ աշխատանքներում: «Ճոպանուղու շահագործումից մինչեւ այսօր գյուղում էական տեղաշարժ չի եղել, գարնանից հնարավոր է որոշակի փոփոխություն լինի, բայց դա էլ շատ չնչին կլինի: Իսկ գյուղի կյանքը շատ ծանր է, գնալով էլ ավելի է դժվարանում ապրելը, աշխատանք չկա, արտագաղթ կա, երիտասարդները կամ երիտասարդ ընտանիքները թողնում գնում են գյուղից՝ գործ չլինելու պատճառով: Գյուղում գործազուրկ երիտասարդներ կան, նրանց աշխատանքի վերցնելու փոխարեն Գորիսից են աշխատողներ ընդունել, իսկ մեր գյուղացիները գնում են Կապանի կամ Քաջարանի կոմբինատներում ծանր աշխատանքի անցնում: Ընդամենը 2 հոգու են մեր գյուղից աշխատանքի վերցրել, մեկը մաքրություն է անում, մյուսն էլ կանաչապատ տարածքներն է հսկում»,- ասում է գյուղապետ Մուրադ Սիմոնյանը: Տաթեւցիների համար ձմռան սեզոնին ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջանում: 970 բնակիչ ունեցող գյուղը գազիֆիկացված չէ, մարդիկ վառելափայտ են առնում կամ էլեկտրաէներգիայով տաքանում, բայց սա թանկ հաճույք է դարձել: Գյուղի հողերի մեծ մասը բարձիթողի է եւ չի մշակվում, գյուղտեխնիկայի խնդիրն էլ մեծ դժվարություն է ստեղծում տեղաբնակների համար:
«Տաթեւի թեւեր» ճոպանուղուց անվճար օգտվելու հնարավորություն ունեցող գյուղերի բնակիչներից դժգոհություններ կան, որ սահմանափակումներ են մտցրել եւ օրական 10-15 հոգուց ավելի չեն թույլատրում օգտվել ճոպանուղուց: Այս առթիվ «Տաթեւի թեւեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը «Առավոտին» ասաց, որ նման սահմանափակումներ չկան, օրական մեկ անգամ անվճար օգտվում են բոլոր ցանկացողները: «Տեղաբնակները որպես տրանսպորտային միջոց են օգտագործում ճոպանուղին, հիմնականում առավոտյան եւ երեկոյան ժամերին են օգտվում՝ աշխատանքի գնալիս եւ վերադառնալիս, կամ Գորիս ու Երեւան մեկնելիս»,- տեղեկացրեց Տիգրան Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել