Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թերությունները գաղտնի վերացնում են

Մարտ 08,2011 00:00

Որպեսզի դատավորին ապացուցեն,  որ բնակարանը հավուր պատշաճի են հանձնել

\"\"
Առանց տանտիրոջ՝ լարեր են անցկացրել:

Արդեն մի քանի օր է, ինչ «Ավո Ֆ.Մ.Հ.» կառուցապատող ընկերության բանվորները գաղտնի պայմաններում շինաշխատանքներ են անում Աբովյան փողոցի 4/6 շենքի՝ Մարինա Ղազարյանին պատկանող բնակարանում, չնայած դրա իրավունքը չունեն: Շինաշխատանքների վերսկսման պատճառ է հանդիսացել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ մարտի 22-ին բնակարանի տերը փորձագետի եւ դատավորի հետ միասին պետք է գան վիճահարույց բնակարանում տեղազննում անցկացնելու: Այն, որ այս բնակարանում իսկապես շինաշխատանքներ են արվում, հավաստեցին նաեւ հարեւանները, երբ տիկին Ղազարյանի հետ այցելել էինք շենք: Մ. Ղազարյանի խոսքերով. «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի փաստաբան Սեյրան Գրիգորյանը ապշեցրեց մեզ, երբ բոլորիս հրավիրեց բնակարանամուտի եւ պարոն դատավորն էլ նրա հրավերին արձագանքելով՝  մարտի 22-ին նշանակեց փորձագետի ներկայությամբ տեղազննում, այն նույն փորձագետի, որը չէր նկատել այն բոլոր թերությունները, որ առկա էին բնակարանի առաջին փորձագիտական հետազոտության ժամանակ: Մենք ապշած էինք, թե ինչն ենք գալու տեսնենք, հիմա արդեն պարզ է, որ ամեն ինչ փորձում են շտկել եւ դատավորին ներկայացնել, որ իսկապես ամեն ինչ նորմալ է, եւ մենք ենք հրաժարվում մեր բնակարանից ու ժամանակ ձգում պայմանագիր կնքելու համար»:
Նշենք, որ իրացման գոտու բնակիչ Մարինա Ղազարյանն արդեն 1 տարուց ավելի է, ինչ պետք է «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությունից ստանա Աբովյան 4/6 շենքի իր բնակարանը, սակայն կառուցապատողն այն «հանձնում» է կիսատ-պռատ վիճակում. առանց էլեկտրականության, դռան վրայի օպտիկական սարքի, ճարտարապետահատակագծային շեղումներով, ճաքճքած հատակով եւ միայն մեկ օդանցքով: Այդ առնչությամբ փորձագիտական հետազոտություն 1 անգամ անցկացվել է, բայց փորձագետն իր եզրակացության մեջ բնակարանի թերությունները բավականին մեղմ էր ներկայացրել: «Առավոտն» այս մասին արդեն հրապարակումներ տվել է (24.09.2010թ., 27.04.2010.թ., 09.06.2010թ., 26.06.
2010թ.):
Անգամ այդ բոլոր թերությունները մատնանշելուց հետո՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին Մ. Ղազարյանը չի կարողանում ապացուցել, որ բնակարանն իրեն չեն հանձնել հավուր պատշաճի: Նա եւ իր փաստաբանը պարբերաբար միջնորդություններ են ներկայացնում, որպեսզի անցկացվի 2-րդ փորձագիտական հետազոտությունը, սակայն մերժում են ստանում:
Վերջին դատավարության ժամանակ դատավորը ընդառաջ գնաց եւ համաձայնեց տեղազննում անցկացնել փորձագետի հետ միասին եւ տեղում ծանոթանալ բնակարանի վիճակին:
Հիշեցնենք, որ նույն ընկերության դեմ մեկ այլ հայցի՝ Ալբերտ Բաբաջանյանի բնակարանի գործի քննման ժամանակ դատավոր Գագիկ Խանդանյանը ինքնաբացարկ է հայտարարել, քանի որ նրա որդիներից մեկն աշխատում է այս գործով պատասխանող կողմ՝ Երեւանի քաղաքապետարանում որպես դատավարական գործերով բաժնի վարիչ, մյուս որդին էլ աշխատում է  պատասխանող կողմ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ում: Այս գործի քննությունը հետագայում անցավ Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների առաջին ատյանի դատարան, որտեղ որոշվել է բնակարանի հանձնումն ուշացնելու համար, հօգուտ Ա. Բաբաջանյանի, «Ավո Ֆ.Մ.Հ.»-ից գանձել 1 միլիոն 221 հազար դրամ, չնայած այդ գումարի չափը պետք է լիներ մոտ 17 միլիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել