Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ ԾԵԾՈՒՄ ԵՆ՝ ԳԻՏԵՆ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ

Մարտ 08,2011 00:00

Շալվար հագնողները շատանում են՝ տղամարդիկ՝ քչանում

\"\"

\"\"
Զարուհին բռնության զոհ է:

Մարտի 8-ին սովորաբար կանայք սպասում են ծաղիկների, ջերմ խոսքերի, լավ անակնկալների: Այդ օրը մեծարում են կանանց, գնահատում ու արժեւորում նրանց անփոխարինելի դերը մեր կյանքում: Սակայն որքան էլ մեծ լինի կնոջ եւ մոր առաքելությունը, ոչ բոլոր տղամարդիկ են ունակ տեսնելու եւ հասկանալու դա: Մի քանի օր առաջ «Ժառանգության» կին պատգամավորների նկատմամբ ոստիկանների ֆիզիկական բռնությունները եւս ցույց տվեցին, որ երկրի վերին օղակներից սկսած՝ սովոր են եւ սիրում են իրենց հարցերը լուծել բռունցքների միջոցով՝ առանց հաշվի առնելու, որ իրենց առջեւ մայր, կին կամ աղջիկ է կանգնած, առանց որոնց կյանքը պարզապես գոյություն չէր ունենա:
Մեր շրջապատում շատ կանայք Մարտի 8-ին, Ապրիլի 7-ին եւ առհասարակ տարվա բոլոր օրերին ստանում են իրենց ծեծի հերթական չափաբաժինը՝ տղամարդու աքացիների տակ ընկնում ամենաանհեթեթ մանրուքի պատճառով, ֆիզիկապես եւ հոգեպես ճնշվում սկեսուր-սկեսրայրի, տալի, տեգոր եւ այլ «հարազատների» կողմից: Երբ «թեժ գծի» հեռախոսահամարներով զանգած հուսահատ ու ծեծված կանանց հարցնում են, թե ո՞րն է եղել պատճառը, որ ամուսինը ձեռք է բարձրացրել իր վրա, հաճախ լսում են՝ ոչ մի կոնկրետ պատճառ չկա: Ամուսնանալուց հետո շատ կանանց ոչ միայն չեն տալիս խոստացած ոսկե սարերը, այլեւ հարսանիքից ընդամենը մեկ-երկու օր հետո նրա առաջ են դնում «օջախի օրենքները»՝ ոտքդ կես սանտիմետր դարպասից չհանես ու փողոց չնայես, գլուխդ պատուհանից չերեւա, իսկ հայրական տան, դարձի ու նման հնադարյան «ճոխությունների» մասին մոռացիր: Ստորեւ ներկայացնում ենք պատմություններ, թե ինչերի միջով են անցնում մեր կողքին ապրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որոնք իրենց կյանքի Մարտի 8-երը տոնում են ոչ թե ծաղիկների, այլ՝ ծեծուջարդի, հոգեկան ճնշումների մեջ: Կանանց անունները չենք հրապարակում, որովհետեւ դա ավելորդ պատճառ կարող է հանդիսանալ՝ նրանց ծեծելու համար:
«Մեր ընտանիքի նյութական վիճակը բավականին ծանր է: Հաճախ երեխաներիս քաղցած եմ պառկեցնում քնելու: Երեւի կմտածեք, թե այդպիսի պայմաններում ինչո՞ւ եմ երեք երեխա ունեցել: Առաջնեկս աղջիկ էր: Ամուսինս պնդեց, որ երկրորդն ունենանք, գուցե տղա լինի: Երկրորդն էլ աղջիկ ծնվեց: Այդ ժամանակ նա կայուն աշխատանք չուներ, մեկ-երկու օր օրավարձով աշխատելուց հետո էլի անցնում էր մշտական պարապ վիճակին: Իմ կամքից անկախ՝ երրորդ անգամ հղիացա: Ամուսինս կտրականապես պահանջեց, որ հղիությունս ընդհատեմ` ասելով, որ, միեւնույն է, աղջիկ եմ ունենալու: Սկզբում ես էլ էի երկմտում, բայց հետո որոշեցի ունենալ: Ամուսնուս քույրը, իմանալով այդ մասին, ամուսնուս ներկայությամբ ամենաանվայել բառերով անպատվեց ինձ: Նրան միացավ նաեւ ամուսինս: Հետո քույրը խորհուրդ տվեց՝ «Այնքան ծեծիր, որ երեխային կորցնի»: Դա ամուսնուս գլուխը մտավ: Առաջին անգամ ոտքով հարվածեց որովայնիս, իսկ երբ վայր ընկա, ոտքը դրեց դեմքիս եւ սպառնաց, որ եթե ունենամ այդ երեխային՝ կսպանի: Մի կերպ դիմացա ինը ամիս: Հիվանդանոց գնալուց առաջ կարգադրեց, որ երեխային թողնեմ հիվանդանոցում: Մեկ շաբաթ հետո դուրս գրեցին, բայց ոչ ոք չեկավ ինձ ու երեխայիս տուն տանելու: Ստիպված էի հիվանդանոցից երեխայիս մենակ տուն տանել: Տանն ինձ դիմավորեցին վեճ ու կռվով: Երեկոյան ամուսինս հայտարարեց, որ ինքը տեղափոխվում է ծնողների տուն եւ կվերադառնա միայն այն ժամանակ, երբ նորածնին հանձնեմ հիվանդանոց կամ մանկատուն: Իմ վիճակն իրոք անտանելի էր, սակայն երեխայիս ոչ մեկին չէի զիջի: Հիմա փոքրիկս մեկուկես տարեկան է, բայց հորը չի տեսել: Երբեմն-երբեմն այդ հայր կոչվածը հարբած գալիս է, փողոցում կռիվ սարքում, պահանջում, որ փոքրիկին հանձնեմ մանկատուն: Հիմա էլ սկսել է լուրեր տարածել, թե երրորդի հայրն ինքը չէ, այնինչ՝ երրորդ աղջիկս շատ նման է նրան, ոնց որ խնձորը երկու կես անես»,-«Կանանց իրավունքների կենտրոնին» պատմել էր բռնության ենթարկված կինը: Այս կենտրոն դիմած մի կնոջ էլ ընտանիքի անդամները՝ սկեսուրը, սկեսրայրն ու տեգրը ստիպել են երկու անչափահաս երեխաների հետ փողոցում ապրել: Սոցիալական ծանր պայմանների պատճառով սկեսուրն այնքան է մեղադրել նոր ամուսնացած զույգերին, թե չեք կարողանում մի գործ ճարել ու երեխաներին պահել, որ երիտասարդ կնոջ ամուսինը, չդիմանալով այդ ծանր պայմաններին, ինքնասպան է եղել. «Դրանից հետո իմ համատեղ կյանքը ամուսնուս ընտանիքի հետ՝ դարձել էր անհնարին, սկեսրայրս, սկեսուրս եւ ամուսնուս եղբայրը սկսեցին ինձ ֆիզիկական բռնության ենթարկել, որն արտահայտվում էր ծեծի, ապտակների, ինձ խեղդելու փորձեր անելու եւ այլ բռնի գործողությունների միջոցով: Հերթական վիճաբանության արդյունքում ինձ եւ երեխաներիս վռնդեցին տնից: Այժմ մենք ապրում ենք բնակելի շենքի նկուղային հատվածում՝ անբարենպաստ պայմաններում»:
«Կանանց իրավունքների կենտրոնից» «Առավոտին» պատմեցին, որ իրենց դիմել են նաեւ հղի կանայք, որոնք սեռական ու ֆիզիկական բռնությունների են ենթարկվում՝ ամուսնու կողմից:
Այսօր Մայրության եւ գեղեցկության օրը կարող էր տոնել նաեւ Մասիս քաղաքում ամուսնու եւ սկեսուրի բռնությունների հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Հիշեցնենք, որ վերջին ծեծի ժամանակ ամուսինն աքացի էր տվել նրան, կոտրել ծնկներն ու մատները, գլուխը ջարդել ու բերանը շոր մտցրել, որ արյունը կտրվի, վերջում էլ աստիճաններից կնոջը ցած են գլորել, որ նման լինի դժբախտ պատահարի: Այսօր Զարուհու աղջիկը՝ Լիլիան 1.5 տարեկան է եւ ապրում է Նորքի մանկատանը: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնությունների դեմ պայքարի ծրագրի համակարգող Տաթեւիկ Աղաբեկյանը, իրենք Զարուհու դստեր համար դրամահավաք են կազմակերպել, բայց այդ գումարն առայժմ չգիտեն ինչ անեն, քանի որ երեխայի խնամակալության հարցը դեռ լուծված չէ. «Հնարավոր է, որ հենց սկեսուրն ու ամուսինը դառնան երեխայի խնամակալը, իսկ այդ դեպքում գումարը նրանց ձեռքը տալ չենք կարող, երեւի երեխայի համար մի բան կգնենք»:
«Կանանց իրավունքների կենտրոնից» խնդրեցին թույլ սեռի ներկայացուցիչներին, որ ուժեղ գտնվեն ու չդառնան ընտանեկան բռնության զոհ՝ «Մի՛ լռեք, բարձրաձայնեք դրա մասին՝ զանգելով Ազգային «թեժ գիծ»՝ 542828 կամ 080080850 հեռախոսահամարներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031