Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն 90-րդն է 139-ի մեջ

Մարտ 08,2011 00:00

Իսկ ոստիկանության վստահելիությամբ՝ 112-րդը

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող Զբոսաշրջության մրցունակության զեկույցում, ըստ Զբոսաշրջության մրցունակության համաթվի, Հայաստանի դիրքը 1 տեղով բարձրացել է 2009-ի համեմատ եւ գրավել է 90-րդ տեղը՝ 139-ի մեջ: Սակայն եթե այդ զեկույցում որեւէ մեկը ներառեր երկրների՝ մրցակցության զարգացմամբ զբաղվող օղակների ղեկավարների աշխատավարձերը՝ ընդ որում, համադրելով դա երկրի միջին աշխատավարձի հետ, ապա մեր «Ազգային մրցունակության հիմնադրամի» նախագահ Բեկոր Փափազյանի եւ նրա ամենամսյա 6,2 մլն աշխատավարձի շնորհիվ Հայաստանը գուցե թե առաջին տասնյակի մեջ հայտնվեր:
Հայաստանը 4-րդ անգամն է ներգրավվում զեկույցում: Ըստ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի տվյալների, որոնք մեջբերել է tert.am-ը, զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկը այս տարի գլխավորում են Շվեյցարիան, Գերմանիան եւ Ֆրանսիան: Մրցունակությամբ ամենաթույլ երկրներն են Չադը, Անգոլան եւ Բուրունդին:
Զբոսաշրջության մրցունակության համաթիվը, որը համակողմանիորեն գնահատում է երկրների մրցունակությունը զբոսաշրջության բնագավառում, բաղկացած է 3 ենթահամաթվերից, որոնք հաշվարկվում են 14 հենասյուների գնահատականների հիման վրա:
Հայաստանում վիճակը բարվոք է ապահովության եւ անվտանգության, ինչպես նաեւ սանիտարահիգիենիկ պայմանների եւ առողջապահության առումով, սակայն լուրջ խնդիր է շրջակա միջավայրի պաշտպանությունը: Հայաստանի դիրքի վրա բացասաբար են ազդել շրջակա միջավայրի օրենսդրության խստության եւ կիրառման ցածր մակարդակը (120 եւ 126-րդ տեղեր), վիզայի պահանջները (126–րդ տեղ), շրջակա միջավայրին վերաբերող կոնվենցիաներին մասնակցության սահմանափակությունը (108-րդ տեղ), ոստիկանության վստահելիության ցածր աստիճանը (112-րդ տեղ) եւ օդային հաղորդակցության բնագավառում երկկողմ համաձայնագրերի սահմանափակ քանակը (91–րդ տեղ): Բարելավում է արձանագրվել պետական քաղաքականության թափանցիկության բարձրացման ցուցանիշով (103-րդից 53-րդ տեղ): Բիզնես միջավայրի եւ ենթակառուցվածքի առումով ՀՀ միակ առավելությունն է զբոսաշրջության ոլորտի գնային մրցունակությունը, որը նվազել է նախորդ տարվա համեմատ: Հայաստանը զիջել է դիրքերը հյուրանոցների գների (64-րդից 82-րդ տեղ), վերգետնյա ճանապարհային ցանցի որակի (60-րդից 81-րդ տեղ) տեսանկյունից: Այլ երկրներին զիջում ենք նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ցածր մակարդակի առումով: Օդային եւ վերգետնյա տրանսպորտի ենթակառուցվածքը Հայաստանի հիմնական մրցակցային թերություններից է, իսկ մրցակցային առավելություններից է բնակչության բաց եւ բարեհամբույր վերաբերմունքն օտարերկրյա այցելուների նկատմամբ (այդ առումով Հայաստանը զբաղեցնում է 33-րդ տեղը): Սակայն այս տարի էական հետընթաց է արձանագրվել գործարար այցելությունների ընթացքում հարակից զբոսաշրջային ծառայությունների առաջարկի մասով (31-ից 61-րդ տեղ): Կրթական համակարգի որակով Հայաստանը զբաղեցնում է 115-րդ, իսկ վերապատրաստման եւ հետազոտական ծառայությունների հասանելիությամբ՝ 124-րդ տեղերը, աշխատակիցների վերապատրաստման մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 116-րդ տեղը):
Համեմատության համար դիտարկենք Հայաստանի դիրքերը համադրելի համարվող երկրների հետ: Որպես այդպիսի երկրներ են դիտարկվել Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ եւ Միջին Արեւելքի երկրները: 2011 թ.-ին այս երկրների խմբում ամենամրցունակ երկիրը Էստոնիան է՝ առաջ անցնելով անցած տարվա առաջատար Չեխիայից: Հայաստանը զիջում է Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի բոլոր երկրներին (բացառությամբ Սիրիայից): ԱՊՀ երկրների թվում Հայաստանը գրավել է 5-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանին (59), Վրաստանին (73), Ադրբեջանին (83) եւ Ուկրաինային (85):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել