Ֆրանսահայ գործիչը գտնում է, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու ցանկություն չկա
«Հայաստանում բյուրոկրատիան տարածված է, հարկային պայմանները՝ ծանր, մոտեցումները այսօրվա իրականությունից հեռու են: Չեմ ասում, որ հարկ չպետք է վճարել, բայց սիստեմը Հայաստանում ռեֆորմ արած չէ եւ լուրջ բարեփոխման կարիք ունի»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Դամարիս ԱՄ» ընկերության տնօրեն, ֆրանսահայ Արամազդ Աբեդին: Ծրագրային ապահովման եւ էլեկտրոնային արխիվացման մեջ մասնագիտացված «Դամարիս ԱՄ» ընկերությունը 20-ամյա գործունեություն ծավալող ֆրանսիական «Դամարիս» ընկերության մասնաճյուղն է, որը Հայաստանում հիմնվել է 2005 թվականին: Ընկերությունն իր ծրագրերն արտահանում է Եվրոպա եւ այլ երկրներ: «Դամարիս ԱՄ»-ի հաճախորդներն են խոշոր այն ընկերությունները, որոնց շփումը փաստաթղթերի հետ մեծ է: Տնօրենի փոխանցմամբ, Հայաստանում բանկերի, մեծ ընկերությունների կողմից էլեկտրոնային արխիվացման պահանջը նոր է սկսում ձեւավորվել. «Սկզբում դժվար էր, հիմա մտածում ենք աշխատել նաեւ ներքին շուկայի հետ, հաճախորդներ ունենք նաեւ Հայաստանում»:
Ընկերության տնօրեն Ա. Աբեդին 5 տարիների ընթացքում, ծանոթանալով հայկական միջավայրին, նկատել է, որ մեր ՏՏ ոլորտում ընկերությունների մեծ մասը «դրսի» համար է աշխատում. «IT-ն այնպիսի ոլորտ է, որ սահմաններ չունի, ծրագրավորողը՝ լինի հնդիկ, ֆրանսիացի, թե հայ,՝ հեշտությամբ կարող է իր միտքը տրամադրել ցանկացած ընկերության: Հայաստանում կան խելացի շատ մասնագետներ, աշխատուժն ավելի էժան է, այդ պատճառով հատկապես ամերիկյան ընկերությունները հեշտությամբ հիմնվում են, սկսում դրսից ներդրումներ անել եւ, այստեղ թիմ կազմելով, արտադրանքը արտահանել դուրս»:
Ա. Աբեդին գտնում է, որ Հայաստանի ապագան տուրիզմի ու ՏՏ ոլորտի զարգացումն է, բայց, ըստ նրա, այդ ուղղությամբ կառավարության քայլերը բավարար չեն, չեն քաջալերվում: «IT ընկերությունների մեծ մասը, որ outsource-ի վրա են աշխատում, չեն կարողանում լուծել ԱԱՀ-ի հարցը: Մաքսայինի հետ մեկ անգամ եմ առնչվել, հոգիներս դուրս եկավ: Ֆրանսիայից մի սկավառակ էին ուղարկել DHL-ով, 3 եվրոյանոց CD-ի համար 2 հոգով 3 օր վազեցինք ու սկավառակի գնից երկու անգամ ավելի գումար ծախսեցինք՝ վերցնելու համար: Ի՞նչ ձեւով եք ուզում երկիրը դեպի դուրս բացվի, եթե մաքսային, հարկային համակարգը 70 տարվա մոտեցումով է առաջնորդվում»,- հարցնում է սփյուռքահայ գործիչը: Ըստ նրա, մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացումը կախված է միայն պատկան մարմինների քաղաքական ցանկությունից, եւ իրականության մեջ գործն առաջ տանելը դժվար չէ, քանի որ Հայաստանում կան համապատասխան խելքով ու մտքով անձեր. «Եթե մեկն ուզում է մի տեղից մյուսը գնալ, եւ այդ ճանապարհը ճիշտ է գնում, քայլերը նկատելի են լինում, իսկ IT-ի վերաբերյալ քանի տարի խոսվում է, բայց գործ չի լինում: Պատճառն ի՞նչ է, ուրեմն ցանկություն չկա, միայն մարքեթինգ է, լոզունգ… Մինչդեռ եթե պետությունը ուզենա, կարող է մի սեկտորի քաջալերել, որ ավելի զարգանա: Օրինակ, Վրաստանում IT ոլորտի համար բավականին մեծ աշխատանք է տարվում, ամեն ինչ անում են, որ ընկերությունները փոխադրվեն այնտեղ, որովհետեւ գիտակցում են, որ աշխարհում միակ ոլորտն է, որի տեխնոլոգիան հետաքրքիր է աշխատում եւ հարստություն է ստեղծում: Եթե կարողանանք քաղաքական մոտեցում ընդունել, Հայաստանը շատ լավ տեղ է դրա համար, ժողովրդի միտքը բաց է, դրսում սփյուռք ունի, եւ այդ ներուժն օգտագործելու դեպքում մեծ շահույթ կարող է ունենալ»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ճիշտ օգտագործել սփյուռքի գործոնը: Մեր հայրենակիցը գտնում է՝ ոչ: Ըստ նրա, այս «մասով» չկան պետականորեն մշակված քայլեր. «Ամեն ինչ մնում է պատահականության, սփյուռքի անհատների վրա, հայրենասիրության զգացական դրսեւորումների վրա: Ամեն երկրում՝ լինի Լիբանան, Իրան, Ամերիկա, Ֆրանսիա, այն տեղերում, ուր հայություն կա, ժողովուրդը ուզում է իր հայրենիքի հետ կապ ունենալ: Այդ երկրներում հաջողության հասած մեր հայրենակիցները արդեն ծանոթ են այդ երկրների մշակույթին ու սիստեմին, դա եւս հարստություն է, որից կարող ենք օգտվել: Նկատի չունեմ միայն դրամականը, կան նաեւ տարբեր մոտեցումներ, այդ հարստությունից եւս Հայաստանը չի օգտվում»:
Ֆրանսիայում տարվա մեծ մասն անցկացնող Ա. Աբեդին կարծում է, որ Հայաստանում դժվար է որեւէ ընկերություն հիմնելը: Նրա փոխանցմամբ, Ֆրանսիայում դաշտն ազատ է, յուրաքանչյուրը հեշտությամբ կարող է ցանկացած նոր գործ սկսել, բայց այն պահել, զարգացնել դժվար է, մեծ մրցակցություն կա: Մեր հայրենակցից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ կարծիք ունի հայաստանյան ինտերնետի որակի մասին: Նա վերջին տարիներին ինտերնետի որակի եւ մատչելիության առումով դրական քայլեր նկատել է, սակայն չի կարծում, որ այդ առաջընթացը Հայաստանի շնորհիվ է: Ըստ նրա, այլ երկրների հետ համեմատած, ինտերնետի որակը ցածր է:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Եթե երկիրը պատրաստ է սահման բացելուն, դեմ չեմ: Ոչ մի երկիր չի կարող ասել՝ եթե փոքր է՝ փակ սահմաններով, իր համար լավ է, բայց բաց լինելն էլ պետք է հավասարակշռված լինի: Եթե ինքներս մեր խնդիրները լուծենք եւ մեզ վրա վստահ լինենք, իրականության մեջ վախ չպետք է ունենանք, բայց մենք այսօր դրան պատրաստ չենք»: