Վստահ է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով lragir.am-ի՝ խորհրդարանական ընդդիմությանը վերաբերող հարցին, ասել է. «Եկեք հստակ գնահատականներ տանք. ՀՅԴ վերնախավը, ղեկավարությունն այսօր ամբողջովին սերտաճած է ներկա օլիգարխիկ-կլանային համակարգի հետ: Նրանք ունեն իրենց տեղը այդ համակարգի մեջ: Իսկ նրանց ղեկավարն ամեն շաբաթ գնում է նախագահական նստավայր եւ ինստրուկցիաներ ստանում, թե ինչպիսին պետք է լինի ՀՅԴ եւ նրա հեռուստատեսության վարվելակերպը: Իհարկե, ՀՅԴ շարքերում կան հարյուրավոր ազնիվ մարդիկ: Երբեմն նրանց կողմից մեսիջներ են լինում, թե որոշ ժամանակ մի քննադատեք, թողեք՝ մենք մեր ձեռքով կկատարենք իշխանափոխություն ՀՅԴ ներսում: Բայց ես կարծում եմ՝ դրանք սին պատրանքներ են. փորձը ցույց տվեց՝ հարյուրավոր այդ ազնիվ մարդիկ չեն կարող իրականացնել նման վերափոխում ՀՅԴ ներսում: Ցավոք սրտի, ՀՅԴ-ն այսօր լրիվ պատանդ է այն մի քանի միկրոօլիգարխների, որոնք սերտաճած են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած կլանային-օլիգարխիկ համակարգի հետ: Միակ գործառույթը, որ ՀՅԴ-ն կարող է անել, նախագահականից ընդդիմություն գործուղվելու եւ ընդդիմության պառակտվածության պատրանք ստեղծելու դերն է: Զուտ տեսականորեն, իհարկե, եթե այդ ամենը փոխվի, մենք բաց ենք համագործակցության համար:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», շատ դեպքերում լավ գործ անում են, ակտիվ են «Ժառանգության» պատգամավորները: Սակայն պետք է նաեւ հասկանանք, որ այդ կուսակցությունը այսօր չունի ռեալ քաղաքական քաշ, եւ մի քանի տասնյակ մարդկանցով է սահմանափակվում նրանց ռեալ անդամակցությունը: Դա հետեւանք է նրա, որ ինչ-որ պահի սահմանազատվեցին համատեղ պայքարից, ինչ-որ դիստանցիա պահեցին համաժողովրդական շարժումից: Ամեն դեպքում, իրենք են որոշում բռնապետության դեմ այս համընդհանուր պայքարում իրենց մասնակցության չափը, եւ այդ մասնակցության ցանկացած չափ, ընդհուպ մինչեւ Կոնգրեսին անդամակցելը, մենք կողջունենք:
Այս ֆոնի վրա իշխանությունների կողմից մի թեզ է նետված, որի իմաստը հետեւյալն է՝ ընդդիմությունը միավորված չէ, ուստի չի կարող հասնել հաջողության: Եվ հիմա փորձում են հասարակությանը փաթաթել բանավեճ այն մասին, թե արդյոք ընդդիմությունը կարո՞ղ է միավորվել: Սա հերթական քարոզչական հեքիաթն է, որը պատմում են մեկ նպատակով՝ նորից հուսահատեցնելու մարդկանց»: