«Ա-ԹԻՎԻ»-ի մրցութային առաջարկից դատելով՝ բավական նվազ է հեռուստաընկերության թե’ սեփական հաղորդումների, թե’ մասնագիտական սեփական աշխատակազմի պաշարը: Իսկ բիզնես ծրագրի հիմնավորվածությունը հավաստող եւ ոչ մի փաստաթուղթ կցված չէ մրցութային առաջարկին:
Մայրաքաղաքային սփռման, ժամանցային ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 7 մրցույթի (չենք անդրադառնում թիվ 6՝ PTP-ի վերահեռարձակման մրցույթին) մասնակցի՝ «Ա-ԹԻՎԻ»-ի մրցութային առաջարկում, որն անվանել են բիզնես ծրագիր՝ այս հեռուստաընկերությունը ներկայացվում է որպես անվանափոխված «ԱրմենԱկոբ-ԹԻՎԻ» ՍՊԸ-ի իրավահաջորդ: Հայտնի է, որ, ինչպես եւ «Կենտրոն» հեռուստաընկերության պարագայում էր՝ սա էլ է ընդամենը հնարք. այս դեպքում էլ է ոտնահարվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հետեւյալ պահանջը. «Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի»:
Նշենք, որ այս մի իրավահաջորդը մրցութային առաջարկում բավական քննադատաբար է անդրադարձել նախորդի գործունեությանը: Այսպես, նշված է, որ անցած 8 տարիներին «Ընկերության ծրագրային քաղաքականության եւ հաղորդումների թեմատիկ ուղղվածության հիմքում դրված էր «Ընտանեկան հեռուստաալիք» անվանը հավատարիմ մնալու սկզբունքը»: Սակայն հեռուստաալիքի գործունեության վերլուծությամբ ի հայտ են բերվել. «Ծրագրային քաղաքականությունը ոչ միշտ էր համապատասխանում հայտարարված «Ընտանեկան հեռուստաալիք» կոնցեպցիային»: Որպես թերություն է նշված. «Ծրագրային ցանցն առանձին դեպքերում կազմվում էր աշխատանքային փորձառության եւ «հոտառության» հիման վրա: Գործնականում բացակայում էր հեռուստատեսային բիզնեսի իրականացման գործում մասնագիտական, գիտական մոտեցումը»: Այնուամենայնիվ, հատկանշական է, որ մեր եթերում աշխատանքային փորձառությունը համարվում է թերություն:
Որպես «ԱրմենԱկոբ-ԹԻՎԻ»-ի շրջանի թերություն է նաեւ նշվում, թե մենեջմենթը «իրականացվում էր պարզունակ մակարդակով: Հեռուստաալիքի կառավարման հիմնական թերություններից մեկը մնում էր մասնագիտացված կադրերով համալրված չլինելը, կադրերի անբավարար քանակը, որը եւ դարձավ ալիքի լճացման պատճառը կազմակերպության ներսում աշխատակազմի մասնագիտական աճի բացակայության պայմաններում»:
Նշենք, որ հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ կան՝ 2009 թվականից «Ա-ԹԻՎԻ»-ի գլխավոր պրոդյուսերն է նախկինում Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, որը մասնավորապես մշակում է հեռուստածրագրերի հայեցակարգը:
Հեռուստածրագրերի մասին. մի կողմից՝ նշել են, թե իրենց նպատակային լսարանը 5-55 տարեկաններն են, մյուս կողմից՝ հաղորդացանցը ներկայացնելիս արձանագրել, որ այն նախատեսված է բոլորի համար եւ մասնավորապես՝ «Տարեց մարդկանց անդորրն ամբողջացնում է «Երբ իմը լինես» սերիալը»:
Հայտնի է, որ «Ա-ԹԻՎԻ»-ի հեռուստացանցում զգալի մաս է կազմում ռուսական THT հեռուստաալիքի ծրագրերի վերահեռարձակումը, սակայն զարմանալի էր մրցութային առաջարկում ընթերցել, որ Գարիկ Մարտիրոսյանը եւ Միշա Գալուստյանը մաս են կազմում իրենց թիմին: Անհնար է մտաբերել որեւէ ծրագիր, որ ռուսական շոու-բիզնեսի այս աստղերը պատրաստած լինեն հատուկ «Ա-ԹԻՎԻ»-ի համար: Հեռուստաընկերության թիմի անդամներ են ներկայացված նաեւ Եգոր Գլումովը, որը հաջողությամբ համագործակցում է նաեւ «Շանթ» հեռուստաընկերության հետ, Արմինկան եւ Սոֆի Մխեյանը, որոնք համագործակցում են բոլորի հետ: Այնպես որ՝ այս հեռուստաընկերության սեփական թիմի շարքերը բավական նոսր են: Էմմա Բալբաբյանից կամ, ինչպես նրան ներկայացրել են առաջարկում՝ «սրտակեր խոհարար Սարգիս Մկրտչյանից» բացի՝ գրեթե չկա որեւէ այլ լրագրող, որին հնարավոր լինի ներկայացնել իբրեւ բացառապես «Ա-ԹԻՎԻ»-ի դեմք: Մինչդեռ հիշեցնենք, որ մասնագիտական աշխատակազմը օրենքով սահմանված չափորոշիչներից մեկն է, որով որոշվում է հաղթողը:
Հիշեցնենք, որ այլ չափորոշիչներից են սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը: Մինչդեռ «Ա-ԹԻՎԻ»-ի ծրագրում առավել ներկայացված են էլի ոչ սեփական ծրագրերը: Ասենք, ձեռք են բերել «Հնդկաստան. Մի սիրո պատմություն» հեռուստանովելը եւ մանրամասն շարադրել են. «Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հնդկաստանի Ագրա, Վարանասի, Բոմբեյ, Ջայպուր եւ Ջոհպուր քաղաքներում: 10 շաբաթ Հնդկաստանում, իսկ այնուհետեւ Դուբայ եւ Ռիո դե Ժանեյրո: 1300 քառակուսի մետր նկարահանման հրապարակ, 7000 քառակուսի մետր դեկորացիաներ, հեռուստատեսային նորագույն տեխնիկա, գունագեղ հագուստ եւ օպերատորական հրաշալի աշխատանք»: Նույն կերպ՝ նաեւ «Վայրի սիրտը» սերիալի մասին. «Բարձր խավից սիրված (թերեւս նկատի են ունեցել «սերված» բառը.- Ա. Ի.) աղջնակին ու հասարակ ձկնորսին վիճակված չէր երջանիկ լինելու: Սոցիալական տարբերությունն անընդունելի էր Մարիա դե Ռոսարիոյի ընտանիքի համար: Մահը լավագույն արդարացումն է չարագործությունը թաքցնելու համար: Բայց սիրո ծնունդը հզոր է, եւ որքան էլ վայրի լինի նրա սիրտը, միեւնույն է՝ գիտի սիրել»: Եվ նույն ոգով՝ մի քանի էջ այլոց արտադրության ծրագրերի մասին այս բավական լղարիկ՝ 59 էջանոց մրցութային առաջարկում: Թեեւ նաեւ նշել են, որ ծրագրում են իրականացնել մի շարք սեփական հեռուստանախագծեր: Ասենք, նախատեսում են տարին մեկ անցկացնել «Հայատեսիլ» երգի փառատոն. «Նախագծի կանոնները շատ նման են լինելու «Եվրատեսիլ» հանրաճանաչ երգի մրցույթի կանոններին, եւ յուրաքանչյուր մարզ ու երկիր իրավունք կունենա մասնակցել մրցույթին»: Կամ՝ սեփական արտադրության գեղարվեստական ֆիլմ են նկարահանելու. մեկի պրեմիերան նախատեսվում է արդեն այս տարի:
«Ա-ԹԻՎԻ»-ն նախատեսում է մինչեւ 2020 թվականը ձեռք բերել 260 մլն դրամի տեխնիկա եւ սարքավորումներ: Նշել են, որ 2011-2020 թվականներին իրենց նախատեսվող եկամուտները կկազմեն 7 մլրդ 300 մլն դրամ: Թե ինչպես են ծախսելու այդ եկամուտները՝ հանգամանալից նշել են, բայց թե ինչպես են վաստակելու՝ չկա եւ ոչ մի փաստաթուղթ: Բիզնես այս ծրագրից ենթադրվում է, թե եկամուտների ակնկալվող հիմնական աղբյուրը գովազդն է, բայց չեն կցել անգամ գովազդային որեւէ պայմանագիր: Եվ այսուհանդերձ՝ ՀՌԱՀ-ն այս բիզնես ծրագիրը համարել է հիմնավոր: