Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԱԿԱՆ Է, ՈՐ ԷԼԻ ԿԲԱՆԱԿՑԵՆ

Մարտ 08,2011 00:00

Երեկ «Հենարան» ակումբում խոսելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ Սոչիի եռակողմ հանդիպման մասին՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ էական ձեռքբերումը բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ պայմանավորվածությունն է եւ ստատուս-քվոյի երկարացումը, իսկ ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի, եռակողմ հանդիպումը միտված էր պատերազմը կանխելու միջոցառումներ փնտրելուն, եւ արձանագրվել է մարտական ոչ ոքի, եւ Հայաստանի կամ Ադրբեջանի հաջողության մասին խոսելը տեղին չի լինի: Մանվել Սարգսյանը միայն մեկ նոր իրողություն է տեսել. հանդիպումից հետո կողմերը հայտարարել են, որ շփման գծում միջադեպերը կհետաքննվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ գործող նախագահի մասնակցությամբ: Բանախոսները նկատում են, որ բոլոր հանդիպումներից առաջ ադրբեջանական մամուլում սպասումներ էին նկատվում, որ մի բան կորոշվի։ Սակայն այսօր ադրբեջանական մամուլի արձագանքը զուսպ է։ «Մինչեւ հանդիպումը՝ Ադրբեջանը հստակ ներկայացնում էր իր պահանջները՝ անգամ ուլտիմատում ներկայացնում, որ պետք է քննարկվի Մադրիդյան նորացված փաստաթուղթը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոնկրետ սպասելիքներ ուներ»,- հավելեց Մանվել Սարգսյանը:
Ադրբեջանն ունի միայն մեկ ռեսուրս՝ ռազմական հռետորաբանությունը, եւ մոտ ապագայում դժվար թե այդ երկիրը հրաժարվի իր քաղաքականությունից, վստահ են քաղաքագետներ Մինասյանն ու Սարգսյանը։ Այս հարցում, Սարգսյանի կարծիքով, մեղավոր է միջազգային հանրությունը, որ ձայն չի հանում. «Ադրբեջանի այդ միակ՝ շանտաժի արգումենտը նաեւ որոշ միջազգային կառույցներ են կիրառում, օրինակ՝ Միջազգային ճգնաժամային խումբը, որն ասում է՝ եթե կարգավորում չլինի, ապա կլինի պատերազմ: Այս դեպքում բնական է, որ չի հնչում խաղաղ ճանապարհի վրա մնալու միարժեք հայտարարություն: Եվ չի հնչի, քանի դեռ Ադրբեջանը ցանկություն չունի փոխելու, Հայաստանն էլ որեւէ նոր փոփոխության չի գնում բանակցային բովանդակության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել