Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որը 2009թ. հուլիսին կալանավորվել էր եւ 94 օր պահվել անազատության մեջ, իբր ոստիկանին բռնության ենթարկելու համար ու շուրջ 9 ամիս քրեական հետապնդման էր ենթարկվել, իսկ 2010թ. ապրիլին արդարացվել էր, դիմել է դատարան՝ պահանջելով, որ ՀՀ ոստիկանությանն իրենից ներողություն խնդրի, իսկ ՀՀ կառավարությունից էլ պահանջում է հատուցել իր կրած բոլոր վնասները:
«Դատարանի որոշումն ունեմ. ես անմեղ եմ, մեղադրանքը, փաստորեն, անհիմն է եղել, եւ ես այսօր պահանջում եմ՝ այն բոլոր մեղավորները, ովքեր ինձ ծեծեցին, առողջությանս վնաս պատճառեցին, կալանավորեցին, 9 ամիս քրեական հետապնդման ենթարկեցին, ինձնից գրավոր ներողություն խնդրեն»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Տ. Առաքելյանը, որն, ի դեպ, քրեական հետապնդման ենթարկված ընդդիմադիրներից միակն է, ով արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով:
ՀԱԿ ակտիվիստը պահանջում է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրապարակավ ներողություն խնդրի իրենից իր անազատության մեջ գտնվելու շրջանում՝ 2009-ի օգոստոսի 21-ի մամուլի ասուլիսում հնչեցրած հրապարակային հայտարարությունների համար, որոնցում պնդել էր, թե Առաքելյանը «ձեռք է բարձրացրել ոստիկանի վրա»: «Իսկ ինչո՞ւ չպիտի չձերբակալեին, ինչո՞ւ, որ Տիգրան Առաքելյանն էր, դրա՞ համար, որ առաջին դեպքը չէր, դրա համար պիտի չձերբակալեի՞ն, որ իր մոտ մշակված ձեւ էր ոստիկանի վրա ձեռք բարձրացնե՞լը: Տիգրան Առաքելյանը արդեն 3-րդ անգամ ոստիկանի վրա ձեռք բարձրացրեց»,- հայտարարել էր ոստիկանապետը:
Տ. Առաքելյանը նաեւ պահանջում է Կենտրոնականի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտությունը, եզրակացնելով, որ նա է իրավիճակի վերաբերյալ զեկուցել վերադասին՝ ՀՀ ոստիկանապետին, որն էլ շտապել է իր հրապարակային հայտարարություններում:
Կենտրոնականի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իր հերթին ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե դատարանում կպատասխանի իրեն հասցեագրված մեղադրանքներին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ փոխանցել են, որ «որպես իրավապահ կառույց՝ ողջունում են հարցերը դատական կարգով ու օրենքի շրջանակներում լուծելու քաղաքացիների քայլերը եւ իրենց խոսքը դատարանում կասեն»: