Ընդդիմության բողոքի գործողություններն այսպես է որակում ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անտեսելով, որ դրանց առիթը նաեւ վաճառականների կամ վարորդների իրավունքների պաշտպանությունն է:
Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը պնդեց, թե որեւէ հիմնավոր փաստարկ չկա, որ Արեւելքի հեղափոխությունների ալիքը կհասնի Հայաստան. «Արեւելքի ալիքը Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, Արեւելքի մասսայական անկարգությունները, ընդվզումը, հասարակական ըմբոստությունները եւ դրանց արդյունքում՝ իշխանափոխությունը, ավելի շատ սոցիալական բազայի վրա կառուցվող, բայց իր խորքում նաեւ նավթային, էներգետիկ տարբեր շահեր հետապնդող գործընթաց են»: Կանխատեսեց, թե Արեւելքի դեպքերն ավելի շատ կառնչվեն Ադրբեջանին, քան Հայաստանին. «Սակայն, անկախ Արեւելքի լինել-չլինելուց՝ քաղաքական զարգացումների մասին է խոսքը, միեւնույն է, Հայաստանում դրանից սոցիալական խնդիրները չեն փոխվում՝ ոչ պակասում են, ոչ էլ ավելանում: Այն, որ Հայաստանում արդեն 2 տարի է՝ ճգնաժամային գործընթացներ են, գոյություն ունեն ընդգծված սոցիալական խնդիրներ՝ դրան, կարծես թե, որեւէ մեկը չի կասկածում: Սակայն այն, որ այս ճանապարհը սոցիալական խնդիրների լուծման ճանապարհ է, ինչ որ այսօր ընդդիմությունը որդեգրել է՝ ըմբոստացում, քաղաքականացում, տարբեր հրահրումներ՝ իշխանության եւ օրինապահ մարմինների հետ չհիմնավորված եւ ոչ ճիշտ վարք եւ վերաբերմունք եւ այլն՝ սրանք, իհարկե, սոցիալական բաղադրիչ իրենց մեջ ունենալ չեն կարող»:
Եվ անդրադառնալով մարտի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին՝ ասաց, թե այն կբաժաներ 2 մասի. «Առաջին մասը մարդիկ են, ովքեր անկեղծորեն եկել էին իրենց բողոքն արտահայտելու: Երկրորդ մասը՝ քաղաքական ընդդիմադիր առաջնորդներ, ովքեր այդ արտահայտված բողոքի, զանգվածի վրա կառուցում են սեփական քաղաքական խնդիրները: 15 կետանոց տարածված այդ, այսպես կոչված, առաջարկները հենց ապացուցում են այն, որ ինչի համար հավաքվել են մեր համաքաղաքացիները՝ որեւէ կապ չունի այն քաղաքական պահանջների եւ չարդարացված երազների հետ, ինչը թաքուն փայփայում է մեր քաղաքական ընդդիմությունը»: Հարցին, թե համարում է, որ նվազագույն աշխատավարձի եւ սոցիալական նպաստների ավելացումը կամ մարտի 1-ի սպանությունների բացահայտումը կապ չունե՞ն մեր քաղաքացիների պահանջների հետ՝ պրն Զաքարյանը պատասխանեց. «Մեր քաղաքացիների պահանջների հետ կապ ունի ընդամենը 1 կետ, մնացած 14 կետերը որեւէ կերպով սոցիալական բաղադրիչ չեն լուծում»: Նաեւ հավելեց. «Այդ խնդիրների լուծման նկատմամբ շատ ավելի լուրջ է իշխանության վերաբերմունքը, քան ընդդիմության այն հայհոյախառն հրահրումները, որոնք շատ հաճախ տեղի են ունենում այդ հավաքների ընթացքում: Ընդդիմության նպատակը երկրորդ անգամ անցանկալի զանգվածային իրողություններ հրահրելն է, որն ընդունելի լինել չի կարող»: