Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Մարտ 08,2011 00:00

\"\"Արման Մելիքյանի համոզմամբ՝ ՀՀ-ում գիտելիքն արհամարհված է

ԼՂՀ նախկին արտգործնախարար, արեւելագետ Արման Մելիքյանը «Շահագործման տեսությունը եւ աշխարհաքաղաքական կանխատեսումը» գրքում 2001-ի մայիսին գրել է. «ԱՄՆ-ի եւ նրա մերձավոր-արեւելյան դաշնակիցների հարաբերությունները կայուն կմնան այնքան ժամանակ, քանի դեռ… նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ձեւավորելու կարիք չի առաջանա, որից հետո այդ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը կարող է արմատապես փոխվել: Այդ փոփոխության հետեւանքը կլինի դրանց ժողովրդավարացումը, իշխանության ապակենտրոնացումը, ինչը հնարավորություն կտա ժողովրդավարության ընձեռած լծակների միջոցով կառավարել դրանց անկառավարելիությունը: Իսլամիզմի արմատավորումը Սաուդյան Արաբիայում եւ նավթի հաշվին զարգացող արաբական այլ պետություններում կկանգնեցնի դրանց տնտեսական աճը… Համատարած իսլամացման այդ քաոսում Իրանի Իսլամական Հանրապետությունը կդառնա իսլամական դեմոկրատիայի լավագույն նմուշը, որն ընդունելի կլինի ինչպես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի եւ Չինաստանի համար»: Արաբական աշխարհի պետություններում այսօր ընթացող գործընթացները, կարծես թե, հաստատում են այդ դիտարկումները, իսկ Իրանի դերի բարձրացման հնարավորությունն արդեն իսկ խիստ անհանգստացրել է իսրայելցի վերլուծաբաններին, որոնք ԱՄՆ նախագահ Օբամային մեղադրում են, որ պատրաստ է զոհաբերել Սաուդյան Արաբիայի ներկայիս իշխանություններին եւ աջակցել Իրանի ազդեցության աճին: Այս խնդիրների շուրջ ենք խոսում պարոն Մելիքյանի հետ.
– Մարդկային քաղաքակրթությունը զարգացում է ապրում շատ որոշակի օրինաչափությունների հիման վրա: Դրանց շարժիչ ուժերի իմացությունը թույլ է տալիս բավականին ստույգ կերպով կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում մեզ՝ մարդկությանը, առնվազն առաջիկա 10-20 տարիների ընթացքում: Վերոհիշյալ կանխատեսումը հնարավոր կլիներ համարել պատահականություն կամ տարօրինակ զուգադիպություն, եթե նույնքան ճշգրիտ չլինեին նաեւ այլ խնդիրների վերաբերյալ արված կանխատեսումները:
– Օրերս ՌԴ նախագահ Մեդվեդեւը հանդես եկավ մի խիստ ուշագրավ հայտարարությամբ, համաձայն որի՝ ԱՄՆ-ը իրականացնում է աշխարհի մի շարք խոշոր տերություններ, այդ թվում նաեւ Ռուսաստանը, կազմաքանդելու ծրագիր: ԱՄՆ այս ռազմավարական ծրագրի կանխատեսումն ու հիմնավորումը եւս տեղ են գտել Ձեր գրքում: Այսինքն՝ 10 տարի ուշացումով ՌԴ ղեկավարը հաստատո՞ւմ է արված կանխատեսումը:
– 2001թ. դա դեռեւս կանխատեսում էր: Վստահ եմ, որ ՌԴ նախագահը 2011 թվականին անելով վերոհիշյալ հայտարարությունը՝ արդեն ունեցել է ծանրակշիռ ապացույցներն այն բանի, որ կանխատեսումը համապատասխանում է իրականությանը: Իսկապես, Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը թիրախ են: Սակայն Ռուսաստանի կազմաքանդումը այսօրվա Չինաստանի գոյության պայմաններում դեռեւս աննպատակահարմար է ու վտանգավոր: Այնպես որ, Ռուսաստանը ժամանակ ունենալու է վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար, սակայն որ հաջողի, հարկավոր է, որպեսզի ռուսաստանյան իշխող վերնախավը ներքին եւ արտաքին քաղաքականության լուրջ վերանայումներ իրականացնի:
– Չե՞ք կարծում, որ ապագա աշխարհաքաղաքական զարգացումների հնարավորինս ստույգ կանխատեսումը, ըմբռնումը կարող է լայն հնարավորություններ ընձեռել Հայաստանին սեփական շահերն առաջ տանելու, բազմաթիվ տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական խնդիրներ լուծելու համար:
– Այս առումով մենք լուրջ խնդիր ունենք. մեր քաղաքական վերնախավը, ի դեմս գործող իշխանության եւ ընդդիմության, դեռեւս ընդունակ չէ օգտվելու այս կարգի հնարավորություններից: Համաձայն Հայաստանում եւ Արցախում ձեւավորված տխուր ավանդույթի, քաղաքականությամբ զբաղվում են երկու տեսակի գործիչներ՝ պրակտիկներ եւ տեսաբաններ: Պրակտիկ քաղաքականության մեջ լինելու, պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու համար տեսական գիտելիքների առկայությունը մեզանում հրամայական պահանջ չէ: Մեզանում գիտելիքներ չունեցող մարդիկ են կայացնում երկրի համար կարեւորագույն քաղաքական որոշումները՝ լավագույն դեպքում մատից հոտ քաշելու, վատագույնում՝ օտար «գործընկերներից» ստացված հրահանգ-հորդորների հիման վրա: Պրակտիկների ընդունած որոշումների «ճշմարիտ» լինելն արդեն հաստատվում է տեսաբանների կողմից, որոնք ունեն համապատասխան մասնագիտական որակավորում, բայց չունեն քաղաքական որոշումներ կայացնելու լիազորություն, իսկ իրենց գործունեության վարձատրման եւ ուղղորդման տեսանկյունից լիովին կախված են պրակտիկներից: Որոշումների կայացման եւ հիմնավորման այսօրինակ մեթոդաբանությունը թույլ չի տալիս, որպեսզի կիրառվեն օբյեկտիվ չափանիշներ, գնահատվեն մասնագիտական որակներն ըստ էության, այլ ոչ թե ձեւի համար: ՀՀ-ում գիտելիքն արհամարհված է:
Շարունակությունը՝ հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել