ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասներկուերորդ
Գլուխ առաջին
ՎԵՐԱԴԱՐՁ
Նախորդ գիրքս մյուսների համեմատ ծավալով փոքր ստացվեց, քանի որ ինձանից անկախ ու հանկարծակի ավարտվեց, որովհետեւ իմ բացառիկ ու լուսավորված հիշողությամբ անգամ ի վիճակի չեղա հիշել թե՝ անցյալ դարի յոթանասուն թվականի ամառային շոգ ու մոծակաշատ էդ գիշեր հայրս ուրիշ ինչ հետաքրքիր մտքեր արտահայտեց, եւ չնայած հորս բոլոր ասածները չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ էդ գիշեր հորս արտահայտած բոլոր մտքերն էլ հետաքրքիր ու իմաստուն էին, ու նաեւ հիշում եմ, որ էդ գիշերվա մեր խոսակցությունը, ավելի ճիշտ՝ հորս էդ գիշերային մենախոսությունը մինչեւ լույս շարունակվեց, եւ մայրս լուսադեմին միայն հիշեց, որ պիտի պառկենք քնելու, եւ երբ մայրս մեր քնելու մասին հիշեց, նոր միայն նկատեց, որ մեր ճաշասենյակը բերնեբերան լցված է հորս «Աստրայի» ահավոր ծխով, եւ չնայած մեր պատշգամբի դուռն էդ ամբողջ ժամանակ բաց էր, մեր պատշգամբի էդ բաց դուռը չափազանց փոքր էր հորս «Աստրայի» չափազանց մեծ ծխի համեմատ, ու էդ հասկանալով՝ մայրս լուսադեմին մեր ճաշասենյակի լուսամուտն ամբողջովին բաց արեց, եւ շուտով մեր ճաշասենյակի օդն ամբողջովին անջատվեց հորս «Աստրայի» էդ մեծ ու թանձր ծխից, եւ, հիշում եմ, էդ ամբողջ ժամանակ մայրս հորս ծխելու վերաբերյալ որեւէ ավելորդ բան չխոսեց, եւ դա ինչքան զարմանալի՝ նույնքան էլ բնական ու տրամաբանական էր, որովհետեւ հորս «Աստրայի» ծխից մոծակները փախեփախ ընկել ու մեզանից վազն էին անցել, եւ, դրանից էլ բացի, մայրս շատ լավ գիտեր, որ Դեղձիկի խոսքը գործ է. այսինքն, մայրս էդ գիշեր բացարձակ երջանիկ էր, որովհետեւ, չափազանց թերահավատ լինելով, միանգամայն համոզված էր, որ ինստիտուտ ընդունվելուս հարցը բարեհաջող ու վերջնականապես է լուծված, եւ, դրանից էլ բացի, էդ գիշեր մայրս հորս ծխելու վերաբերյալ ավելորդ որեւէ բան չխոսեց, որովհետեւ հայրս հազվադեպ էր իր մտքերը բարձրաձայն արտահայտում, եւ էդ գիշերվա հորս բարձրաձայն խոսելն ու արտահայտվելն էդ հազվագյուտ դեպքերից էր, ես կասեի՝ միակ դեպքն էր, բայց էդպես չեմ ասում՝ ենթադրելով, որ, հնարավոր է, էլի էդպիսի բան պատահած լինի, ասենք, բացակայությանս ժամանակ կամ ծնվելուցս առաջ, եւ հնարավոր է՝ հայրս իրիկուններն իր արհեստանոցում իր կոլեգաների ու իր աշակերտների ներկայությամբ էդքան երկար խոսած ու իմաստախոսած լինի, բայց էս ասածս ընդամենը ենթադրություններիս ոլորտից է, ու ենթադրելով կարող եմ ասել նաեւ, որ հայրս ամենից շատ իմ քեռի Ֆրեդի հետ էր խոսում ու կիսվում, եւ երբ հորս մասին արտահայտվողները հորս մասին արտահայտվելով ասում էին թե՝ ահավոր քչախոս է, Ֆրեդը, հիշում եմ, միշտ պարծենալով ասում էր՝ «Հակոբն իմ հետ լավ էլ խոսում ա», եւ երբ մայրս զարմացած հարցնում էր՝ «ի՞նչ ա խոսում», Ֆրեդը ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «չեմ ասի» եւ մի քիչ մտածում ու ժպտալով ավելացնում էր՝ «Հակոբի ասածները հնարավոր չի պատմելով կրկնել», եւ հիմա, երբ վերստին փորձում եմ հիշելով վերականգնել ամառային էդ շոգ գիշերվա իր ասածները, ես էլ եմ սկսում հասկանալ, որ հորս ասածները հնարավոր չի վերաշարադրել ու կրկնել, եւ քանի որ էս առթիվ Ֆրեդին հիշեցի, հիմա նաեւ հիշեցի, որ, նախքան բանասիրական ընդունվելուս ու հորս կեսգիշերային էդ մենախոսությանն անդրադառնալը, ես Գոքորի Օչեմչիր մեկնելու պատմությունն էի ձեզ համար սկսել, եւ հիմա Գոքորի հանկարծակի Օչեմչիր չվելու էդ պատմությանը վերադառնալով՝ պիտի ասեմ, որ, ի տարբերություն նախորդ անգամների, էդ անգամ Գոքորն Օչեմչիրում սովորականից անհամեմատ երկար մնաց՝ շուրջ երեք ամիս, եւ երեք ամսից Օչեմչիրից ոչ թե մեր իմացած Գոքորը վերադարձավ, այլ միանգամայն ուրիշ՝ անհամեմատ լուրջ ու անհամեմատ նոր Գոքոր, որը երեք ամիս օրուգիշեր տքնաջան աշակերտել էր Միշայի աներձագ ու Օչեմչիրի լավագույն դերձակ Թեւաթորոսին, բայց Գոքորն Օչեմչիրից ոչ թե որպես դերձակի աշակերտ վերադարձավ, այլ՝ արդեն իսկական դերձակ ու վարպետ, որն Օչեմչիրում անցկացրած էդ երեք ամիսներից վերջինում արդեն հաջողացրել էր միանգամայն ինքնուրույն կարել Միշայի քույր Ժենյայի վրացի ամուսնու՝ Օչեմչիրի քաղաքային սովետի նախագահի առաջին տեղակալ Զուրաբ Նիժարաձեի աննկարագրելի ու անզուգական կոստյումը, որի համար Գոքորը Զուրաբից ոչ միայն կարելու փողը չէր վերցրել, այլեւ կտորի ու աստառի փողից էլ էր հրաժարվել:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ