Երիտասարդներն այլեւս չեն կարեւորում կողակցի ազգությունը
Պատմական անցյալ, կրոնների տարբերություն, ավանդույթների ու սովորույթների անհամատեղելիություն. թերեւս սրանք են այն կարծրատիպերը, որոնց պատճառով հայը պետք է ամուսնանա միայն քրիստոնյայի հետ, ավելին՝ միայն հայի հետ: Այլ ազգություն ունեցող քրիստոնյաների հետ մասամբ ընդունելի է, իսկ մուսուլմանների հետ՝ միանշանակ ոչ: Այս գաղափարը շարունակում է հայ ընտանիքներում մնալ որպես «ոսկե կանոն», իսկ նրանք, ովքեր խախտում են այս կանոնը, պատժվում են «ընտանեկան օրենքների» ամենայն խստությամբ: Դրանք անհամեմատելի տարբեր են, նայած, թե ընտանիքում ինչ տարիքի մարդիկ կան կամ բարեկամների շրջանակը որքանով է մեծ: Այսուամենայնիվ, բացառություններ լինում են: Ավթանդիլյանների ընտանիքն էլ հենց այս բացառություններից մեկն է: Սիրարփին՝ նրանց ավագ դուստրը, դեռ Ճարտարագիտական համալսարանի ուսանողուհի էր, երբ առաջին անգամ տեսավ Սիրիայի Ղամշլի քաղաքի բնակիչ, Հայկական բժշկական համալսարանի ուսանող, ատամնաբույժ Յասիր Սուլեյմանին: Նրանք ծանոթացան, շփվեցին ու մի օր էլ հասկացան, որ սիրում են իրար: Երկուսի ծնողներն էլ հեշտությամբ ընդունել են ընտանիքի նոր՝ այլազգի ու այլակրոն անդամին: Սիրարփին ասում է, որ միայն մորաքրոջն ու նրա երեք խիստ ավանդապաշտ որդիներին է դժվար եղել համոզել: Չնայած որ նրանք չեն էլ համոզվել այնքան ժամանակ, մինչեւ անձամբ շփվել են Յասիրի հետ: «Ծանոթացան Յասիրի հետ ու իրենց կարծիքը նրա մասին փոխեցին: Մնացածների հետ չեմ էլ պայքարել: Նրանց կարծիքն ուղղակի ինձ չէր հետաքրքրում»,- պատմում է նա: Յասիրն էլ պատմում է, որ սիրիացիներն ու հայերը միայն կրոնով են տարբերվում իրարից, այն էլ՝ մասամբ: «Օրինակ, մենք երկուսս էլ աստվածապաշտ ենք, բայց ձեզ համար Հիսուսը Աստծո որդին է, իսկ մեզ համար՝ մարգարե, ինչպես Մուհամեդը: Մենք էլ ենք պաշտում Աստծուն, բայց մեզ մոտ նաեւ կան ծառապաշտներ, մարդուն հավատացողներ ու պաշտողներ, կրակապաշտներ եւ այլն»: Հայկական հին ավանդույթները եւս շատ քիչ են տարբերվում նրանց ազգայինից: Յասիրը պատմում է, որ ինչ-որ խնջույքի մասնակցելիս Սիրարփին անպայման ներկայացնում է տվյալ ադաթի նաեւ հին տարբերակը. «Դա ինձ համար զարմանալի է, քանի որ մեր ադաթներից դրանք գրեթե չեն տարբերվում. ադաթ բառը մենք էլ ենք օգտագործում: Միակ տարբերությունն այն է, որ ձեզ մոտ բավականին փոփոխություններ են կատարվել, իսկ մենք դեռ հինն ենք պահպանում»: Սիրարփին շատ ցանկացավ խոսել նրանց ադաթներից մեկի մասին, որպեսզի ճշգրտում մտցնի: «Սիրիայում մի ավանդույթ կա. ամուսնությունից առաջ փեսան հարսին գումար է տալիս, որպեսզի նա գնի իրեն անհրաժեշտ իրերը: Բոլորը դա վերափոխում եւ դարձնում են առք ու վաճառք, ասելով, որ փեսան հարսին գնում է: Սակայն այդպես չէ: Դա հայկական օժիտին համարժեք տարբերակ է, միայն թե այդ պարտականությունը իրենց վրա են վերցրել ոչ թե հարսի ծնողները, այլ փեսան»: Յասերը դրանում տարօրինակ ոչինչ չի տեսնում: Փոխարենը նրա համար տարօրինակ են թվում մեր երկրի օրենքները: Նրա համար զարմանալի է եւ անընդունելի, երբ բժշկի մասնագիտություն ունեցողը տաքսի է վարում կամ բարձրագույն կրթություն ունեցողը վաճառող է աշխատում: «Մեզ մոտ ամեն մեկն իր մասնագիտությամբ է աշխատում: Ինժեներին երբեք չես տեսնի վաճառողուհու կարգավիճակում: Դա նրանից է, որ մեր երկիրը տալիս է այնքան կադրեր, որքան իրեն է անհրաժեշտ: Բուհում սովորելը մեր երիտասարդների համար կյանքի նպատակ չէ, քանի որ մեզ մոտ շատ դժվար է բարձրագույն կրթություն ստանալը: Նույնիսկ երկրի նախագահի հարազատը կարող է համալսարանից դուրս մնալ»:
Նրանք խոստացան ամուսնությունից հետո անպայման գալ Հայաստան, բայց արդեն որպես զբոսաշրջիկ:
Չնայած նորաստեղծ ընտանիքը դեռ չի պսակադրվել (պսակադրությունը տեղի կունենա ամռանը, երբ նրանք մշտական բնակություն հաստատելու համար կտեղափոխվեն Սիրիա), բայց իրենց համարում են լիարժեք եւ երջանիկ ընտանիք: Նրանցից յուրաքանչյուրի համար կարեւոր չէ, թե ինչ ազգություն ունի իր կողակիցը, կամ որտեղ են ապրում նրանք, կարեւորը սերն ու փոխըմբռնումն է: Նրանք արդեն մեկ որդի ունեն: Հայրը նրան կնքել է պապի անունով՝ Ֆուադ Սուլեյման:
Ծնողները չեն կարեւորում երեխայի ազգային պատկանելությունը: «Մեզ համար կարեւոր չէ, թե մեր տղան որ ազգությունն է ընտրելու՝ հա՞յ, թե՞ արաբ: Կարեւորը, որ նա լավ մարդ դառնա»,- ասում են նրանք: