Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԸ ԼԱՎ Է, ԲԱՅՑ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՔ

Մարտ 05,2011 00:00

\"\"Ամուսնական պայմանագրերին Հայաստանում լուրջ չեն վերաբերվում

Մեր երկրում ամուսնական պայմանագիր կնքում են կամ շատ հարուստները, որոնք դողում են իրենց փողերի վրա ու վախենում են, որ իրենց կողակիցը կթալանի կուտակած գանձերը, կամ այն երիտասարդ զույգերը, որոնք դա անում են զուտ հումորի համար: Ամուսնական պայմանագրի ծառայություն մատուցող իրավաբանական կազմակերպությունները մեզ հետ զրույցում պատմում էին, որ զույգեր են եղել, որ ուզեցել են մինչ ամուսնանալը պայմանագիր կնքել, որտեղ հստակ ամրագրված կլինի, որ կինը լվացք է անելու շաբաթական 1 անգամ, իսկ ամուսինը աշխատավարձի 50 տոկոսն է բերելու տուն, մնացածը ծախսելու է իր հայեցողությամբ: Սակայն, քանի որ նման պարտականությունները հակասում են Սահմանադրության եւ «Ընտանեկան օրենսգրքի» այլ նորմերի, դրա համար նոտարը չի վավերացրել այդ կետերը: Եվրոպայում եւ Արեւմուտքում կնքված ամուսնական պայմանագրերում վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն գույքային խնդիրներին եւ դրանց լուծումներին, այլ՝ այնպիսի հարցերի, որ ամուսինը չպետք է սիրուհի պահի, կինը չպետք է դավաճանի, ամուսնական զույգը շաբաթական քանի անգամ է պարտավոր սեռական հարաբերություն ունենալ եւ այլն, որպեսզի ինչ-ինչ պատճառաբանություններով կողմերից մեկը չկարողանա խուսափել ամուսնական իր պարտականություններից: Անգամ ամրագրվում է սեռական հարաբերության տեսակը:

Մեր երկրում արդեն 7 տարի է, ինչ «Ընտանեկան օրենսգրքով» թույլատրվում է զույգերին, որ ոչ միայն «զագս» գնան, այլեւ՝ ամուսնական պայմանագիր կնքեն: Սակայն այս 7 տարիների ընթացքում մատների վրա հաշված ընտանիքներ են, որ կազմվել են՝ նման պայմանագրերի հիման վրա: 2000-2005թթ. ընթացքում ընդամենը 2 դեպք է գրանցվել՝ պայմանագրի կնքման: Նույնիսկ այն պատգամավորները, որոնք Եվրոպայի պահանջով կողմ են քվեարկել օրենքի այդ փոփոխությանը, վստահեցնում էին, որ եթե իրենց կանայք պահանջեին ամուսնական պայմանագիր կնքել՝ տեղում նշանը հետ կտային կամ ապահարզան կպահանջեին կնոջից:

Ինչպես ցույց տվեցին մի քանի նոտարական գրասենյակներից մեր հարցումները, որպես կանոն, ամուսնական պայմանագրեր կնքում են, երբ սփյուռքահայ կամ արտասահմանցի է ամուսնանում մեր կանանց հետ: ՀՀ նոտարական պալատի նախագահ Ալվարդ Մելքոնյանի խոսքերով՝ «ես ինքս ընդամենը 1 անգամ եմ նման պայմանագիր կնքել՝ 2003-ին, էլի սփյուռքահայ էր»:

«Առավոտի» հետ զրույցում «Your Jurisconsult» ընկերության մասնագետը նշեց, որ չնայած իրենք նման ծառայություն մատուցում են, բայց, ցավոք, դեռ չեն կնքել ամուսնական պայմանագիր. «Պայմանագրում կողմերը կարող են ոչ միայն բաժանել մինչ ամուսնանալը եւ ամուսնանալուց հետո ձեռք բերված գույքը, այլեւ նշել, թե երեխայի խնամքով եւ դաստիարակությամբ ով է զբաղվելու»: «Ալեքս Ռիելթի» գործակալությունից էլ ասացին, որ իրենք կնքել են մի քանի ամուսնական պայմանագրեր, բայց թե ինչ նորմեր են ամրագրվել այդ պայմանագրերում՝ գաղտնիք է:

Որքան էլ հայ տղամարդիկ դեմ լինեն ամուսնական պայմանագրերին՝ պատճառաբանելով, որ ընտանիքը պետք է հիմնված լինի փոխադարձ սիրո եւ վստահության վրա, ոչ թե ինչ-որ թղթի, այնուամենայնիվ, կյանքը ցույց է տալիս, որ ամուսնանալուց առաջ պայմանագիր կնքելու դեպքում շատ դատական քաշքշուկներ չէին լինի, կողմերը կկարողանային բաժանվելուց հետո հստակ իրար մեջ կիսել տան յուրաքանչյուր աթոռը, բաժակը, անգամ անդրավարտիքն ու մնացած մանրուքները: Հայ իրականության մեջ, որպես կանոն, ամուսնալուծությունից հետո կինը մնում է ձեռնունայն՝ երեխաների խնամքն էլ հետը: Մինչդեռ ամուսնական պայմանագիր կնքելով՝ կինը կարող է ամուսնուն ստիպել կիսել իր հետ իր աշխատավարձը, ամեն տարի հոգ տանել ծովափնյա հանգստի մասին, իրեն տանել Հավայան կղզիներ, հատուցել կոսմետիկայի ծախսերը, իսկ ամուսնալուծվելու դեպքում՝ մի լավ մտածել: Սիրով, իրար համար խելագարվելով ամուսնանալուց հետո հաճախ տղամարդիկ «բամփում» են կանանց գլխին ու ասում, որ «էս տան օրենքները սրանք են»՝ թույլ չտալով, որ գլուխը պատուհանից կես սանտիմետր դուրս հանի, ոտքը դարպասից մեկ քայլ առաջ դնի, էլ չենք խոսում հայրական տուն գնալու կամ նման «ճոխությունների» մասին: Մեր «Ընտանեկան օրենսգրքում» սահմանված է, որ ամուսնական պայմանագրով կինը կարող է ոչ միայն իր իրավունքները մեկ առ մեկ սահմանել, այլեւ նշել, որ ամուսինը պետք է դայակ վարձի, վճարի երեխաների ուսման վարձը, բնակարանի եւ կոմունալ ծախսերը, իսկ ինքը դրա փոխարեն պարտավորվի միայն մթերք գնել եւ ճաշ եփել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել