Լրահոս
Օրվա լրահոսը

Անմահների երթի առաջամարտիկը

Մարտ 05,2011 00:00

(Սպարապետի հիշատակին)

Հոգին անմահ է: Դա քրիստոնեական դավանանքի դրույթներից մեկն է: Անմահ են նաեւ գործերը մեծերի, մեծ ու հզոր անհատների, որոնք շարժում են մարդկության քաղաքակրթության անիվը եւ առաջնորդում ժողովուրդներին դեպի պատմական նոր բարձունքներ: Այդպիսին էր Վազգեն Սարգսյանը՝ մեր օրերի Դավիթը, նորանկախ Հայաստանի Հերոսն ու Սպարապետը, մեր նոր սերնդի իդեալը եւ Հայոց նորագույն պատմության գնահատման չափանիշներից մեկը:

Անկախ պետականության նվաճում, Արցախի ազատագրում, հզոր բանակի ստեղծում: Հայ ժողովրդի համար այս երեք պատմական կարեւորագույն իրադարձությունների հիմքում է կանգնած Վազգեն Սարգսյանը: Կանգնած է ոչ թե որպես սովորական մասնակից, այլ՝ որպես առանցքային դերակատար, լիդեր, հրամանատար եւ հիմնադիր: Անկախության շարժումը երկար սպասված լույս էր ողջ հայության համար ու այդ լույսի մեջ փայլեց Վազգեն Սարգսյանը՝ որպես անկախ ու ազատ Հայաստանի գաղափարի անխոնջ մարտիկ եւ իր մեծ ավանդը բերեց երկրի անկախացման գործին: 1992թ. օգոստոսի 15-ին՝ այս նշանավոր օրը, դեռ երկար կհիշենք: Այդ օրը հավերժացնող երեւույթներից է նաեւ Սպարապետի խոսք-ուղերձը, որը հնչեց կապույտ էկրաններից: Մահապարտների գունդ՝ ահա այդ ելույթի իմաստը: Մի զորամիավորում, որը ստեղծվեց ու կռվեց պատերազմի ամենադժվար շրջանում: Դա քաղաքական ու ռազմական անհրաժեշտություն էր, որը գիտակցեց Վազգեն Սարգսյանը: Արցախյան գոյամարտի ողջ ընթացքում Սպարապետը կամքի կենտրոնն էր, անկոտրում ոգու, խիզախության, հույսի խորհրդանիշ՝ կռվող տղերքի համար: Նրա ղեկավարի եւ կազմակերպչի ունակությունները գլխավոր ու բացառիկ նշանակություն ունեցան կամավորական ջոկատների ստեղծման եւ նրանց հետագա գործողությունների կառավարման մեջ: Եվ այսպես այրվելով իր գործով, պայքարով՝ եւս մի երազանք դարձավ իրականություն՝ Արցախն ազատ ու անկախ փաստացի Հայաստանի հետ կապված: Ուժեղ ու հաստատակամ էր Սպարապետը, երկրի առջեւ ծառացած խնդիրները վերցնում էր իր ուսերին եւ հաջողությամբ տանում առաջ: Եվ այդպես իր հզոր թեւերի տակ հավաքելով ղարաբաղյան պատերազմով անցած կամավորական եւ կադրային զինվորականներին, սկսեց բանակաշինությունը: Ու բանակը ստեղծվեց՝ երկրի համար ամենադժվար շրջանում: Հենց պատերազմի ամենաթեժ ժամանակ դրվեցին նրա առաջին հիմնաքարերը: Ստեղծվեց ու կայացավ որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, ԱՊՀ ԶՈՒ-ի լավագույններից մեկը:

«Նա մեծ էր հողով, արյունով հզոր, արմատներ ուներ նա հողում…»: Սա ասված է Սպարապետի մասին, որն այլեւս անմահների երթի առաջամարտիկներից է, հավերժի ճամփորդը, հավերժ փառքի տերը, որը կանգնած է մեր հաջողությունների ու հաղթանակների շքերթի առջեւում եւ իր անտեսանելի զորքի հետ միասին հետեւում ու պաշտպանում է մեզ: Նա՝ մեր Վազգենը, մեզ հետ է, մեր կողքին, մեր տանը, մեր սրտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել