Սպարապետի խոսքն է հիշեցնում նրա ընկերն ու գործընկերը՝ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը
– Դուք ճանաչել եք Վազգեն Սարգսյանին դեռ 80-ական թվականներից: Ի՞նչ հետաքրքիր հուշեր կան՝ կապված այդ տարիների հետ:
– Վազգեն Սարգսյանի հետ ծանոթացել եմ 1982-83 թվականներին, երբ ինքս էլ Երեւանից վերադարձա Արարատի շրջան եւ անցա մանկավարժական գործունեության: Մեզ միավորեց, մտերմացրեց գրականությունը եւ այն թեմաները, որոնք կուզենայինք արծարծել գրականության մեջ: Այդ ժամանակ Վազգենն արդեն որոշակի փորձ ուներ. պատմվածքներ էր գրում, զբաղվում էր հրապարակախոսությամբ, տպագրվում էր: Նույնիսկ նկարահանվեց «Էդելվեյսներ» գեղարվեստական ֆիլմում: Իսկ ես չէի համարձակվում տպագրվել: Անկեղծ ասած, տանել չէի կարողանում սովետական խմբագիրներին: Այն ժամանակ, բնականաբար, մեր մտքով չէր անցնում, որ Խորհրդային Միությունը կարող էր կայծակնային արագությամբ փլուզվել, իսկ Հայաստանի անկախության մասին չէինք էլ… մտածում: Բայց մեզ խիստ հետաքրքրում էին թե ցեղասպանության եւ թե այդ պահին հասարակության մեջ առկա խնդիրները: 80-ականների սերնդի մեջ առաջացել էր փոփոխությունների խնդիրը: Մենք կարծում էինք, որ պետք է սերունդների փոփոխություն, արժեքային փոփոխություններ եւ այդ խնդիրների լուծման համար լավագույնս կծառայի գրականությունը: Մենք մտածում էինք ծրագրային գրականության մասին, որը պետք է բերեր նոր կերպարներ, նոր մտածողություն, նոր փոփոխություններ, հատկապես՝ մտքի ազատություն, որի կարիքը խիստ զգում էինք:
Առանձին մի թեմա էր կանանց խնդիրը: Այդ ժամանակ, հատկապես գյուղական վայրերում, ձեւավորվել էր աղջիկների մի շերտ, ովքեր գնում էին Երեւան սովորում, վերադառնում էին գյուղ եւ չէին հասցնում ամուսնանալ: Մեզ երկուսիս էլ անհանգստացնում էր այս թեման, որովհետեւ երկուսս էլ ցանկացած հայ կնոջ մեջ տեսնում էինք մայր, որը պետք է որդիներ ծներ. զինվորներ՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով:
– Իսկ ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը չամուսնացավ, որ ազգին զինվորներ պարգեւեր:
– 1987-ին ես արդեն երկու երեխա ունեի: Վազգենը երեխաներ շատ էր սիրում եւ միշտ հետաքրքրվում էր երեխաներով: Մի հանդիպման ժամանակ, 1987-ի դեկտեմբերն էր, սեղանի շուրջ Վազգենը խոստացավ, որ մինչեւ մարտի 8-ը կամուսնանա: Մենք նույնիսկ գրազ եկանք: Բայց հետո եղավ այն, ինչը որ եղավ… Սկսվեց շարժումը:
Մի հետաքրքիր զրույց հիշեցի, որը ցույց է տալիս Վազգենի՝ խառնիփնթոր եւ անընդհատ փոփոխվող ժամանակների ընկալումը: Նա պարզապես առարկայորեն, մատներով զգում էր ժամանակները: Երեխաների թեման շոշափեցինք նաեւ 1993-ի մարտի սկզբներին, ես արդեն ունեի չորս երեխա: Երբ հետաքրքրվեց՝ ասացի, որ ուզում եմ նաեւ հինգերորդն ունենալ: Վազգենն իրեն հատուկ հախուռն ձեւով արձագանքեց՝ եթե հինգերորդ երեխան ունենաս՝ ես քեզ ավտոմատ կնվիրեմ: Անցան տարիներ եւ 1999-ի մարտի 30-ին, երբ ՀՀԿ գրասենյակում սպասում էինք բանագնացներին, որ պետք է վերջնական պատասխան բերեին ՀԺԿ-ի կողմից, զրույցի ընթացքում հիշեցրի գրազի եւ իր խոստացած ավտոմատի մասին: Վազգենը միանգամից պոռթկաց՝ «հո գիժ չես, ինչ ավտոմատ, ես քեզ «Նիվա» կնվիրեմ»:
– Ստացա՞ք նվերը:
– Չհասցրի…
– Դուք ոչ միայն Վազգենի ընկերն եք եղել, այլ իբրեւ նախարար աշխատել եք նրա հետ: Ի՞նչ կպատմեք Վազգեն Սարգսյան վարչապետի մասին:
– Ասեմ, որ իմ նշանակումը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ չի եղել, միայն վերջին պահին են իմ թեկնածությունը քննարկել եւ կառավարության կազմը հրապարակելուց բառացիորեն 1-2 ժամ առաջ ինձ տեղեկացրին այդ մասին: Ավելի ուշ մի տեղեկացված անձ ասաց, որ եթե անգամ ես չհամաձայնեի, միեւնույն է, արդեն ինձ նշանակել էին: Վազգեն Սարգսյանն ուներ այդ իրավունքը՝ առանց ինձ իմ վերաբերյալ որոշումներ կայացնելու: Սակայն Վազգենն անընդհատ տատանվում էր. կարդարացնե՞մ ես իր հույսերը, թե՞ կլինեմ հերթական արարատցին կառավարությունում, որը նոր խոսակցությունների առիթ կտար իր մասին: Նա ինձ մեկ ամիս ժամանակ տվեց՝ համակարգին ծանոթանալու համար: Ես շատ բծախնդիր պատրաստվեցի այդ հանդիպմանը, բայց՝ իզուր: Վազգենը բացարձակ չնայեց իմ պատրաստած տեղեկանքներին, հիմնականում հետաքրքրվեց կենսաթոշակային հիմնադրամով, որի մասին ինձ ասել էին, որ նախարարությունն առանձնապես որեւէ ազդեցություն չունի այդ օղակի վրա, չնայած սոցապ նախարարը հիմնադրամի պատվավոր նախագահն էր: Այդ կառույցը, ըստ էության, իրավական լուրջ կարգավիճակի խնդիր ուներ: Ես կարկամեցի, փորձեցի բացատրություն տալ: Դա նրան խիստ հիասթափեցրեց, տեղեկանքները նետեց դեպի ինձ եւ ասաց. «Գնա, ես քո համակարգից ավելի շատ բան գիտեմ, քան դու»: Ես խիստ վիրավորվել էի, եւ սկսեցի սովորել: Բախտս բերեց, ունեցա լավ ուսուցիչներ: Վեց ամիս տեւեց, մինչեւ կարողացա ծանոթանալ եւ տիրապետել համակարգին: Ավելի ուշ Վազգենը հանձնարարեց, որ սոցիալական ծառայությունները եւ սոցիալական ապահովագրության հիմնադրամը միացնել նախարարությանը, քանի որ մարդիկ պահանջում էին նախարարությունից, այն պարագայում, երբ նախարարությունը լծակներ չուներ այդ օղակների վրա: Ըստ որում, դա չպետք է լիներ պարզ, մեխանիկական միացում: Նույնիսկ նշանակված էր խորհրդակցության օրը, որտեղ վերջնականապես պետք է լուծվեին այդ խնդիրները: Ցավոք, այդ խնդրի լուծումը ձգվեց 11 տարի: Այ, հիմա նոր կարծեք թե սկսվում է այդ հարցի լուծումը:
Վազգենի հետ աշխատելը եւ հեշտ էր, եւ դժվար. նա տալիս էր կադրերի ընտրության լիարժեք ազատություն, ինչը նախարարի համար իդեալական վիճակ է, բայց նաեւ պահանջում էր ամենայն խստությամբ:
– Պաշտոնական, աշխատանքային հարաբերություններին զուգահեռ, ընկերական հարաբերությունները շարունակվո՞ւմ էին:
– Նրա համար կարեւորը գործն էր: Երբ երկուսով էինք, խիստ զայրանում էր, որ իրեն անուն-հայրանունով էի դիմում: Մի պատմություն հիշեցի. 1993-ին ես արդեն ընտրվել էի ԳԽ պատգամավոր: Այդ շրջանում դեռ տպավորիչ էր Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակը: Այդ տպավորությամբ ես ինչ-որ մեկի անձնական հարցով անպայման ուզում էի տեսնել Վազգեն Սարգսյանին, որը պետնախարար էր: Մտածում էի՝ տեսնեմ ընկե՞րս է մնացել, թե՞ արդեն «մինիստր» է դարձել: Եվ հանկարծ իր օգնականն ինձ թույլ չտվեց մտնել ընկերոջս մոտ: Ես աներեսորեն համառեցի եւ ինձ, այնուամենայնիվ, տվեցին մեկ րոպե ժամանակ: «Վերջին ուսուցչին» հիշելով՝ մտա ներս եւ 59-րդ վայրկյանին դուրս եկա եւ ընդունարանում տեսա Ղարաբաղի հարցերով ՌԴ դեսպան Կազիմիրովին: Շփոթվեցի. Ղարաբաղի խնդիրն ու իմ «մի զույգ կոշիկի» հարցը: Այլեւս երբեք որեւէ անձնական հարցով չդիմեցի նրան:
– Իսկ վարչապետ Վազգեն Սարգսյանն ունե՞ր պետության իր մոդելը:
– Դա մեկ վարչապետի կամ մեկ կառավարության խնդիր չէ, ավելի խորը հարց է: Ինչպես տեսաք, մենք պատրաստ չէինք անկախությանը, հասարակությունն ինքը չուներ հստակ պատկերացում, թե ինչպիսի պետություն եւ ինչ հասարակություն է ուզում կառուցել: Ըստ իս, Վազգենը պետության շինարարության առանցքում դնում էր ազգային բանակը: Քավ լիցի, խոսքը հասարակության ռազմականացման մասին չէ: Որպեսզի ունենանք նորմալ, մարտունակ բանակ, ապա պետք է ունենանք նորմալ տնտեսություն: 1998-99-ին բանակային շինարարությունն ավելի առաջ էր անցել եւ հրատապ պետք էր տնտեսությունը նույնպես զարգացնել՝ ոչ միայն բանակի պահանջները կատարելու, այլ նաեւ Ադրբեջանի տնտեսության հետ մրցակցելու համար: Սոցիալական առումով նա շատ լավ պատկերացնում էր, թե ում տղաներն են բանակում լինելու, հետեւաբար հայ զինվորը պետք է մեծանար բարեկեցիկ, ապահովված ընտանիքում եւ անպայման կրթություն ստանար: 1998-99-ի վիճակագրությունը ցույց էր տալիս, որ ժամկետային զինծառայողների 48 տոկոսը մինչեւ 8-րդ դասարան կրթություն ստացած տղաներ էին, ինչը էականորեն ազդում էր զինվորների հարաբերությունների եւ բանակի մթնոլորտի վրա: Տնտեսության մեջ Վազգենը միշտ օգտագործում էր «լոկոմոտիվ» բառը, մտածելով, հավանաբար, որ պետության միջոցների հաշվին կկարողանար աշխատեցնել երկու-երեք կարեւոր գործարաններ, որոնք իրենց ետեւից կտանեին տնտեսությունը: Սա բանավեճի տեղիք էր տալիս հատկապես միջազգային փորձագետների կողմից: Բայց Վազգենը բավականին կատեգորիկ էր. եթե հստակեցրել էր իր նպատակը, ապա անպայման կիրականացներ:
1998-ից արդեն ստեղծվել էր մի խումբ, որը զբաղվում էր ՀՀԿ-ի, Երկրապահի միաձուլման խնդիրներով եւ ամեն մի հանդիպման ժամանակ Վազգենը զարմացնում էր ինձ իր քաղաքագիտական, հասարակագիտական եզրակացություններով: Մի առիթով Վազգենը համեմատական վերլուծություն կատարեց. «Սամվել Բաբայանը՝ Ղարաբաղում, ինքը՝ Հայաստանում»: Եզրակացությունն ապշեցուցիչ էր: Ասաց՝ Սամվել Բաբայանը հաղթած զորավար է, բայց քանի որ պատերազմի ընթացքում Ղարաբաղից մտավորականության մի շերտ դուրս եկավ, նրա ազդեցությունը ժողովրդի վրա կոշտ էր եւ ուղղակի: Հայաստանում, բարեբախտաբար, դեռ կա մտավորականության մի շերտ, որը ամորտիզացիոն դեր է կատարում իմ եւ ժողովրդի միջեւ: 1999-ից հետո այդ շերտը, ցավոք, Հայաստանում նույնպես պակասեց եւ այդ գործառույթը՝ միջնորդ – մեղմացուցիչի, ինչ-ինչ առումով իր վրա վերցրեց լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը: Նա միջնորդ- մեղմացուցիչ էր, թող հակասական չթվա, ոչ միայն ժողովրդի եւ իշխանությունների միջեւ, այլեւ՝ վարչապետի ու ժողովրդի: Անդրանիկ Մարգարյանը ինքն իրեն տարբերում էր որպես անձ եւ որպես վարչապետ:
Այսօր որքան մեծ է կարիք-անհրաժեշտությունը հասարակական մի հաստատության, որն իր վրա վերցներ այդ դերը: Դա կարող էր անել կաթողիկոսը, բայց, ավաղ, կրիտիկական պահին նրա փորձը կարծես չհաջողվեց: Գուցե ՍԴ նախագա՞հը կամ Հանրային խորհո՞ւրդը, բայց, ցավոք, ՀԽ-ի գործունեությունը կարծես թե պասիվ է եւ հասարակական դժգոհությունները, որոնք առկա են, այդ մարմնի միջոցով չէ, որ ձեւակերպվում եւ ներկայացվում են իշխանություններին:
Վերը նշված խոսակցության ժամանակ էր, որ Վազգենը մտազբաղ ու մտախոհ ասաց. «Չի կարելի պետությունը թողնել մեկ անձի վրա. վտանգավոր է»: Ահա թե ինչու փորձում էր արագ տեմպերով ստեղծել քաղաքական, պետական կառավարման, տնտեսական եւ այլ հաստատություններ, որոնք պետք է փոխարինեին անձնային վիճակին: Ընդհանրապես, իր ողջ գործունեության ընթացքում նա համախմբող գործառույթ է իրականացրել: Վազգենի ամենամեծ պատմական ծառայությունն այն էր, որ կարողացավ 1990-ականների սկզբին առանձին անջատ հայկական զինված ջոկատներին համախմբել, ինչն էլ դարձավ հետագա հաջողությունների հիմնական գրավականը: Նման բան պատմության ընթացքում շատ քիչ գործիչների է հաջողվել: Հետո քաղաքական դաշտում համախմբեց Հանրապետականին եւ Երկրապահին, հետո ստեղծվեց «Միասնություն» դաշինքը: Նրա վարչապետության տարիներին էին քննարկվում քաղծառայության համակարգի ներդրումը, գնումների կոմիտեն, հայտարարագրման համակարգը. դրանք հետագայում իրականացվեցին, բայց…
– Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:
– Որպես կանոն, մարտի 5-ին ես այցելում եմ Վազգեն Սարգսյանի ծնողներին: Հոգու պարտք է համբուրել այն մոր ձեռքերը, որ հայ ժողովրդին պարգեւել է Սպարապետ: