Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻՆ ԴԵՌ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է

Մարտ 05,2011 00:00

Լիբիայում ուրբաթօրյա աղոթքից հետո Մուամմար Քադդաֆիի հրաժարականի պահանջով մայրաքաղաք Տիպոլիի փողոց են դուրս եկել հազարավոր ցուցարարներ: BBC-ի փոխանցմամբ, տեղեկություններ են ստացվում մայրաքաղաքի արեւելյան հատվածի Թաջուրա ծայրամասում, որտեղ անցած շաբաթ խոշոր ընդհարումներ էին եղել, նոր լարվածությունների մասին: Մարդիկ դուրս են եկել փողոցներ ու մտել գլխավոր մզկիթի տարածք, որտեղ ոստիկանական եւ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ են կուտակված: Ականատեսների մատուցմամբ, որոշ ցուցարարներ այրել են Քադդաֆիի ռեժիմը խորհրդանշող կանաչ դրոշները:

Զինվորականների մեծ հոսք է նկատվել նաեւ քաղաքի ավտոմայրուղիներում: Քադդաֆիի կողմնակիցներն այնտեղ պահակակետեր են դրել եւ ստուգում են բոլոր մեքենաները: Իշխանություններն օտարերկրյա լրագրողներին թույլ չեն տալիս դուրս գալ հյուրանոցներից:

Ընդսմին, ինքնաթիռները նոր հարվածներ են հասցրել երկրի արեւելյան՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքներին: Ուրբաթ օրը ռումբեր են պայթել Աջաբիա քաղաքի ռազմամթերքի պահեստի հարեւանությամբ, բայց դրանք ոչնչացնել չի հաջողվել: Քադդաֆիի ավիացիան վերջին երկու օրերին արդեն երկրորդ անգամ հարձակման է ենթարկել Բրեգա քաղաքը, որը երկրում թվով երկրորդն է իր նավթային տերմինալներով:

Ուրբաթ օրը հայտնի է դարձել, որ Անգլիայի արեւելյան ափին բռնագրավվել է մի նավ, որը ուղղություն է վերցրած եղել դեպի Լիբիա: Նավը տեղափոխել է մեծ քանակությամբ լիբիական արժույթ՝ 160 մլն դոլար: Բրիտանական ԱԳՆ-ն դա բացատրել է նրանով, որ նման փոխադրումները Տրիպոլիի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների խախտում են:

Հաղորդվում է նաեւ, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան համաձայնության են եկել Լիբիայի օդային տարածքը վերահսկելու եւ այդ երկրի ղեկավար Մուամմար Քադդաֆիին հավատարիմ զինուժի ռազմական ինքնաթիռների թռիչքները կանխարգելելու հարցում: Այս քայլը նպատակ ունի թույլ չտալու, որ Քադդաֆիի ինքնաթիռները ռմբակոծեն ապստամբ բնակչության վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել