Բահրեյնում ավելի քան երկու շաբաթ տեւած հակակառավարական բողոքի զանգվածային ցույցերից հետո երկրի կենտրոնական հատվածում գտնվող Մադինա-Խամադ քաղաքում առաջին անգամ սունիների եւ շիաների միջեւ բացահայտ բախում է տեղի ունեցել: Reuters-ի փոխանցմամբ, հակակառավարական ցույցերն աստիճանաբար վերածվում են միջկրոնական բախումների: Հազարավոր շիա ցուցարարներ, որոնք երկրի մայրաքաղաք Մանամայում վրանային ճամբար են ձեւավորել եւ թագավորական ընտանիքից պահանջում են ընդլայնել իրենց քաղաքական իրավունքներն ու հնարավորություն տալ ներկայացված լինել կառավարությունում՝ սունիների իշխանություններին մեղադրում են խտրականության մեջ:
Շիաների եւ սունիների բախումները սկսվել են ուրբաթ օրը, մի քանի ժամ անց այն բանից, երբ ընդդիմությունը հայտարարել է իշխանությունների հետ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին եւ թագաժառանգին ուղարկած իր նամակում պահանջել է նոր կառավարություն ձեւավորել ու վերանայել Սահմանադրությունը:
Մադինա-Խամադում շիաները կռվի են բռնվել սունիների մի խմբի եւ ծագումով սիրիացի քաղաքացիների հետ: Ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 100 մարդ:
Բախումները, որոնց ընթացքում մի քանի մարդ վնասվածքներ են ստացել, կասեցվել են միայն տեղի ոստիկանության ջանքերով: Ավելի ուշ բախումներ են եղել նաեւ ոստիկանների ու Բահրեյնի այլ շրջանների շիաների միջեւ:
Աղբյուրի մատուցմամբ, այդ բախումներից հետո քաղաքի օդային տարածքում սկսել են պարեկային հսկողություն իրականացնել երկու ուղղաթիռներ: Այն բանից հետո, երբ Մանամայում բողոքի ակցիաների առաջին օրերին զոհվել էր 7 մարդ, եւ ոստիկանությունը միջամտել էր իրավիճակին, ցույցերը խաղաղ ընթացք են ստացել: Ցուցարարներն իրենք են փորձում խուսափել կրոնական բախումներից եւ ազատության ու միասնության կոչ են անում: