Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում հեղափոխություններ չեն լինի

Մարտ 05,2011 00:00

\"\"Ռուսաստանցի վերլուծաբանները ուշադրությամբ հետեւում են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Թունիսում եւ Եգիպտոսում ամբողջատիրական վարչակարգերը տապալվել են, հիմա ընդվզումներ են նույնիսկ նավթով հարուստ Լիբիայում, Բահրեյնում եւ Օմանում, եւ չի բացառվում, որ ածխաջրածնային հումք արտահանող այլ երկրներում էլ բախումներ սկսվեն:

Սակայն Վլադիմիր Պուտինի իշխանության դարաշրջանում ձեւավորված եւ պետական բոլոր համակարգերը հսկողության տակ առած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը համոզված է, որ Ռուսաստանում նման սցենարն անհնար է: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Եդինայա Ռոսիա»-ից ընտրված Պետական դումայի պատգամավոր Անդրեյ Իսաեւն ասել է, որ Ռուսաստանում չկան հեղափոխության նախադրյալներ. «Մեր ժողովուրդը տեսել է Ուկրաինայի, Վրաստանի եւ Ղրղըզստանի «գունավոր» հեղափոխությունները եւ գիտի, որ դրանք ոչ մի լավ բան չեն բերում»:

Լեւադայի հասարակական հետազոտությունների կենտրոնի հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 38 տոկոսը ենթադրում է, որ «եգիպտական սցենարը» հնարավոր է, իսկ 43 տոկոսը դա անհավանական է համարում։ Հարցվածների 49 տոկոսը պատրաստ է մասնակցել բողոքի ակցիաներին, մեկ ամիս առաջ նման պատրաստակամություն էր հայտնել 40 տոկոսը։

«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Շեինը, որը Կոմունիստական կուսակցության եւ լիբերալ-դեմոկրատների հետ միասին կազմել է Կրեմլի նկատմամբ ոչ թշնամաբար տրամադրված ընդդիմության ճամբարը, «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե երկիրը վտանգի մեջ է, քանի որ «Եդինայա Ռոսիան» կասեցրել է հասարակական կարծիքը հայտնելու բոլոր օրինական միջոցները։ Խնդիրն այն է, որ «Եդինայա Ռոսիան» ոչնչացրել է բոլոր ժողովրդավարական ինստիտուտները։ Նա համոզված է, որ երկրում զանգվածային դժգոհությունը ընտրության լեգիտիմության պակասի հետեւանք է. «Չի կարող ամբողջ երկիրն աշխատել մի խումբ գողերի համար: Վաղ, թե ուշ համակարգը փլուզվելու է, իրավիճակը կկայունացնի միայն մեկ բան՝ արդար, ազնիվ, թափանցիկ ընտրությունները, երբ մարդիկ կհամոզվեն, որ միայն այդ մեխանիզմի շնորհիվ է հնարավոր ազդել իշխանությունների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել