Արարատի մարզի Այնթապ համայնքում կան բազում խնդիրներ, չկա մանկապարտեզ
Այնթապը «կպած» է Երեւանին: Երեւանի ներքաղաքային որոշ երթուղիներ անցնում են այս գյուղով: Թվում է, թե մայրաքաղաքին մոտ լինելը պետք է համայնքին զարգանալու մեծ հնարավորություններ տար: Բայց գյուղում բացակայում են տարրական բաներ: Համայնքն ունի 10 հազար բնակիչ, այս թիվը գնալով մեծանում է, ստեղծվում են նոր թաղամասեր, սակայն բնակիչների կենսապայմանները բարելավելու ուղղությամբ տարիներ ի վեր ոչ մի նկատելի քայլ չի կատարվել:
Չնայած համայնքում այսօր կա ավելի քան 300 մանկահասակ երեխա, սակայն չկա մանկապարտեզ: Այնթապցիները վերջին անգամ մանկապարտեզ ունեցել են 1994 թ.-ին: Ծնողները երեխաներին տանում են հարեւան Խարբերդ համայնքի կամ Երեւանի Նորագավիթ թաղամասի մանկապարտեզ: Չնայած գյուղապետարանը հոգացել է Նորագավիթի մանկապարտեզ այցելող երեխաների տրանսպորտային հարցը եւ նրանց ավտոբուս է տրամադրել, բայց դա էլ հարցի լուծում չէ: Բնակչուհի Սաթենիկ Սահակյանն «Առավոտի» հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնում. «Տղաս արդեն հինգ տարեկան է: Ուզում եմ, որ մանկապարտեզ հաճախի, շփվի երեխաների հետ, լավ բաներ սովորի: Ես էլ ուզում եմ աշխատել, որպեսզի ամուսնուս հետ հասցնենք մեր ընտանիքի հոգսերը հոգալ: Բայց գյուղում մանկապարտեզ չկա: Իսկ ուրիշ տեղ մանկապարտեզ հասցնելը երեխայի համար հոգնեցուցիչ է: Մեկ տարի առաջ մի քանի օր նրան տարա Նորագավիթի մանկապարտեզ: Բայց ավտոբուս նստելիս ամեն անգամ տղաս լալիս էր, նա չի կարողանում ավտոբուսով երկար ճանապարհ գնալ, սրտխառնոց է ունենում: Մի քանի օր տանելով՝ զգացի, որ դա ուղղակի տանջանք է երեխայիս համար: Այլեւս չտարա»: Մանկապարտեզի բացակայությունը մտահոգում է գյուղի հատկապես երիտասարդ ընտանիքներին: Այս ընտանիքներում կանայք հիմնականում չեն աշխատում, անգամ դժվարանում են հողագործությամբ զբաղվել՝ ընտանիքի հոգսը ամբողջությամբ թողնելով ամուսնու վրա: Իսկ դա իր հետ բերում է սոցիալական լուրջ խնդիրներ: Մանկապարտեզի տարիքի երեխաների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել՝ որ մանկապարտեզ կառուցելու խնդրանքով դիմեն ՀՀ վարչապետին ու նախագահին:
Այնթապցիների բախտը չի բերել նաեւ միջհամայնքային փոխադրամիջոցների հարցում: Համայնքին սպասարկող հիմնական փոխադրամիջոցներն են թիվ 33 եւ 38 ավտոբուսները, թիվ 104 միկրոավտոբուսը: Այս փոխադրամիջոցները սպասարկում են ոչ միայն Այնթապին, այլ նաեւ հարեւան համայնքներին, եւ հասարակական տրանսպորտը այնքան ծանրաբեռնված է լինում, որ այնթապցիները հիմնականում երթեւեկում են «մի ոտքի վրա»: Դրա պատճառը նաեւ փոխադրամիջոցների ոչ ժամանակին եւ ոչ ճիշտ գրաֆիկով աշխատելն է:
Առանձնապես մտահոգիչ է «Նոր հողեր» թաղամասի բնակիչների վիճակը: Այնթապի միայն կենտրոնական մասում գործում է երկու հանրակրթական դպրոց: Դպրոց հասնելու համար գյուղի մյուս թաղամասերի երեխաները, տասը տարուց ավելի է, ինչ կտրում-անցնում են երկար ու անբարեկարգ ճանապարհ, որոնք երբեւէ չեն բարեկարգվել ու ասֆալտապատվել: Ճանապարհներն այնքան երկար ու ցեխոտ են, որ հատկապես անձրեւոտ եղանակներին երեխաները կոշիկները ցելոֆանով փաթաթում են, որը հանում են դպրոց հասնելուն պես: Ասում են՝ որոշ երեխաներ ճանապարհի կեսից կոշիկները փոխում են: Ցեխառատ, երկար ճանապարհից երեխաներն այնքան են հոգնում, որ հազիվ թե ուսուցչի պատմած դասը կարողանան ընկալել:
Այս ամենով հանդերձ, «Առավոտի» հետ զրուցած այնթապցիներից ոմանք լավատես են: Ասում են՝ վերջին տարում գյուղի որոշ թաղամասեր գազիֆիկացվել են, կենտրոնական փողոցը լուսավորված է, գյուղապետարանի շենքը հիմնանորոգվել է, նոր թաղամասերը խմելու ջրով են ապահովվել: