Հունվարի 31-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ «Վիքիլիքսի» տեղեկատվության մասին պարզաբանումներ ստանալու: Ըստ հայտնի կայքի, Հայաստանը հանձին իր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Իրանի Հանրապետությանն է վաճառել զենք, որը գնել էր Բուլղարիայի Հանրապետությունից:
ՀՀ վարչապետը նամակը հասցեագրել էր պաշտպանության նախարարությանը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի վարչական ապարատի ղեկավար Դ. Բենգլյանը պատասխանել է իրավապաշտպան կառույցի ղեկավար Արթուր Սաքունցին:«Ինչ վերաբերում է գործարքների մասին տեղեկությունների հրապարակմանը, ներառյալ պայմանագրի պատճենի տրամադրումը, ապա դրանք ստանալու համար առաջարկում ենք դիմել Ձեր կողմից նշված տեղեկատվությունը հրապարակած կազմակերպությանը կամ վերջինի կողմից հրապարակված նյութերում հիշատակված իրավաբանական անձին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տեղեկությունը կարող է համարվել տվյալ իրավաբանական անձի առեւտրային գաղտնիքը»,-գրված է Բենգլյանի պատասխանում:
ՊՆ-ն գրում է նաեւ, որ առհասարակ զենքի եւ զինամթերքի փոխանցումն օտարերկրյա պետություններին իրականացվում է երկու եղանակով. տեխնիկական համագործակցության շրջանակներում՝ պայմանագրերի հիման վրա եւ տնտեսվարող սուբյեկտների նախաձեռնությամբ՝ ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցին այլ բան չի մնում, քան դիմել «Վիքիլիքսին»: