Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել:
«Առավոտի» տեղեկություններով, մարտի 3-ին, գիշերվա ժ. 02.15-ին շտապ բուժօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանությանը հայտնել են, որ Ազատամարտիկների (Թոխմախի) փողոցի հարակից այգուց իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված՝ 23-ամյա Հայկ Խաչատրյանը:
Նա ստացել էր աջ ոտքի փափուկ հյուսվածքների սալջարդ: Իսկ նույն օրը ժ. 03.30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնում են, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 45-ամյա Արթուր Խաչատրյանը: Երկուսն էլ բնակվում են Ազատամարտիկների փողոցի թիվ 80 շենքում: Արթուրը Հայկի հայրն է:
Ինչ էր տեղի ունեցել:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ըստ նախնական վարկածի, Հայկը հեռախոսով առավոտյան վիրավորական արտահայտություններ է արել փեսայի՝ Անդրանիկ Թադեւոսյանի հասցեին: Արդեն կեսգիշերին, փեսան եւ նրա եղբայրը՝ Հակոբ Թադեւոսյանը պարզաբանման նպատակով Հայկին կանչում են նշված այգու տարածք: Փեսան հանդիպման է գնում եղբոր հետ «Վազ-2121» «Նիվա» մակնիշի 18 ՍՕ 257 համարանիշի ավտոմեքենայով, իսկ Հայկն ու հայրը՝ առանց մեքենայի:
Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվում է նրանով, որ, ըստ նախնական ապացույցների, փեսայի եղբայրը իր մոտ եղած դանակով հարվածում է Արթուր Խաչատրյանին, իսկ փեսան՝ ոտքով հարվածում է աներորդուն:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել եւ տուգանային հրապարակ են տեղափոխել «Վազ- 2121» «Նիվա» մակնիշի ավտոմեքենան՝ դիմապակին եւ կողապակիները կոտրված վիճակում: Ըստ նախաքննության տվյալների, այն կոտրել են Խաչատրյանները: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 112 հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու հատկանիշով: Երեկվանից փեսան եւ նրա եղբայրը ոստիկանների կողմից դեռ փնտրվում էին: