9 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Գեւորգյանի ցուցմունքով 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանը:
Նա ձերբակալվել էր 2009թ. հունիսին: Ըստ այդ օրերին ԱԱԾ տարածած տեղեկատվության՝ «Զվարթնոցում» զննման են ենթարկվել ուղեւորներ Մ. Ավետիսյանը եւ Հովհաննես Գեւորգյանը, որոնց մոտ հայտնաբերվել է 0,5մգ քացախաթթվի անհիդրիդ, որը հանդիսանում է «ափիոն» թմրամիջոց պատրաստելու պրեկուրսոր.«Այդ պրեկուրսորն ապօրինի ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննիչ Վ. Կոթոլյանի կողմից նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել են ՀՀ ոստիկանություն: Ապա քննիչ Վ. Կոթոլյանը, Հ. Գեւորգյանի մոտ համոզմունք առաջացնելով, որ կարող է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում նպաստավոր ելք ապահովել վերջիններիս համար եւ նրանց օգնելու պատրվակով Հ. Գեւորգյանից պահանջել եւ ստացել է $4000 գումար»: Կաշառքի մեղադրանքով ԱԱԾ քննիչը դատապարտվեց ազատազրկման:
Մենք տեղեկացրել էինք, որ Վ. Կոթոլյանի փաստաբանները դիմել էին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան, ուր Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվում է վերաքննիչ բողոքի քննությունը:
Հետաքրքիր շարժ է գրանցվել այս դատավարության ժամանակ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ապա ՀՀ գլխավոր դատախազին, վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին է դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Հովհաննես Գեւորգյանը: Նա գրել է. «Նախքան դիմումիս բուն իմաստին անցնելը, ասեմ, որ փաստորեն ես խաբվեցի: Քննության ընթացքում ես դատարանում արեցի այն, ինչ որ ինձանից պահանջվեց: Բայց պետք է, որ ինձ տված խոստումը կատարվեր ու ինձ չկալանավորեին: Խաբեցին, ու ինձ 9 տարվա կալանք տվեցին»: Ոստիկանների կողմից թմրամոլ համարվող Հովհաննես Գեւորգյանը շարունակում է, որ հայտնվելով բանտում, «տեսնելով, թե դա ինչ ծանր բան է», հասկացել է, որ ճիշտ չի արել. «Կոթոլյանին որեւէ գումար չեմ տվել եւ նրա հետ կաշառքի մասին որեւէ խոսակցություն չեմ ունեցել: Ես Կոթոլյանին 4000 դոլար գումար չեմ տվել: Քննության ընթացքում այդպես եմ գրել, որովհետեւ ինձ ասացին, որ քեզ բաց կթողնենք: Ես համաձայնեցի, գրեցի, դրա համար էլ բաց թողեցին: Քանի որ ինձ փող էր հարկավոր, ես մորս խաբեցի, թե Կոթոլյանին պետք է կաշառք տամ: Բայց ոչ մի կաշառք չեմ տվել, չէի էլ տալու, որովհետեւ կաշառք չի էլ ուզել: Իմ խիղճը ինձ տանջում է, որ ես Կոթոլյանի վրա սուտ ցուցմունք եմ տվել եւ նա դատվել է անմեղ տեղը: Դիմումը գրված է իմ ձեռքով: Դրանից հետո ինչ կանեք, դա ինձ չի վերաբերում»: Ի դեպ, այս դիմումը հրապարկվեց վերաքննիչ դատարանում, Կոթոլյանի բողոքի քննության ժամանակ: Նրա փաստաբանները միջնորդեցին, որ դատական հաջորդ նիստին դատարան բերվի դիմումատուն՝ Հովհաննես Գեւորգյանը:
Այդ դիմումը որոշակի շրջանակներին գցել էր անհարմար վիճակի մեջ, եւ մեր տեղեկություններով՝ կար անգամ խոսակցություն, որ մեղադրանքի կողմը գուցե հրաժարվի մեղադրանքից…Բայց օրեր առաջ դատարան բերված դատապարտյալ Հովհաննես Գեւորգյանը հրաժարվեց, ասելով, թե ինքը նման դիմում չի գրել…
ԱԱԾ քննիչի փաստաբանները միջնորդել են, որպեսզի դատաձեռագրաբանական փորձաքննությամբ պարզվի, թե ի՞նչ դիմում է հայտնվել դատարանում, ո՞ւմ ձեռագիրն է այն: