Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գումար նախարարին՝ հաշմանդամության համար

Մարտ 05,2011 00:00

«Մեզ մոտ գալուց քաղաքացին սպասելիքով է գալիս, գալիս է, որ ստանա, սակայն երբ մենք նրան մերժում ենք կամ իր սպասածից ավելի ցածր կարգ ենք տալիս, բնականաբար նա սկսում է դժգոհել: Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ հաշմանդամությունը մարդու սոցիալական կարգավիճակ չէ, այլ առողջական»,- բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) հանձնաժողվի նախագահ Միշա Վանյանը երեկ այսպես պատասխանեց մեր այն հարցին, թե ինչու են մեր քաղաքացիներն անընդհատ դժգհում, որ ԲՍՓ հանձնաժողովը համապատասխան կարգ չի տալիս:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ ավելացրեց, որ իր հրահանգով անգամ հանձնաժողով է կազմվել առողջապահության նախարարության երաշխավորած բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ. «Քանի որ ամեն ամիս մենք ընդունելություններ ենք կազմակերպում, եւ այդ ժամանակ շատ են լինում նման դժգոհությունները, այդ իսկ պատճառով մենք վերցրեցինք մեկ կոնկրետ դեպք, որի նման շատ դեպքեր կան, կազմեցինք հանձնաժողով եւ այդ հանձնաժողովը տվեց նույն եզրակացությունը, ինչ տվել էր բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը: Չնայած դրան, հաշմանդամ տղայի մայրը, պատկերացրեք, ինձ նույնիսկ գումար էր առաջարկում, եւ ասում, որ իրենց պետք է 2-րդ կարգ տանք: Չէր դժգոհում, որ հասնում է, բայց չենք տալիս, այլ դժգոհում էր, որ իրեն պետք է, ու չենք տալիս: Այս կնոջ դժգոհությունները դրանից հետո էլ չավարտվեցին, նա շարունակում է բողոքել»,- պատմեց նախարարը: Մեր հարցին, թե որքան գումար է առաջարկել այդ քաղաքացին, նախարարը միայն ժպտաց:

Երեկ պարոն Վանյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին է ներկայացրել իր ոլորտի հաշվետվությունը: Ըստ նրա, աշխատունակ հաշմանդամների թիվն ավելացել է, այսինքն՝ 2-րդ կարգի հաշմանդամները դարձել են 3-րդ կարգի. «Մասնակի վերականգնման միջին ցուցանիշը 5,7% է, լրիվ վերականգնման ցուցանիշը՝ 2,7 %: Հիմա մեր հանրապետությունում կա 58 850 հաշմանդամ եւ այդ թիվն աճում է: Միայն 2010-ին 2951-ով ավելի հաշմանդամ է գրանցվել, քան նախորդ տարի: Ուրախալին այն է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով ձեռք բերած հաշմանդամների քանակը նվազել է, եթե 2010-ին 369 այդպիսի հաշմանդամ է եղել, ապա այս տարի՝ 54-ն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել