Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՈԾԿԵ՞Լ

Մարտ 05,2011 00:00

\"\"Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցում տեսչական ստուգում իրականացնողները երեխաներին լացեցնելու աստիճան նեղում են:

Փետրվարի 19-ին «Հրեշտակների դպրոցը» հրապարակմամբ անդրադարձել ենք Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի ու նրա տնօրեն Սուսաննա Նազարյանի շուրջ զարգացումներին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրենը հայհոյում է եւ ծեծում աշակերտներին, բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ ու նայողներ է պատրաստում: Տնօրենը հերքում էր այս մեղադրանքները: Փետրվարի 23-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը խիստ նկատողություն է հայտարարել Սուսաննա Նազարյանին, իսկ փետրվարի 25-ին էլ գրել ենք, որ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ: Մարտի 1-ին էլ գրել ենք, որ Սուսաննա Նազարյանը հեռանալու մտադրություն չունի, հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա, որ ինքը շարունակելու է մնալ եւ պաշտոնավարել դպրոցում: Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների մի մասն էլ ի պաշտպանություն Նազարյանի ստորագրություն է տվել:

Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցում կրքե րը չեն հանդարտվում: Կրթօջախում տեսչական ստուգումներ են սկսվել: Ստուգման չորրորդ օրը, բջջային հեռախոսով դպրոցի նախկին սան Ալբերտ Հարությունյանի մայրիկին՝ Անահիտ Եղիազարյանին է զանգում ԿԳ նախարարությունից ներկայացած Արմինեն եւ Անահիտին դպրոց հրավիրում՝ նախարար Աշոտյանին ուղղած վերջինիս «բաց նամակը» քննարկելու համար: Փետրվարի 19-ի նյութում տեղեկացրել էինք, որ Սուսաննա Նազարյանի ճնշումներին չդիմացած ու դպրոցից գնացած ուսուցիչներն ու աշակերտների ծնողները (39 ստորագրություն) «բաց նակակ» էին գրել ԿԳ նախարարին, որը վերջինիս անձամբ հանձնել էր Ալբերտ Հարությունյանի մայր Անահիտ Եղիազարյանը:

Նախարարի ընդունելությունից տիկին Անահիտը գոհ էր. «Պարոն Աշոտյանը նույնիսկ ասաց՝ այն ամենը, ինչ գրված է մամուլում, հիմնականում համապատասխանում է իրականությանը: Ասաց նաեւ, որ ավելի շատ ինֆորմացիա ունի»: Անահիտ Եղիազարյանի փոխանցմամբ՝ նախարարն այդ դպրոցում կադրային փոփոխություններն անխուսափելի է համարել:

Արմեն Աշոտյանի եւ էջմիածինցի ծնողի հանդիպումից օրեր անց «բաց նամակը» ԿԳ նախարարության աշխատակիցների միջոցով հայտնվում է դպրոցում՝ տնօրեն Սուսաննա Նազարյանի եւ փոխտնօրեն Հռիփսիմե Հակոբյանի սեղաններին:

Սրանից հետո, նամակում բերված փաստերի իսկությունը ստուգելու փոխարեն, նախարարության աշխատակիցները սկսում են մեկ առ մեկ դպրոց հրավիրել նրանց, ովքեր «հանդգնել» են ստորագրել նամակի տակ: «Առաջին գծում», բնականաբար, հայտնվում են այն աշակերտները, ովքեր դեռ այս դպրոցի սաներ են: Անակնկալի գալով, որ իրենց ստորագրությամբ նամակը ԿԳ նախարարի սեղանից վերադարձել է դպրոց, վախեցած, նախարարության ներկայացուցիչների բարոյա-հոգեբանական ճնշմանը ենթարկված երեխաները ասում են, թե իրենք ստորագրել են մի նամակի տակ, որով, իբր, խնդրել են իրենց դասընկերոջ՝ Ալբերտի վերադարձը դպրոց:

Կրթօջախի այլ սաներ տեսել են, թե ինչպես են «կանչվածները» տնօրենի աշխատասենյակից լացելով դուրս գալիս: «Երեխաներին բարոյական ճնշման են ենթարկել եւ ստիպել, որ ասեն՝ թե նամակի տակ իրենք ստորագրել են չդիմանալով պարտադրանքին: Տղաս տուն էր եկել ու մեղքի զգացումով առանձնացել: Ես նրան բարոյական արժեքների մասին դասեր եմ տալիս, ազնվություն քարոզում, իսկ հիմա նա գլխիկոր նստել է՝ անհարմար զգալով, որ հարկադրված է եղել ստել: Ի՞նչ իրավունքով են երեխայիս սթրեսի հասցրել, ինչո՞ւ են ստիպել սուտ խոսել»,- գանգատվեց 14-ամյա Վահագն Գազազյանի մայրը, ով պատրաստվում է զանգել ԿԳ նախարարություն՝ պարզելու, թե ո՞րն է երեխաների նկատմամբ ճնշման դրդապատճառը:

Մեկ այլ աշակերտի՝ Սմբատ Մարուքյանին հայրն ասել է՝ կգնաս ու տղամարդավարի ասածիդ տեր կկանգնես, ի հավելումն որի տղայի քույրը՝ Վարդինե Մարուքյանը հայտարարել է, որ ինքը կգնա եւ պատասխան կտա իր եւ եղբոր անունից:

Ձեզ հետաքրքրում են ստորագրության հեղինակների ինքնությո՞ւնը, թե՝ նամակում բարձրացրած հարցերը՝ նման հարցադրմամբ էլ տեսչական ստուգումն իրականացնողներին է դիմել այլ դպրոց տեղափոխված Ալբերտ Հարությունյանի պապիկ Սիրեն Եղիազարյանը: Էդ ի՞նչ հարց ես տալիս՝ խիստ յուրօրինակ պատասխան են տվել ստուգողները:

Սիրեն Եղիազարյանը նույնպես հանդիպել է նախարար Աշոտյանին ու նրան փոխանցել իր ունեցած փաստերն այն մասին, որ ուսումնական տարվա տարբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունից բացակայող երեք ուսուցչուհիներ վարձատրվել են բացակա ամիսների համար: «Տարբեր միջնորդների օգնությանը դիմելով՝ Սուսաննան ուզում է լռեցնել ինձ: Բայց ես անդրդվելի եմ: Ականջիս հասել է, որ սկսել է «սրբագրել» ռոճկացուցակը»,-«Առավոտին» փոխանցեց Սիրեն Եղիազարյանը, հավելելով՝ եթե հասցրած լինի ցուցակները փոխել, կդիմեն դատախազություն՝ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու պահանջով:

Մարտի 1-ի նյութում «Առավոտը» նկատել էր, որ քրեական գործի հարուցումից հետո Սուսաննա Նազարյանը շարունակում է պաշտոնավարել: Էջմիածինցիները պատմում են, որ մարդիկ տեսել են, թե ինչպես է մինչեւ ուշ գիշեր վառ եղել դպրոցի տնօրենի աշխատասենյակի լույսը: Թե ինչ է արել ուշ ժամին տնօրենը աշխատասենյակում՝ չգիտենք, բայց այն, որ պաշտոնեական լիազորությունները անցնելու մեղադրանք կրող եւ կամովին հեռանալ չցանկացող տնօրենի ձեռքի տակ են դպրոցի ողջ փաստաթղթերը՝ մտորելու, անհանգստանալու տեղիք է տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել