Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մրցում են ռոբոտները

Մարտ 05,2011 00:00

Նրանք կհետեւեն գծին, կտարբերեն իրերն ու ականներ կփնտրեն

Ռոբոտաշինության զարգացման ուղղությամբ Հայաստանում վերջին տարիներին ակտիվ աշխատանք է տարվում: Արդեն 3-րդ տարին անցկացվում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն, որը նպատակ ունի միցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդներին, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Երեկ ՀՊՃՀ-ում կայացավ «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի մասնակիցները նախագծել եւ պատրաստել էին ռոբոտ, որը շարժվում է սպիտակ դաշտի վրա գծված սեւ գծերի ուղղությամբ եւ անցնում 270 մմ բարձրությամբ թունելի միջով: Պատրաստված ռոբոտների քաշը չպետք է գերազանցի 4,5 կգ-ը: «Արմռոբոտիքսի» մենեջեր Մարիամ Նահապետյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթի համար նախապես գրանցվել էր 9 թիմ, որոնցից եզրափակչում մնացել են 3-ը՝ «Ի-բոթը», «Առվակը», «Լայն Չեյսերը»:

«Ճապոնիայի կամ եվրոպական մի շարք երկրների համեմատությամբ, մենք շատ հետ ենք, բայց մեզ մոտ այս ոլորտում զարգացման քայլերն արագ են լինում եւ հետաքրքիրն այն է, որ բարդ խնդիրները հայ երիտասարդներն ավելի հեշտ են լուծում, քան պարզերը»,- կարծում է Մ. Նահապետյանը, նաեւ հավելում, որ կան երկրներ, որտեղ փողոցները մաքրում են ռոբոտները, հայելապատ բարձրահարկ շենքերի վրա էլ ոչ թե մարդիկ են բարձրանում, մաքրում, այլ՝ ռոբոտները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ գծին հետեւող ռոբոտն ամենապարզն է, մրցույթների պահանջները հետզհետե բարդացվում են: Այսօր Ամերիկյան համալսարանում տեղի կունենա իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտների եզրափակիչը: Այստեղ էլ ռոբոտները պետք է տարբերեն թենիսի գնդակներն ու հյութի տարաները եւ դասակարգեն դրանք համապատասխան փոսիկներում: 2 օրվա մրցույթների արդյունքում ժյուրին կորոշի հաղթողին: Նրա անունը հայտնի կլինի այսօր՝ մրցանակաբաշխության ժամանակ: Աշնանը կկայանա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը, իսկ տարեվերջին կհայտարարվի «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթը: Կ. Վարդանյանը գտնում է. «Թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով այսօր ռոբոտները լայնորեն կիրառվում են: Դա ամենաարագ աճող տեխնոլոգիական շուկաներից մեկն է՝ 5 մլրդ դոլարի հավասար»: Նրա փոխանցմամբ, ռոբոտները կարող են օգտակար լինել ռազմական ոլորտում, աղետների ժամանակ, ներքին գործերի նախարարությունը կարող է անօդաչու սարքերը օգտագործել ճանապարհների մոնիտորինգ անցկացնելու համար եւ այլն: «Երբ մեր երկրում էլ ունենանք համապատասխան պոտենցիալ, պատվերներ անպայման կլինեն»,- վստահ է նա:

Ժյուրիի անդամ ՀՊՃՀ մեքենաշինության ավտոմատացման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Խրիստաֆորյանը մրցույթների նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությունը ուրախալի է համարում: «Հայաստանի այսօրվա զարգացման մակարդակի համեմատությամբ երիտասարդները հաջող աշխատանքներ են կատարում: Մեր ամբիոնը ընդունելություն է կազմակերպում «Ռոբոտներ եւ ռոբոտատեխնիկական համակարգեր» բաժնում, ամեն տարի 18-20 ուսանող ենք պատրաստում: Չնայած դիմորդները վախենում են դիմել մեքենաշինական ֆակուլտետ՝ գծագրության շատ լինելու պատճառով, բայց եկողները փայլուն տիրապետում են ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներին»,- «Առավոտին» ասաց Ս. Խրիստաֆորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել