Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ» ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ԴԵ՞Մ

Մարտ 05,2011 00:00

ՀՀ քաղաքացու մուտքն արգելում են առանց բացատրության

\"\"Հայաստանի քաղաքացի Սերոբ Աղասյանը Ռուսաստանի բնակիչ է: Արդեն մեկ տարի է, ինչ ձեռք է բերել ժամանակավոր (3 տարի ժամկետով) գրանցում: Նախորդ ամիս էլ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող կնոջ ու դստեր հետ այցելեց Հայաստան եւ մեկ ամիս անց վերադարձավ: Մոսկվայի օդանավակայանում, սակայն, նրան տհաճ անակնկալ էր սպասվում: Նրան մի լավ հարց ու փորձ անելուց հետո, ճանապարհեցին այնտեղ, որտեղից եկել էր: «Անցագրային կետում ինձ տարօրինակ հարցեր էին տալիս, նույնիսկ կասկածի տակ առնելով՝ Հայաստանի քաղաքացի՞ եմ, թե՞՝ ոչ, կամ իրականում կնոջս ու երեխայիս հե՞տ եմ մեկնում: Անձնագրիցս բացի, պահանջեցին զինգրքույկս, ուսումնասիրեցին ու հրահանգեցին իրենց հետեւել՝ որոշակի հեռավորությամբ, կարծես թե հանցագործ էին բռնել»,- պատմում էր Ս. Աղասյանը: Նրա խոսքով, հարց ու փորձից հետո իրեն տարան մի սենյակ՝ լցված կովկասցիներով. «Տեղ ու դադար չկար, ումից հարցնում էի՝ ինչո՞ւ են այստեղ հավաքել, ոչ ոք չէր կարողանում պատասխանել: Մարդ կար, որ արդեն շաբաթներ այդ սենյակում էր անցկացնում: Բոլորը խոսում էին, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո կովկասցիների դեմ ներքին պայքար է սկսվել: Այդտեղ մի օր պահելուց հետո ինձ ճանապարհեցին Հայաստան՝ բացատրելով, որ վերադարձիս պատասխանը կարող եմ պարզել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից»: Ս. Աղասյանը հարցի պատասխանը, սակայն, չկարողացավ գտնել ոչ դեսպանատանը, ոչ էլ հյուպատոսարանում: Այստեղից նրան խորհուրդ տվեցին դիմել արտաքին գործերի նախարարություն, նախարարությունից էլ՝ անձնագրային ու վիզային վարչություն. «Այստեղ խախտումների մի ամբողջ ցուցակ ներկայացրին, որ տեսնեմ ինչ խախտում եմ արել, որ հետ են ուղարկել, բայց նշված խախտումներից եւ ոչ մեկը չէի արել: Թե ինչու են այդ դեպքում ինձ հետ ուղարկել, այստեղ էլ չկարողացան պատասխանել»: Պատճառն այդպես էլ չգտնելով, Ս. Աղասյանը որոշեց հիմա էլ Բելառուս մեկնել՝ հույս ունենալով այնտեղից Ռուսաստան գնալ, բայց այս անգամ էլ բախտը չբերեց՝ Բելառուսից էլ հետ ուղարկեցին: Նրա պատմելով, Մինսկի օդանավակայանում էլ նույն տարօրինակ հայացքներին ու վերաբերմունքին է արժանացել՝ ինչ Մոսկվայի օդանավակայանում. «Այստեղ էլ կենտրոնացան Ռուսաստանի դեպորտի վրա, մի քանի անգամ հարցրին, թե ինչո՞ւ Մոսկվան չի ընդունում ինձ ու էլի առանց բացատրության ճանապարհեցին»: Ս. Աղասյանը շարունակում է Հայաստանից մեկնելու ելքեր փնտրել՝ կնոջն ու երեխային միանալու համար. «Հայաստանն ապրելու տեղ չի, ինչքան էլ ինձ վռնդեն այլ երկրներից, էլի մտածելու եմ Հայաստանից գնալու մասին»:

Պաշտոնական տվյալներով, 1992-2010թթ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 1-1,1 միլիոն մարդ: Միգրացիայի պետական ծառայության տվյալներով, միգրանտների գերակշիռ մասը՝ մոտ 65%, նախընտրում է բնակվել Ռուսաստանում, քիչ չեն նաեւ Ամերիկա եւ Ուկրաինա մեկնողները: Պարզվում է՝ վերջին տարիներին կանանց համեմատությամբ՝ մեկնող տղամարդկանց թիվը երկու անգամ ավելացել է: Հեռացողները հիմնականում աշխատունակ տարիքում են՝ 30-50 տարեկան:

Արտագաղթի բարձր մակարդակով մտահոգված՝ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում գաղթի տեմպերը նվազեցնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ կառավարությունն արդեն համապատասխան ծրագիր է հաստատել: Ըստ դրա՝ նախատեսվում է բարենպաստ միջավայր ստեղծել հայրենիք վերադառնալ ցանկացողների համար: Միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն էլ մեզ հետ զրույցում կառավարության հաստատած ծրագրի վերաբերյալ մանրամասնեց. «Այս փաստաթղթում միգրացիային առնչվող բոլոր կարեւոր հարցադրումները ներառված են, այդ թվում՝ վերադարձի խթանումից մինչեւ միգրացիայի կանխարգելում: Աշխատանքային խումբը ներկայումս քննարկում է հայեցակարգի իրականացումն ապահովող գործողությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել