Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԿՅԱՆՔՆ ՈՒՐԱԽ, ԱՊՐՈՒՍՏԸ՝ ՁՐԻ»

Մարտ 05,2011 00:00

\"\"Ժողովրդական ասացվածքը Արմավիրի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը շատ ուղղակի է ընդունել:

«Առավոտը» քանիցս անդրադարձել է մարտի 20-ին Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Ընտրապայքար մտած հինգ թեկնածուներից ամենամեծ շանսերն ունի գործող քաղաքապետ, Հանրապետական Ռուբեն Խլղաթյանը՝ այն իմաստով, որ վերեւների «դաբրոն» ունի եւ իր վերընտրության ապահովման համար հանգիստ կարող է ծառայեցնել իր ձեռքում եղած բոլոր պետական-տեղական լծակները: Եթե հաշվի առնենք, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ ՀՀԿ-ի խոնարհ ծառան է եւ մարզային կառույցի ղեկավարը, ուստի պետական-մարզային լծակներն էլ են ծառայելու տեղական ինքնակառավարման համակարգում Հանրապետականի դիրքերն ամրապնդելու սուրբ գործին: Սպասելիքները սկսում են արդարանալ: Ըստ որոշ դիտարկումների՝ ընտրակեղծիքների ժանրում արդեն մասնագիտացած Ռուբեն Խլղաթյանն արդեն գործնական քայլերի է դիմել: «Առավոտի»՝ Արմավիրից ստացած տեղեկություններով, Խլղաթյանի ներկայացուցիչները տեղացիներին առաջարկում են 15-25 հազար դրամի դիմաց հանձնել անձնագիրը եւ ընտրությունների օրը նեղություն չքաշել տեղամաս հասնելու եւ քվեարկություն կատարելու համար: Հաշվարկը շատ պարզ է՝ 2-3 հազար անձնագիր կգնվի, մի 2-3 հազար էլ երաշխավորված ձայներ կան՝ Խլղաթյանի սեփականություն հանդիսացող շուկայի, գազալցակայանների եւ մի քանի այլ սեփականությունների աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների հաշվին: Կստացվի 5-6 հազար ձայն: Թեկնածուների քանակության պարագայում դա միանգամայն բավարար է քաղաքապետ դառնալու համար, չնայած նախորդ ընտրություններում Խլղաթյանը գերազանցեց ինքն իրեն՝ ցույց տալով 18 հազար ձայն իր օգտին, երբ սովորաբար Արմավիրում ընտրողների թիվը չի գերազանցում 13 հազարը: «Առավոտն» իր հրապարակումներից մեկում արդեն իսկ անդրադարձել է այն խոսակցություններին, որ քաղաքային բյուջեով քաղաքի փողոցների լուսավորության համար նախատեսված 50 միլիոն դրամը նվիրաբերվելու է «նախընտրական ծախսերին»: Ի դեպ, այս օրերին քաղաքի տարբեր մասերից լուսավորության հենասյուները հանվում եւ տեղափոխվում են մեկ այլ հատված. լուսավորության խնդիր լուծելու իմիտացիա է արվում: Մինչդեռ գումարները մսխվում են մարդկանց ընտրության իրավունքից զրկելու համար: Մարդիկ խոսում են, որ այս մեխանիզմն իրագործելու հարցում Խլղաթյանի օգնականն է լինելու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը: Ասում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներն արդեն իսկ ձեւավորվում են հիմնականում յուրայիններով: Ոչ յուրայինների մի մասին կկաշառեն, իսկ չկաշառվողներին կհեռացնեն տեղամասից՝ հայաստանյան ընտրակեղծարարության պատմության մեջ ամենատարածված պատճառաբանությամբ՝ հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու պատրվակով: Մնացյալն, ինչպես ասում են, տեխնիկական հարցեր են:

Քաղաքապետության տարիներին Ռուբեն Խլղաթյանի առաջին եկամտաբեր գործն, ասում են, Արմավիրի քաղաքային այգու զուգարանի կառուցումն էր: Իրականում հինգ քառակուսի մետր տարածք ունեցող այս կառույցը փաստաթղթերով մոտ 40 քառակուսի մետր է ներկայացվում՝ իր բոլոր հետեւանքներով: Հասարակական զուգարան կառուցելու համար քաղաքի խղճուկ բյուջեից ծախսվել է 35 մլն դրամ: Երեւան քաղաքի էլիտար շենքերը թերեւս կնախանձեին նման զուգարանին, քանզի մեկ քառակուսի մետրի համար ծախսվել էր մոտ 3000 ԱՄՆ դոլար: Խլղաթյանի, իբրեւ քաղաքապետի, հաջորդ «հաջողված» քայլը Արմավիր քաղաքի ջրամատակարարման ցանցի փոփոխումն է: Այդ շրջանում այս առիթով հնչեցրած «Առավոտի» ահազանգերը, ցավոք, չարժանացան պատկան մարմինների ուշադրությանը: Լինելով պատվիրատու՝ քաղաքապետ Խլղաթյանը միեւնույն ժամանակ կապալառու էր. մոնտաժային աշխատանքները իրականացնում էր Խլղաթյաններին պատկանող «Լեգենդա» ՍՊԸ-ն: Խլղաթյանի որոշմամբ նախագծով նախատեսված խողովակները փոխարինվել են Բաղրամյանի խոզաբուծարանի հնամաշ խողովակներով, իսկ նախատեսված դիտահորերի կոնստրուկցիաները՝ մի քանի անգամ օգտագործված մետաղներով: Չնայած իր մերձավորների մոտ այս առիթով Խլղաթյանը խոստովանում է, որ ավելի շատ «դուրս է տվել», քան օգտվել: Արմավիրցիները մինչ օրս իրենց տներում զգում են խոզերի բույրը եւ հրաժարվել են ծորակից հոսող ջուր խմելուց: Քաղաքապետի ջանքի շնորհիվ արմավիրցիները խմելու ջուրը գնում են դույլը 50 դրամով: Քաղաքապետի հաջորդ ձեռքբերումը 2010 թվականին իրագործված քաղաքի կենտրոնական՝ Հանրապետության փողոցի մայթերը սալիկապատելն էր: Սեփական հանքից բերված ավազով եւ սեփական «Լեգենդա» ընկերության կողմից պատրաստված սալիկների համար Արմավիրի բյուջեից ծախսվել է 81 մլն դրամ: Տեղացիները պնդում են, որ վերանորոգված այդ կենտրոնական փողոցը բարվոք վիճակում էր, եւ եթե Խլղաթյանը լավ բան էր ուզում անել քաղաքի համար, ապա թող վերանորոգեր անանցանելի դարձած քաղաքի բազմաթիվ փողոցներից գոնե երկուսը: Գործող քաղաքապետի համար բավականին մեծ եկամտի աղբյուր է նաեւ Արմավիրի զբոսայգին: Չնայած նրան, որ կառավարության կողմից արդեն իսկ հաստատված էր Արմավիրի նոր գլխավոր հատակագիծը, այգու որոշ հատվածներ վաճառված են: Ասում են, որ մի «յուղալի» հողակտոր էլ այդ հատվածում ունի Խլղաթյանի մոտ ընկեր, մեկ այլ Հանրապետական Ռուբեն Հայրապետյանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել