Երեկ, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում (հայտնի 4-րդ գյուղ) ինքնասպանություն է տեղի ունեցել։ Մեկնելով դեպքի վայր՝ փոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, նշված թաղամասի 4-րդ փողոց 26 տան ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերում է 33-ամյա Վոլոդյա Սարգսյանի դին։
Մեզ հետ զրույցում հարեւանները հայտնում էին, որ Վ. Սարգսյանը մի քանի ամիս առաջ ազատվել է ոստիկանության համակարգից։ «Առավոտի» տեղեկություններով՝ նա որպես շարքային ոստիկան աշխատել է ոստիկանության պետական պահպանության միավորման «Մալաթիայի պահպանություն» միավորումում։ Նրա նկատմամբ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։ Նա կասկածվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ։ ՀՔԾ քննիչի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բնակության վայրից չբացակայելը, եւ ազատ էր արձակվել։ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ինքնասպանության դրդապատճառները կպարզի քննչական մարմինը։ Քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։