Լրահոս
Օրվա լրահոսը

IB ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԱՐՈ՛Ղ Է ԼԻՆԵԼ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

Մարտ 05,2011 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 2-ին նամակով դիմել էր Միջազգային Բակալավրիատ կազմակերպության (IBO) գլխավոր տնօրեն Ջեֆրի Բիարդին: Նամակում նշված էր. «Խնդրում եմ ճշտեք, թե արդյոք Հայաստանի IB դպրոցներում կարո՞ղ է հայերենը լինել դասավանդման հիմնական լեզու բոլոր առարկաների համար, բացառությամբ օտար լեզուների, եւ արդյոք նրանք կարո՞ղ են սովորել հայերեն լեզու եւ գրականություն՝ որպես առանձին առարկա»:

Փետրվարի 17-ին IBO-ի Աֆրիկայի, Եվրոպայի, Միջին Արեւելքի տարածաշրջանային տնօրեն Ադրիան Քիարնին պատասխանել է այս նամակին ու մասնավորապես նշել, որ IB-ն ունի 3 ծրագիր՝ տարրական ծրագիր (3-12 տարեկաններ), միջին տարիների ծրագիր (11-16 տարեկաններ), դիպլոմային ծրագիր (16-19 տարեկաններ). «Պաշտոնական աշխատանքային լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը եւ իսպաներենը: Մեր դպրոցների մեծամասնությունը որպես ուսուցման լեզու օգտագործում է սրանցից մեկը: Դպրոցները կարող են լիազորվել ուսուցում կազմակերպել նաեւ այլ լեզուներով (տարրական եւ միջին տարիների ծրագրերում): Այնուամենայնիվ, կան հատուկ պայմաններ, ու դպրոցները պետք է դիմեն տարածաշրջանային գրասենյակին՝ հաստատման համար: Պայմաններից մեկն է, որ ծրագրի համակարգողը պետք է լավ իմանա աշխատանքային լեզուներից որեւէ մեկը, եւ միջին տարիների ծրագրի առնվազն 1 ուսուցիչ յուրաքանչյուր 8 առարկաների խմբերից մեկը պիտի դասավանդի աշխատանքային լեզուներից որեւէ մեկով: Ի հավելումն՝ միջին տարիների ծրագրերի բոլոր սովորողների աշխատանքները, որոնք պետք է ներկայացվեն IB վերահսկման եւ սերտիֆիկացման համար՝ պետք է լինեն աշխատանքային լեզուներից որեւէ մեկով:

Դիպլոմային ծրագրի համար բոլոր տեսակի գնահատումները՝ արտաքին եւ ներքին, պետք է լինեն անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն: Սա շատ բարդ մինչհամալսարանական ծրագիր է՝ նախապատրաստելու ուսանողներին պահանջվող գրավոր ու բանավոր քննություններին եւ կուրսային այլ աշխատանքին: Եվ IB-ն գտնում է, որ սա լավագույնս կիրականացվի աշխատանքային լեզուներից որեւէ մեկով ուսումնառությամբ եւ ուսուցմամբ: Ուստի հայերենի՝ որպես բոլոր ոչ լեզվական առարկաների ուսուցման լեզու օգտագործելը հարց է, որը կարիք ունի հետագա քննարկման, քանի որ դա հավանական է՝ ազդեցություն կունենա սովորողների գնահատման վրա, որը լինելու է անգլերեն: Բացի դրանից՝ հիմնական շատ նյութերը եւ ուսուցչի աջակցության IB ձեռնարկներն անգլերեն են:

Մենք խորհուրդ ենք տալիս հաշվի առնել անգլերեն լեզվի զարգացումը ուսումնական ծրագրի ամբողջ ընթացքում, որպեսզի սովորողները բավարար հմտություն ունենան մասնակցելու IB ծրագրին եւ հաջողության հասնելու: Դիպլոմային ծրագրի բոլոր սովորողները պետք է ամեն տարի ուսանեն մեկ լեզու մայրենի լեզվի մակարդակով (Ա լեզու): IB-ն կարող է առաջարկել դասընթացներ հայերեն Ա մակարդակում»: Նամակում հույս է հայտնված շարունակել երկխոսությունը Հայաստանում IB զարգացման շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել