Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր՝ Սոչիում

Մարտ 05,2011 00:00

Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումից առաջ կողմերի  ներկայացուցիչները «սովորական» հայտարարություններ են արել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկա են լինելու մարտի 5-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Իսկ թե կոնկրետ ինչ է խոսվելու այդ հանդիպման ժամանակ, լինելո՞ւ են նոր պայմանավորվածություններ, թե՞ այս հանդիպումը եւս դասվելու է հերթականների շարքին, դեռ քչերին է հայտնի, համենայնդեպս, վերլուծողները կարծիք են հայտնում, որ չի լինելու ոչ մի աշխարհացունց որոշում, ոչ մի էական շրջադարձ եւ նորություն:

Իսկ նույն Սոչիի հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահի վարչակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվության ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը, մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, հույս է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ առաջընթաց կգրանցվի. «Մենք հուսով ենք, որ Հայաստանը կհրաժարվի ոչ կառուցողական ու ոչ իրատեսական դիրքորոշումից եւ իր զորքերը դուրս կբերի Ադրբեջանի գրավված հողերից»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան: Նաեւ ասել է, թե «Ադրբեջանը շարունակում է բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն յուրաքանչյուր բանակցություն իր չափաբաժինն ունի, այդ պատճառով էլ Ադրբեջանի պարտքն ու իրավունքն է հակամարտության լուծման այլընտրանքային ճանապարհներ գտնելը։ Ադրբեջանը չի կարող բավարարվել միջազգային կազմակերպությունների տարբեր հայտարարություններով՝ կապված ղարաբաղյան հակամարտության լուծման հետ։ Միջազգային այդ կազմակերպությունները քաղաքական կամք պետք է դրսեւորեն, որպեսզի Հայաստանին ստիպեն իր զորքերը դուրս բերել ադրբեջանական գրավված տարածքներից»։ Սա ադրբեջանցու դիրքորոշումն է, իսկ մենք՝ հայերս, մտածում ենք՝ սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, թե Սոչիում կայանալիք հանդիպումը գործընթացի ներկա փուլում դիրքորոշումները հստակեցնելուն ուղղված քայլ է Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, ինչպես նաեւ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների հետ դետալները համաձայնեցնելու համար է. «Եթե Ադրբեջանի վերջին շրջանի դիրքորոշումների վերլուծություն անցկացնենք, ապա կտեսնենք, որ որեւէ հուսադրող բան չկա, թե Ադրբեջանը թույլ կտա, որ բանակցային գործընթացը առաջ շարժվի: Այդ երկրի ապակառուցողական մոտեցումը, պատերազմի մասին սպառնալից հայտարարությունները, բանակցային գործընթացն ամեն կերպ ձախողելու փորձերը խոսում են այն մասին, որ բանակցային գործընթացում ձեռք բերված համաձայնությունները ամենեւին Ադրբեջանի սրտով չեն: Ուստի, երեք հայտնի սկզբունքներից եւ դրանցով պայմանավորված եւ հայտնի դարձած բանակցային դետալներից Ադրբեջանը չէր ընտրի միայն մեկը, այն էլ՝ ամենավերջին տարբերակը, եւ չէր փորձի իր դիրքորոշումը կառուցել միայն դրա վրա: Այս պահին ուղղակի անհեթեթություն է Ադրբեջանի կողմից նման բան հայտարարելը, թե Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի: Նախ՝ բազմիցս ենք ասել, որ Հայաստանը զորքերի խնդիր չունի, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը ամբողջովին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունք է, եւ ներկայումս այդ տարածքները հանդիսանում են ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման եւ խաղաղության պահպանման օղակ: Սրա մասին եւս բազմիցս ենք ասել»։

Սոչիում այսօր կայանալիք հանդիպումից պարոն Զաքարյանը հատուկ ակնկալիք չունի. «Առանձնապես նոր ակնկալիք չունեմ, ուղղակի այդ հանդիպումը լրացուցիչ հնարավորություն է՝ հույս ունենալ, որ Ադրբեջանը վերջապես կհայտարարի իր պատրաստակամության մասին՝ առաջ շարժվել ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել