Իսկ եթե ոչ՝ ո՞ր օրենքով էին ոստիկանները խոչընդոտում այդ տարածքում մարտի 3-ին ցույց անցկացնելու փորձին:
Երեկ «Հայացք» ակումբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում մեր ոստիկանությանը, որովհետեւ երեկ մեզ մոտ չհայտնաբերեցին ո՛չ զենք, ո՛չ զինամթերք, ո՛չ ատոմային ռումբ ու նույնիսկ մեկ փայտ էլ չգտան, այսինքն՝ որեւէ մեկը՝ նույնիսկ իրենք, չեն կարող ասել, որ սա խաղաղ, ոչ բռնի բողոքի ակցիա չի եղել: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ ոստիկանության կողմից նկարահանող անձանց, որոնց կադրերում հստակ երեւում է, որ ես ասում եմ, որ դուք օրենք եք խախտում եւ իրավունք չունեք ապօրինի դիպչել պատգամավորին, քաղաքացուն»: Նա պնդեց, թե ինքը չէր արել որեւէ քայլ, որը նախորդած կլիներ ոստիկանների ապօրինի գործողություններին:
Իսկ ապացուցելու համար, որ ոստիկանների գործողություններն ապօրինի էին՝ Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի հետեւյալ դրույթները. «Արգելվում է՝ ժողովների, հանրահավաքների եւ ցույցերի անցկացումը կամուրջների վրա, թունելներում, ստորգետնյա տարածքներում, էներգետիկայի օբյեկտների, ջրային համակարգերի, երկաթուղու, օդանավակայանների անվտանգության գոտիներում»: Օրենքով նաեւ արգելվում է «Այնպիսի հրապարակային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, որոնք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն»: Այս ամենն ընթերցելուց հետո պրն Մարտիրոսյանը խնդրեց հստակեցնել. «Հանրապետության հրապարակի գորգը ստրատեգիական նշանակության տարա՞ծք է, այս օրենքով, այս սահմանափակումներով ենթադրվող որեւէ տարա՞ծք է: 10-15 կանանցից ո՞ր մեկն էր կրոնական, ռասիստական կամ բռնի գործողությունների կոչ անում: Եթե կառավարությունից պահանջում են հանապազօրյա հաց վաստակելու իրավունք ունենալ՝ դա ո՞ր մի օրենքով է արգելվում»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց. «Գիտեք, որ ԵԱՀԿ-ն անցկացնում է սեմինարներ եւ ծրագրեր է իրականացնում ոստիկանության հետ: Ըստ երեւույթին, դեռ չեն հասել այդ սեմինարներում ու ծրագրերում այն պարզ իմացություն հնարավորության պահին, երբ որ ոստիկանները պետք է իմանան, որ այլեւս սովետական ամբողջատիրական կարգեր չեն, եւ ոստիկանները բոլորովին այլ խնդիրներ են ստանձնել իրենց վրա օրենքով»:
Նույն խնդիրն ԱԺ ճեպազրույցների ընթացքում երեկ արծարծել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ ակնարկելով «Ուրվագիծ» հաղորդաշարին Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի հարցազրույցը. «Ես տեղյակ եմ, որ ոստիկանության առաջնորդներից հեռուստաելույթներ են ոմանք ունեցել։ Ինքս չեմ տեսել, բայց որքան հասկանում եմ, արդեն ոստիկանությունը սկսում է հասարակությանը դասեր տալ՝ ի՞նչ կարելի է ասել կառավարությանը, ի՞նչ կարելի է պահանջել, իսկ ի՞նչ չի կարելի պահանջել։ Քաղաքական գնահատականներ են սկսում ոստիկանները տալ ընթացող գործընթացներին։ Սա հավանաբար Սահմանադրության եւ օրենսդրության հետ ծանոթ չլինելու հետեւանքն է, որովհետեւ ոստիկանության խնդիրը մեզ դասեր տալը չէ, այլ կարգուկանոն հաստատելը»: Նաեւ հավելել է. «Այն, ինչ մենք տեսանք, ակնհայտորեն ցույց է տալիս, որ իրենց վերապահված գործառույթներից շատ ավելին են իրենց թույլ տվել, եւ դա ապացուցվում է հենց ելույթներով: Հավանաբար, ոստիկանության մեջ կան մարդիկ, որոնք կարծում են, որ իրենց դերը հասարակության մեջ լուրջ քաղաքական է, եւ նրանք իրավունք ունեն գնահատականներ տալու եւ որակումներ տալու այս կամ այն քաղաքական ուժի վարքին: Օրինակ, մեզ էլ խորհուրդներ են տալիս, որ մենք շտապեցինք մեր հայտարարությունն անելով: Չես իմանում, հարցնե՞ս՝ տո, դու ո՞վ ես, ախր»:
Տեղի ունեցած բռնությունը նախօրեին պաշտպանելու փորձ էր արել ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ Neonews.am-ին ասելով. «Երթի ժամանակ մարդը հայհոյախառն բառապաշարով դիմում է ոստիկանին եւ կոչ անում չենթարկվել, հրաման չկատարել»: Արմեն Մարտիրոսյանն այս կապակցությամբ ասաց, թե խնդրում է ցուցադրել որեւէ կադր, որտեղ «ես կոչ եմ անում օրենքը խախտել»: Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ճեպազրույցում այլ գնահատական է հրապարակել. «Շատ ցավալի է, որ նման միջադեպեր են լինում: Խորհրդարանականները վրդովված են եւ գտնում են՝ անկախ հանգամանքներից՝ անհրաժեշտ է պատգամավորների նկատմամբ պատշաճ վերաբերմունք ունենալ»:
Հ. Գ. «Ժառանգության» ասուլիսին ներկա էին միջադեպի մասնակից՝ նախկինում բացօթյա առեւտրով զբաղված Նարինե Վարդանյանը եւ Հեղինե Պողոսյանը, որոնք ցուցադրեցին ՀՀԿ-ի իրենց անդամատոմսերը: «Ես հանրապետական եմ: Այսօր իմ պրոբլեմի կողքին «Ժառանգության» պատգամավորն է կանգնած: Իմ ընտրած պատգամավորը թքա՛ծ ունի ինձ վրա»,- ասաց Նարինե Վարդանյանը: