Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՏՊԱԳՐՎԱԾԻՆ

Մարտ 04,2011 00:00

Անցած տարվա դեկտեմբերի 23-ի համարում «Առավոտը» տպագրել էր «Ես հավատք ունեմ, ապառաժ հավատք…» խորագրով իմ հոդվածը, որը նվիրված էր Մեծ եղեռնի անմեղ զոհերից մեկին՝ հրապարակախոս եւ հասարակական գործիչ, ՀՕՄ-ի հիմնադիր Խաչատուր Մալումյանի (գրական կեղծանունը՝ Էմանուել Ակնունի) ծննդյան 150-ամյակին: Հոդվածի առթիվ արձագանքները շատ էին, հատկապես Մալումյանի ծննդավայր Մեղրիից, թեեւ այնտեղ նրա ազգականներից արդեն ոչ ոք չի ապրում, եւ նրա զարմիկ Ժորա Մալումյանի մահից հետո այդ ազգանունը այլեւս չի հնչում: Անակնկալ եղավ. ինձ զանգեց Մալումյանի եղբոր թոռնուհին՝ Լարիսա Եսայանը, որին հաջողվել էր կապ հաստատել ինձ հետ «Առավոտի» աշխատակցուհու օգնությամբ: Մեր հանդիպումից հետո բավականին անհայտ էջեր Ակնունու կյանքից ինձ համար առավել պարզ դարձան: Ակնունին ունեցել է մի քույր՝ Շուշանիկը եւ երկու եղբայր՝ Հովակիմն ու Արտեմը: Հովակիմը ունեցել է 3 դուստր եւ 1 տղա: Տղային՝ Մկրտիչ Մալումյանին կանդրադառնանք քիչ ուշ, իսկ աղջիկներից Հասմիկին արժե ներկայացնել, որովհետեւ տիկին Լարիսայի մայրն է: Նա Մեղրիում ավարտել է միջնակարգը, ապա Երեւանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը: Հասմիկ Մալումյանը Մեղրիում ծանոթանում եւ ամուսնանում է Հայկազ Եսայանի հետ, ով ծնունդով Եղեգնաձորի Մալիշկա գյուղից էր եւ ավարտելով Երեւանի համալսարանի պատմության ֆակուլտետը, գործուղվել էր Մեղրի եւ նշանակվել դպրոցի տնօրեն: Ամուսնանալուց մի քանի տարի հետո նրանք տեղափոխվում են Եղեգնաձոր: Հ. Եսայանը նշանակվում է Եղեգնաձորի ժողկրթբաժնի վարիչ: Նրանք ունեցել են 2 դուստր: Տիկին Լարիսան ծնվել է 1939թ. եւ նույն տարում սկսվել է ռուս-ֆիննական պատերազմը: Ունենալով պատերազմ չմեկնելու արտոնություն, Հ. Եսայանը կամավոր մեկնում է ռազմաճակատ: Մեկ տարի հետո նա վերադառնում է պատերազմից: Սկսվում է Մեծ հայրենականը, եւ նա կրկին կամավոր բանակ է մեկնում՝ դարձյալ չօգտվելով արտոնությունից: 1944թ. աշնանը նա զոհվել է, իսկ մայրը միայնակ դաստիարակել, կրթության է տվել դուստրերին եւ մահացել 1971թ.-ին:
Մալումյանի միակ եղբորորդուն՝ Մկրտչին 30-ական թվականներին հաջողվել է փախչել Իրան, խուսափելով հալածանքներից, բռնություններից եւ աքսորից: Նա Իրանից մեկնել է Ֆրանսիա, ստացել կրթություն եւ Փարիզում ճանաչված բժշկի համբավ է ունեցել: Որպես այդ փաստի վկայություն, պատերազմից հետո ֆրանսիական կառավարությունը նրան գործուղել է ԽՍՀՄ՝ բուժելու Կրեմլյան բարձրաստիճան ղեկավարներից մեկին՝ Կալինինին: Բուժումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ եւ ի նշան շնորհակալության, բժշկին առաջարկվում է հայտնել որեւէ ցանկություն, որն անմիջապես կիրականացվի: Նա խնդրում է թույլատրել իրեն Հայաստան մեկնել եւ իր քույրերին հանդիպել: Համաձայնությունը տրվում է: Անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ նրան 1 օրով բերում են Երեւան եւ կանգնեցնում ներկայումս Թումանյան փողոցում գործող մանկական «Հեքիաթ» սրճարանի շենքի դիմաց, որտեղ ապրում էր նրա քույրը՝ Աշխեն Մալումյանը: Անվտանգության աշխատակիցը բարձրանում է վերեւ եւ քրոջը հայտնում եղբոր ցանկության մասին: Վախեցած քույրը բացում է պատուհանը, տեսնում փողոցում կանգնած եղբորը եւ ձեռքով ողջունում է նրան: Հետագայում քույրերին չի հաջողվում այլ տեղեկություններ ստանալ իրենց եղբոր մասին: Վերջին տարիներին միայն Ֆրանսիայից վերադարձած ծանոթ զբոսաշրջիկներ տիկին Լարիսային պատմել են, որ Պեր Լաշեզ գերեզմանատանը, ուր նրանք այցելել են զորավար Անդրանիկի հուշարձանին, տեսել են «Տեր եւ տիկին Մալումյաններ» մակագրությամբ հայատառ մի տապանաքար: Տիկին Լարիսան համոզված է, որ այդտեղ թաղված է իր քեռին, իսկ նրա զավակների մասին տեղեկություն ստանալը կլինի իր մեծ երազանքի իրականացումը: Նա նաեւ վստահ է, որ իր պապիկի եղբոր անունը չի մոռացվի, եւ նոր սերունդը միշտ կհիշի մեր այսօրվա նկատմամբ դեռեւս 100 տարի առաջ ապառաժ հավատք ունեցող մարդուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել